Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «2021 թվականի ընտրությունների ընթացքում պաշտոնավարած մարզպետները նախընտրական շրջանում զանգվածային կաշառք բաժանելու համար դատվելու են»

Հուլիս 03,2023 16:38

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում անցած շաբաթ Արցախում եւ Հայաստանում տեղի ունեցող զարգացումները վերլուծելուն զուգահեռ` խոսեց նաեւ վերջին տարիներին ու հիմա էլ Հայաստանում տեղի ունեցող մերժելի երեւույթների դեմ իր պայքարի եւ դրա արդյունքների մասին: «Սրանք երեւի իմ հետեւողականության վրա դեռ կասկածում են ու պիտի համոզվեն: Որպես շաբաթվա իրադարձություն` ուզում եմ խոսել մի գործի մասին: Վճռաբեկ դատարանը մերժել է դատախազության բողոքը, եւ դատախազությունը ստիպված է եղել քրեական գործ հարուցել 2021 թվականին իշխանությունների կողմից մասսայական ընտրակաշառքներ բաժանելու երեւույթի դեմ: Պատմեմ, թող ժողովուրդը մեկ անգամ էլ լսի:

2021 թվականին ընտրություններից առաջ Հայաստանի բոլոր մարզերում, որտեղ բոլոր մարզպետներն առանց բացառության եղել են ՔՊ-ի համամասնական ցուցակում որպես պատգամավորի թեկնածու, «Արաքս» թռչնաֆաբրիկայի կողմից բաժանվել են մեկ օրական հավի ճտեր: Սրանք միամտություն են ցուցաբերել, թե իմացել են՝ լավ բան է, երկու մարզերում՝ Լոռի եւ Վայք, դա դրել են մարզպետարանների պաշտոնական կայքում: Դե, Ղազարյան Էդգարն էլ այդ ամենը ֆիքսելու համար է: Զանգել եմ դատախազության թեժ գիծ, ասել, որ նախընտրական շրջանում մարզերում հենց հիմա մարզպետների թեկնածության պայմաններում մարզպետարանի աշխատողները ճուտ են բաժանում: Դա քրեական օրենսգրքով մաքուր հանցագործություն է. ընտրողներին բարեգործություն անվան տակ ընտրակաշառք բաժանել: Դատախազությունը գործերն ուղարկում է ոստիկանություն: Ոստիկանությունն ասում է հանցակազմ չկա ու գործ չի հարուցում: Դատախազություն բողոքում եմ, պատասխանում են՝ հանցակազմ չկա, չեն հարուցում:

Դիմում եմ Վայոց Ձորի եւ Արարատի ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը պարտավորեցնում է հարուցել քրեական գործ: Դատախազությունը բողոքարկում է վերաքննիչ քրեական դատարան: Այնտեղ էլ եմ հաղթում: Բողոքարկում է նաեւ վճռաբեկ դատարան ու վերջինը վարույթ չի ընդունում: Այսինքն, հիմա արդեն դատախազությունը ստիպված հարուցել է քրեական գործ: Սա նշանակում է, որ ստիպված պետք է նախաքննություն անեն: Ու այն ֆռռիկները, թե հանցակազմ չկա, դատարանով ապացուցվել է, որ կա, ու պիտի բացել: Եվ սա միայն Վայոց Ձորին չի վերաբերվում: Վերաբերվում է ամբողջ հանրապետությանը, որովհետեւ «Արաքս» թռչնաֆաբրիկայի աշխատողներից մեկը բացատրություն է գրել, որ բոլոր տեղերում էլ արել են:

Սա էլ նշանակում է, որ այդ ընթացքում պաշտոնավարած բոլոր մարզպետները դատվելու են»,-ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31