Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ԽՎ-ն պետք է ավելի ակտիվ լինի մեր տարածաշրջանում կազմակերպության դերի ամրապնդման գործում. Սարգիս Խանդանյան

Հուլիս 03,2023 17:33

ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամները Կանադայի Վանկուվեր քաղաքում մասնակցել են Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 30-րդ նստաշրջանի աշխատանքներին: ԵԱՀԿ ԽՎ քաղաքականության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«Պարո՛ն նախագահ, ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Կաշյունասին զեկույցի եւ բանաձեւի պատրաստման համար:

Ցավոք, Բիրմինգհեմի հռչակագրի ընդունումից հետո Հարավային Կովկասում եւ Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը շարունակում է վատթարանալ: Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ենթարկվել է դաժան ագրեսիայի, ինչը հանգեցրել է մեր ինքնիշխան տարածքի մի մասի օկուպացիայի: Այս բռնությունները դադարեցվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների ակտիվ միջամտության շնորհիվ:

Ամեն օր Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը, գնդակոծում մարտական դիրքերը, քաղաքացիական ենթակառուցվածքներն ու Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակչությանը: Վերջերս Ադրբեջանը նաեւ սկսել է թիրախավորել իմ երկրի տնտեսական զարգացումը՝ գնդակոծելով ամերիկյան ներդրումներով կառուցվող մետալուրգիական գործարանը:

Բարեբախտաբար, այժմ Հայաստանի սահմանի երկայնքով գործում է հրադադարի ռեժիմի խախտումներն ու սահմանային լարվածությունն արձանագրող եւ այդ մասին այս վեհաժողովի անդամ մի շարք երկրներին զեկուցող մեխանիզմ: Խոսքը Հայաստանում 2 տարի ժամկետով տեղակայված Եվրոպական միության քաղաքացիական մոնիտորինգային առաքելության մասին է, որի նպատակն է նպաստել սահմանամերձ շրջաններում կայունությանը, ինչի համար ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել ԵՄ բոլոր անդամ երկրներին առաքելություն ծավալելու համաձայնության համար եւ հատկապես Ավստրիային, Ռումինիային, Սլովակիային, Լատվիային, Լիտվային եւ Էստոնիային՝ այս որոշման կայացման գործում իրենց ակտիվ ներգրավվածության համար:

Նույն մեխանիզմը Եվրամիության կողմից առաջարկվել է նաեւ Ադրբեջանին, սակայն վերջինս հրաժարվել է ընդունել այն: Գուշակեք, թե ինչու: Այս փաստը հստակ ցույց է տալիս, թե ով է ագրեսորն այս հակամարտության մեջ:

Հարգելի՛ գործընկերներ, քանի որ կոնֆլիկտային այլ համատեքստերում մենք հստակ նշում ենք, թե ով է ագրեսորը եւ ով է զոհը, կարեւոր է դա նշել նաեւ այս համատեքստում. այն օգնում է բացահայտել խնդիրները եւ լուծումներ գտնել դրանց համար: Այն փոփոխությունները, որոնք ես առաջարկել եմ այս բանաձեւում, ծառայում են այդ նպատակին:

Կարծում եմ, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը պետք է ավելի ակտիվ լինի մեր տարածաշրջանում կազմակերպության դերի եւ ներգրավվածության ամրապնդման գործում»,- ընդգծել է Սարգիս Խանդանյանը:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31