Այսօր նախապես հայտարարված դռնբաց նիստերը լուսաբանելու համար Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) գնացած լրագրողները չեն կարողացել կատարել իրենց աշխատանքային ու մասնագիտական պարտականությունները: Դատական դեպարտամենտի կարգադրիչները խոչընդոտել են նրանց մուտքը ԲԴԽ նիստերի դահլիճ, ուր պետք է հրապարակվեին մի շարք դատավորների նկատմամբ կայացված կարգապահական պատասխանատվության վերաբերյալ որոշումները:
Կենդանի պատ կազմած կարգադրիչները, երբեմն լրագրողների վրա իրենց ձայնը բարձրացնելով, արգելել են վերջիններիս բարձրանալ նիստերի դահլիճ՝ պատճառաբանելով, թե տեղերը լրացած են, և նստելու տեղ չկա:
Թեպետ նիստերի դահլիճում տեղերն ըստ էության լրացված են եղել Դատական դեպարտամենտի աշխատակիցներով ու Կարեն Անդրեասյանի և նրա թիմի մտերիմներով, քանի որ 11:00-ին նշանակված առաջին նիստի մեկնարկից մեկ ժամ առաջ ԲԴԽ գնացած որևէ լրագրող կուտակում չի տեսել ԲԴԽ շենքի մուտքի մոտ, այնուամենայնիվ, լրագրողները համաձայն էին բարձրանալ նիստերի դահլիճ ու կանգնած լուսաբանել նիստը, սակայն Դատական դեպարտամենտն անդրդվելի էր: Եվ սա այն դեպքում, երբ լրագրողն ընդամենը հանդիսատես չէր, ու Դեպարտամենտը պարտավոր էր ապահովել աշխատելու համար ԲԴԽ եկած լրագրողների անխոչընդոտ մուտքը նիստերի դահլիճ:
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԲԴԽ-ում լրագրողների աշխատանքը միտումնավոր կերպով, առանց բավարար հիմքերի խոչընդոտելու դեպքը:
Կարդացեք նաև
Առաջիկայում պատրաստվում եմ դիմել նաև ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ ԲԴԽ-ում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու առերևույթ փաստի առնչությամբ:
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ
Սաթիկ Սեյրանյան