Լրահոս
Օրվա լրահոսը

Անվճար տրամադրվող դեղեր ստացող շահառուների ցանկն ընդլայնվել է. ԱՆ վարչության պետ

Հուլիս 03,2023 15:46

Պետական աջակցությամբ անվճար տրամադրվող դեղեր ստացող շահառուների ցանկն ընդլայնվել է։ Այս մասին այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանը:

«Կառավարության որոշմամբ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձանց այսուհետ անվճար կտրամադրվեն հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղերը։ Ասեմ, որ մինչ այս որոշումը, գործող ընթացակարգով ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձինք անհրաժեշտ դեղերը ստանում էին 50 տոկոս զեղչով։ Այժմ ամբողջությամբ անվճար տրամադրվելու է»,-ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով, ընդհանուր ծրագրից օգտվում է շուրջ 220 հազար շահառու, այժմ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձանց թիվն ավելանում է 30 հազարով։ Այս ծրագրի համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 400 մլն. դրամ:

Դեղերի հատկացումն իրականացվում է ՀՀ հիմնական դեղերի ցանկին համապատասխան, որտեղ ներառված են 530 ջեներիկ անունով (ազդող նյութերով) դեղ, այս ծրագրի շրջանակում ցանկը համալրվել է ևս 5 անվանում դեղով։ «ՀՀ հիմնական դեղերի ցանկը համալրելիս հաշվի են առնվում նեղ մասնագետների կարծիքները, ուսումնասիրվում է պահանջարկը և այժմ կարող ենք ասել, որ դեղերի բավական լայն շրջանակ անվճար հասանելի է մեր շահառուներին»,-հավելեց մասնագետը։

2024 թվականի հունվարի 1-ից, ևս 6 հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղերը պետության կողմից շահառուներին կհատկացվեն անվճար։ Այդ հիվանդություններն են`պատանեկան իդիոպաթիկ արթրիտ, առաջնային իմունոդեֆիցիտ, կավասակի հիվանդություն, նյարդաբանական խնդիրներով պայմանավորված հիվանդություն-սուր պոլիռադիկուլիտ, անհաս նորածինների դեղերի կարիք ունեցող պացիենտներ, ցրված սկլերոզ։ Շուրջ 486 շահառու, այդ թվում մեծամասնությունը երեխաներ`անվճար դեղերով։

Վարչության պետի հավաստմամբ, արդյունքում, կկանխարգելվի նշյալ հիվանդությունների զարգացումը, կնվազեն հաշմանդամության և մահացության ցուցանիշները: Դեղ ապահովման ծրագրի բյուջեն 2024 թվականին կլինի 4 մլրդ դրամից ավելի։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31