Լրահոս
Օրվա լրահոսը

20.000 դոլար գումարի շորթման համար մեղադրվող «օրենքով գողը» Չեխիայից հանձնվել է ՀՀ-ին և կալանավորվել

Հուլիս 03,2023 17:54

Դեռևս 2016թ. ապրիլին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում հայտնաբերվել և շորթում կատարելու մեղադրանքով կալանավորվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վրաստանի քաղաքացի Վ.Ա.-ն, 2016թ. մարտին գտնվելով Հայաստանում, մարտի 26-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գործող ռեստորաններից մեկում մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ներկայանալով որպես «օրենքով գող», բռնություն է գործադրել իր հանձնարարությամբ ռեստորան կանչված ՀՀ քաղաքացի հանդիսացող անձի նկատմամբ, հնչեցրել վերջինիս ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիք՝ պահանջելով իրենց հանձնել առանձնապես խոշոր չափերով՝ 9 600 000 ՀՀ դրամին համարժեք 20 000 ԱՄՆ դոլար գումար։ Այնուհետև տեղեկանալով, որ վերջինս ռեստորան է եկել «Ռենջ Ռովեռ Սպորտ» մակնիշի ավտոմեքենայով՝ նշված անձինք պահանջել են դրա բանալիները՝ որպես պահանջվող գումարն իրենց հանձնելու երաշխիք: Քաղաքացին, այլընտրանք չունենալով, Վ.Ա.-ի համառ պահանջով հանձնել է ավտոմեքենայի բանալիները, որից հետո ավտոմեքենան Կոմիտասի պողոտայի համապատասխան կայանատեղիից տեղափոխվել է նշված ռեստորանի հետնամաս, իսկ քաղաքացին հեռացել է։

Ձեռք բերված փաստերի հիման վրա 2016թ. մայիսի 5-ին որոշում է կայացվել Վ. Ա.-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով /համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին/ որպես մեղադրյալ ներգրավելու մասին և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար, որը բավարարվել է։ Վ. Ա.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Վերջինս հայտնաբերվել և արգելանքի է վերցվել Չեխիայի Հանրապետությունում։ Ապա իրավական համապատասխան գործընթացի արդյունքում նա 2023թ. հունիսի 30-ին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։

Վ.Ա.-ին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածով, և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կիրառված կալանքի հարցը վերստին քննարկելու մասին։ Դատարանի որոշմամբ՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 1 ամիս ժամկետով։
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31