«Տուժողների մոտ ձևավորվում է տպավորություն, որ վարույթն իրականացնող մարմինն այդպես էլ խորամուխ չեղավ այլ վարկածների ուղղությամբ խորքային քննություն իրականացնելուն և ենթադրյալ այլ վարկածները համոզիչ կերպով հերքելուն միտված իրականացնել օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, որի հետևանքով ծնողների մոտ առկա կասկածներն այդպես էլ չեն փարատվել»,- «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։
Նա նշեց, որ այլ վարկածների շարքում կարող էր լինել ինչպես դիվերսիան, այնպես էլ դիտավորությամբ այդ հանցագործությունը կատարելը, որը կարող էր կապված լինել դիզվառելիքի առևտրի, ռազմամթերքի հնարավոր վաճառքի, պետական դավաճանության, հակառակորդի հետ գաղտնի հաղորդակցության և թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ․ «Մենք տպավորություն ենք ստանում, որ վարույթն իրականացնող մարմինը հակված է պաշտոնական վարկածը բյուրեղացնել և այդ եզրակացությամբ ուղարկել դատարան»։
Նորայր Նորիկյանն ասաց, որ երեք ամիս շարունակ իրենց հարցերին ի պատասխան համառ պնդումներ էին արվում, որ որևէ տեսալուսանկարահանում տեղի չի ունեցել․ «Դրանից հետո մենք փրկարար ծառայությունից ստացել ենք տասից ավելի լուսանկարներ, որոնք որոշակիորեն կիսատ են, բայց որով հավաստվում է, որ այդ դեպքի վայրում լավ էլ տեսալուսանկարահանում իրականացվել է»։
Փաստաբանն ասաց, որ նաև հարցում են ուղարկել՝ արդյոք կազմվե՞լ է հրդեհի մասին ակտ․ «Այդ պարտականությունը դրված է ՀՀ ՊՆ-ն համապատասխան ստորաբաժանման վրա, բայց ՊՆ-ից և ՆԳՆ-ից ստացված հարցման արդյունքներից ակնհայտ է դարձել, որ հրդեհի մասին ակտ չի կազմվել»։
Կարդացեք նաև
Նորայր Նորիկյանն ասաց, որ հարցումներ են ուղարկել մի շարք թեմաներով, օրինակ՝ ՀՀ ՊՆ-ի կամ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի ո՞ր իրավասու պաշտոնյայի կողմից է ընդունվել համապատասխան հրաման Վարդենիս համայնքի Ազատ գյուղում գտնվող տունը որպես զինվորական կացարան ՀՀ ՊՆ-ի համար զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի բնակավորման համար հատկացնելու մասին, արդյոք այդ որոշման կայացման պահին և դրանից հետո տարածքը համապատասխանե՞լ է ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներին, որպես զինվորական կացարան և եթե ոչ խնդրել ենք հայտնել՝ ի՞նչ իրավական հիմնավորմամբ և մասնավորապես եզրահանգմամբ է նման որոշում կայացվել։ ԳՇ-ի որևէ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելե՞լ են նշված տարածք, արդյոք հրամանատարության կամ այլ զինծառայողների կողմից վերադասության կարգով զեկուցվե՞լ է պայմանների մասին և այլն։
Փաստաբանը նաև նշեց․ «Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ՀՀ զինվորական դատախազի հետ ունեցած հանդիպումից հետո մեզ համար վերջնականապես պարզ է դարձել, որ դեպքի վայրը խախտվել է, որովհետև իրենք նույնպես այդ փաստը չեն հերքել։ Դրան քրեաիրավական գնահատական տալու հետ կապված ամբողջ գործընթացը դատախազության տիրույթում է, պետք է հասկանալ, թե խախտման և հնարավոր մեղադրանքի հետ կապված ինչպիսի վարքագիծ են դրսևորել»։
Նորիկյանը հայտնեց, որ զոհված զինծառայողների ծնողները ապրիլին և հունիսին հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն ինքը ներկա չի գտնվել հանդիպումներին, քանի որ նման պայման է դրված եղել։ Ուստի նաև ասաց, որ չի կարող այդ մասին տեղեկություններ հայտնել։
Նորայր Նորիկյանն տեղեկացրեց, որ փորձաքննության եզրակացությունները դեռ չեն ստացվել ու հավելեց․ «Հուլիսին հնարավոր է ստացվեն փորձաքննության եզրակացությունները, որից հետո հավանականությունը մեծ է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից նախաքննության ավարտ կլինի, և համապատասխան ընթացակարգերի իրագործումից հետո գործը կուղարկվի դատարան»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ