«Հավերժ հիշատակ» ՓԲԸ-ի տնօրեն Էդուարդ Բաղրամյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Գյումրու երեք գերեզմանոցներում՝ թիվ 1, թիվ 2 և Շիրակ համայնքի հարևանությամբ գտնվող «Շիրակում» տեսախցիկներ են տեղադրելու։
Ըստ պաշտոնյայի, Գյումրու գերեզմանատներում պահակների հաստիքներ չկան, քանի որ քաղաքի բյուջեն հնարավորություններ չունի։
Պահակներ պահելու համար ահռելի մեծ ծախսեր են պահանջվում, Էդուարդ Բաղրամյանի հաշվարկներով, առնվազն 8 պահակ է անհրաժեշտ, այսինքն՝ տարեկան առնվազն 8 միլիոն դրամ գումար։
Էդուարդ Բաղրամյանի փոխանցմամբ, այդ նպատակով էլ կտեղադրեն տեսախցիկներ, թեև սրանք ևս ծախսատար են ու կան որոշակի տեխնիկական խնդիրներ, օրինակ՝ գերեզմանոցում հոսանք, կապ, սյուներ պետք է լինեն, այս ամենը ոչ բոլոր տեղերում կա։
Կարդացեք նաև
«2-րդ և «Շիրակ» գերեզմանատները միասին 30 հեկտար տարածք են զբաղեցնում, առնվազն 10 տեսախցիկ է պետք»,- ասաց Էդուարդ Բաղրամյանը։
Ըստ նրա, թեև գերեզմանոցները համարում են սրբատեղիներ, բայց շատ են սրբապղծության դեպքերը, գողություններ են տեղի ունենում, բացի այդ՝ երբեմն կենցաղային աղբը բերում ու գերեզմանոցում են լցնում։
Հիշեցնենք՝ Aravot.am-ը բազմաթիվ փաստեր է հրապարակել Գյումրիում հանգուցյալի շիրիմների վրա նոր հանգուցյալների հուղարկավորելու մասին, որոնց առիթով էլ նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ