Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը՝ Մհեր Մկրտչյանի հաստիքի լուծարման եւ թատրոնի կառավարման նոր մոդելի մասին

Հուլիս 03,2023 16:32

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Տիգրան Ավինյանը լուծարել է իր զբաղեցրած՝ Մհեր Մկրտչյան թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը: Նաեւ նշել էր, որ որպես 50-ն անց մարդ՝ իրեն ծանր է պահելու, ու թեեւ հորեղբոր եւ հոր ստեղծած թատրոնը թանկ է իր համար, բայց նրանք սովորեցրել են ծանր լինել:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Երեւանի քաղաքապետի նորանշանակ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանից: Նա ի պատասխան ուղարկել է գրավոր տեղեկատվություն՝ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի գործունեության, առկա խնդիրների եւ զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի վերաբերյալ:

Տեղեկատվության սկզբում պատմական ակնարկ է՝ թատրոնի ստեղծման մասին, նշվում է, որ այն հիմնադրվել է 1986թ.-ին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, անվանի դերասան և բեմադրիչ Մհեր Մկրտչյանի ջանքերով, սկզբնական շրջանում թատրոնը կրել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Վարդան Աճեմյանի անունը: «Մհեր Մկրտչյանի մահից հետո թատրոնը վերանվանվեց նրա անունով, իսկ կնոջ՝ թատերագետ Թամար Հովհաննիսյանի ղեկավարությունից, և վերջինիս՝ Հայաստանից մեկնելուց հետո, թատրոնը չգործեց մինչև 2004 թվականը՝ վերաբացվելով «Լինսի» հիմնադրամի միջոցներով կատարված հիմնանորոգումից հետո: 2009 թվականի մայիսի 29-ի հ. 604-Ն որոշմամբ՝ թատրոնի հիմնադրի լիազորություններն ու ամրացված գույքը սեփականության իրավունքով անհատույց հանձնվել է Երևան համայնքին, որի հիմքով նույն տարում ստեղծվել է «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը»,-նշված է Երեւանի քաղաքապետարանից ուղարկված տեղեկատվության մեջ:

Նաեւ նշված է, որ թատրոնի ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեից, Երևանի քաղաքապետին վերապահված պարտադիր և պատվիրակված լիազորությունների իրականացման համար նախատեսված միջոցների հատկացման սկզբունքով. «2022 թ. թատրոնին հատկացվել է 96820.1 հազ. դրամ սուբսիդիա, 2023 թ.՝ 97202.0 հազ. դրամ: Մինչ 2022թ. մեկնարկած հիմնանորոգումը՝ թատրոնն ապահովել է տարեկան միջինում 2-3 առաջնախաղ, շուրջ 120 ներկայացման ցուցադրություն, հանդիսատեսի թիվը կազմել է տարեկան շուրջ 19000 մարդ: Թատրոնը 2022թ. դրությամբ ունեցել է խաղացանկային 9 ներկայացում, տոմսի միջին արժեքը՝ 1000 ՀՀ դրամ, դահլիճի նստատեղերի քանակը՝ 162: 2023թ. հունվարի 1-ի դրությամբ Թատրոնի հաստիքային միավորների քանակը կազմել է 65.5 միավոր, միջին աշխատավարձը՝ ամսական 109000 ՀՀ դրամ»:

Քաղաքապետարանից ուղարկված տեղեկատվության մեջ նաեւ ասվում է, որ 2022 թ. մարտին մեկնարկել են թատրոնի վարչական շենքի հիմնանորոգման աշխատանքները (շուրջ 100 մլն ՀՀ դրամ նախահաշվային արժեքով), որը պլանավորվում է ավարտին հասցնել 2023 թվականի հուլիս ամսին, զուգահեռաբար, 2022 թ. Երևանի քաղաքապետարանը իրականացրել է թատրոնի վերազինման եւ արդիականացման ծրագիրը (շուրջ 275 մլն ՀՀ դրամ նախահաշվային արժեքով), որի շրջանակում ձեռք են բերվել թատրոնի բեմի կոնստրուկցիաների և էլեկտրական ճախարակների համակարգը, լուսային և ձայնային տեխնիկան, դահլիճի աթոռները: Ընդհանուր առմամբ թատրոնի հիմնանորոգման և վերազինման համար Երևանի քաղաքապետարանը հատկացրել է շուրջ 400 մլն ՀՀ դրամ:

Ինչ վերաբերվում է թատրոնի զարգացման առաջարկվող մոդելին, այս մասին էլ հետեւյալն է նշված. «Թատրոնի հիմնանորոգման, արդիականացման և վերազինման գործընթացի ամբողջացումից հետո անհրաժեշտություն է առաջանալու վերանայել թատրոնի կողմից ստեղծվող մշակութային արտադրանքի և մատուցվող ծառայությունների բովանդակությունն ու էությունը: Թատրոնի նպատակը պետք է լինի հանդիսատեսի համար ժամանակակից, ֆունկցիոնալ և տեսողականորեն գրավիչ ստեղծագործական տարածքի ստեղծումը, որը կապահովի բազմաժանր բեմադրությունների և ներկայացումների ցուցադրություն՝ նորարարական-փորձարարականից մինչև դասական թատերգության նմուշներ: Թատրոնն առաջին հերթին պետք է դառնա բաց հարթակ նորարար մտածողության համար, արտիստական՝ ամենալայն իմաստով, ազատ, առանց պայմանականությունների գործող ստեղծագործական միավոր:

Այս նպատակով վերատեսության է ենթարկվել թատրոնի գործունեության հայեցակարգն ու հաստիքացուցակը: Որպես ծրագրի բաղադրիչ և իրականացման առաջնահերթություն՝ փոփոխություն է կատարվել թատրոնի գեղարվեստական-ստեղծագործական կառավարման մասում: Մասնավորապես կրճատվել են թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը, գեղարվեստական անձնակազմի որոշ հաստիքներ (գլխավոր նկարիչ, բեմադրական մասի պատասխանատու, ռեժիսորի օգնական և այլն):

Քաղաքապետարանը թատրոնի գեղարվեստական կառավարման նմանատիպ մոդել ներդրել է նաև Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում, որտեղ եւս կրճատված է գեղարվեստական ղեկավարի հաստիքը: Թատրոնի կառավարման արդյունավետ մեխանիզմների ներդրմամբ, մասնավորապես, որակյալ և բարձրարվեստ ներկայացումների բեմադրության և ցուցադրության, գեղարվեստական կառավարման հարցերում մասնակցային որոշումներ կայացնելու, թատրոնի տոմսային տնտեսության բարելավման, գործունեության հանրահռչակման և գովազդի նոր ու ժամանակակից միջոցների կիրառման արդյունքում, Պատանի հանդիսատեսի թատրոնին հաջողվել է բազմապատկել է տոմսերի վաճառքից ստացվող հասույթը, ավելացնել սեփական եկամուտները: Նշված մոդելը ամբողջական տեսքով կկիրառվի նաեւ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում, եւ թատրոնի հիմնանորոգումից, տեխնիկական վերազինումից եւ իրականացվող բովանդակային փոփոխություններից հետո, ակնկալվում է, որ թատրոնը հանդիսատեսին կներկայանա նոր ստեղծագործական դիմագծով և արժանիորեն կդասվի Երևանի լավագույն թատերական կազմակերպությունների շարքին»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուզան says:

    Լավ կլինի վերանայվի ներկայացումների որակը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31