Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննարկում ենք Երևանի դպրոցները ևս ներառելու հարցը». «Դպրոցական սնունդ» ծրագիրն ազգայնացվել և փոխանցվել է կառավարությանը

Հուլիս 03,2023 17:37

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ՀՀ կառավարությանն է փոխանցել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հետագա կառավարումը և իրականացումը:

«Դպրոցական սնունդ» ծրագիրը, որն ավելի քան 13 տարի գործընկերների համագործակցությամբ  իրականացվում էր ՀՀ մարզերում,  այսուհետ ամբողջությամբ կկատարվի պետական բյուջեի միջոցներով:

Ծրագրի փոխանցման հանդիսավոր միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթը, ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաունը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վլադիմիր Չերնիգովը, ինչպես նաև ՀՀ այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ միջազգային և պետական տարբեր կառույցներից:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, շնորհավորելով ներկաներին, նշել է, որ ամփոփվում է կատարված մեծ աշխատանքը, որով նաև հետագա անելիքների նոր փուլ է ազդարարվում: Նախարարի խոսքով` վերջին երկու տասնամյակների ընթացքում  «Դպրոցական սնունդը» Հայաստանում սոցիալական պաշտպանության փորձնական ծրագրից վերածվել է մարդկային կապիտալի զարգացման հարթակի՝ խթանելով կրթության որակի բարելավումը և առողջ ապրելակերպը: Նա շնորհակալություն է հայտել գործընկերներին արդյունավետ համագործակցության համար և փաստել՝ ՀՀ-ում իրականացվող «Դպրոցական սնունդը» ծրագիրը կարող է մոդել և լավ օրինակ դառնալ այլ երկրների համար:

«Շատ կարևոր է, որ ըստ պլանավորվածի՝ ավարտել ենք ծրագրի ամբողջական փոխանցումը պետությանը. 2023 թվականի հունվարից ՀՀ 10 մարզերի 1-ից 4-րդ դասարանների  100 հազարից ավելի երեխաներ սնունդ ստանում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Մենք, բնականաբար, կարիք ունենք զարգացնելու մեր ունեցած արդյունքները. մասնավորապես՝ ծրագրի մաս չի կազմում Երևանը, և քննարկում ենք մայրաքաղաքի դպրոցները ևս ծրագրում ներառելու հարցը, ինչը թույլ կտա շուրջ 50 հազարով մեծացնել ծրագրի շահառու երեխաների թիվը: Կարծում եմ՝ հաջորդ տարի արդեն կսկսենք Երևանի դպրոցները ծրագրում ներառելու գործընթացը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը նաև ընդգծել է, որ ծրագրի նպատակը միայն երեխաներին տաք սննդով ապահովելը չէ. այն ունի նաև շատ կարևոր այլ բաղադրիչ՝ թույլ է տալիս դպրոցի շուրջ միավորել համայնքի ջանքերը՝ առողջ սնունդը և ապրելակերպը դպրոցական բաղադրիչում ներառելու և դրա միջոցով հանրային վարքականոն ձևավորելու տեսանկյունից: Ծրագիրը ներառվել է «Առողջ ապրելակերպ» դասընթացի շրջանակում, և երեխաները նաև սովորում են առողջ և ճիշտ սնվել, գործնական ուսուցում և տեսական դասընթաց անցնում:

Նախարարի խոսքով՝ գնաճով պայմանավորված՝ որոշակի վերանայումներ է իրականացվել, և ճաշացանկում կատարվել է փոփոխություն. «Դպրոցական ճաշացանկում 20 հիմնական սննդամթերք է ներառված, երկշաբաթյա ճաշացանկ է հաստատվում՝ հենց այդ 20 սննդամթերքի օգտագործմամբ»:

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, մատնանշելով ծրագրի կարևորությունը, նշել է, որ այս տարիներին  ծրագրի աջակցությունը եղել է ոչ միայն ֆինանսական, այլ նաև տեխնիկական, մեթոդական  և կադրերի պատրաստման հարցում. «Ծրագիրն աշխատում է շատ լավ մեխանիզմով և ունի մեծ ներուժ, ինչն էլ առիթ դարձավ, որ Ռուսաստանի Դաշնությունն  աջակցի այս կարևոր նախագծի իրականացմանը: Վստահ եմ, որ ռուսական աջակցությունը ծրագրի իրականացման և կատարելագործման հարցում  շարունակվելու է մեր երկու երկրների ամուր համագործակցությունը շնորհիվ»:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթն ասել է, որ 2016 թվականից սկսած՝ «Դպրոցական սնունդ»  ծրագրի իրականացումը բոլոր 10 մարզերում աստիճանաբար փոխանցվել է ՀՀ կառավարությանը, սակայն ՊՀԾ-ն շարունակում է ծրագրին տեխնիկական աջակցություն և ռեսուրսներ տրամադրել՝ ծրագրում ներգրավված դերակատարների  հմտություններն ու կարողությունները բարելավելու  նպատակով:

Նշենք նաև, որ «Դպրոցական սնունդ» ծրագիրը մինչ այս իրականացվել է  ՀՀ կառավարության, «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի (SFCWA), Ռուսաստանի Դաշնության սննդի ճյուղային ինստիտուտի (SIFI), ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և նրա տեխնիկական գործընկերների հետ ռազմավարական համագործակցության արդյունքում:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31