Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայերեն հաղորդումները Բաքվի գործարանների ադրբեջանցի աշխատողների մասին էին». արցախցի գրողը՝ նախկինի եւ ներկայի մասին

Հուլիս 03,2023 14:21

Արցախցի գրող Արիս Արսենին 2-3 օրով եկել էր Հայաստան, բայց արդեն 7 ամիս է՝ չի կարողանում վերադառնալ Արցախ, որովհետեւ Ադրբեջանը Արցախը շրջափակման մեջ է պահում՝ 120 հազար մարդու պահելով սովի ու մարդասիրական ճգնաժամի մեջ: «Հենց եկել ենք, ճանապարհը փակվել է, մեր երկու տղաներն այնտեղ են՝ մեկը Մարտակերտում, մեկը Ստեփանակերտում, մեկն ընտանիք ունի, մյուսը մենակ է, Մեր փոքր տղան մնացել է մենակ մեր 5 սենյականոց բնակարանում… Հեռախոսով խոսում ենք, տեսակապով շփվում, բայց առայժմ գնալ չենք կարող…Կինս Ստեփանակերտի թատրոնում է աշխատում, ինքն էլ, ես էլ գրանցված ենք այստեղ եւ Գորիսում։ Ուզում ենք գնալ, սպասում ենք, դե գիտեք, թե ճանապարհի առումով ինչ վիճակ է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արիս Արսենին:

Հուլիսի 4-ին Հայաստանի գրողների միությունում կկայանա Արիս Արսենի, Ռոբերտ Եսայանի, Մարտիրոս Ոբնեցու, Անահիտ Քոչարյանի, Զինաիդայի, Ժաննա Բեգլարյանի եւ Դավիթ Միքայելյանի գրքերի շնորհանդեսը։

«Այդ գրքերը տպագրել է Գրողների Արցախյան միավորումը: Այս ծանր իրավիճակում, որում գտնվում է Արցախի ժողովուրդը, մարդիկ մտածում են հոգեւոր սննդի մասին: Նույնիսկ օրեր են լինում, երբ Արցախում հացի խնդիր է առաջանում, բաց մարդիկ գումար են հատկացնում գիրք տպագրելու համար»,-նշեց Արիս Արսենին: Հավելեց, որ գրքերում զետեղված են արցախցի հեղինակների վերջին տարիների ստեղծագործությունները:

Ինչ վերաբերվում է իր հեղինակած գրքին, այն կոչվում է «Մի անուն էի սերտել դեռ վաղ մանկությունից»: «Վերնագիրը խորհրդանշական է, չգիտեմ հասկացվում է, թե ոչ, բայց այդ անունը Հայաստանն է… Ես երբեւէ այս մասին չեմ ասել, հիմա պատմեմ… Երբ փոքր էինք, մանկության, վաղ պատանեկության շրջանում Արցախում ապրող երեխաներս այսպիսի երազանք ունեինք՝ մեր տներում հեռուստատեսությունը, ռադիոն խոսեն հայերեն: Երբ կինոնկարներ էին ցուցադրում, մենք անպայման հայկական ազգանուններ էինք փնտրում, կարոտ էինք դրան: Մեզ մոտ Ադրբեջանի հեռուստատեսությունն էր, մասամբ էլ՝ Մոսկվայի առաջին ծրագիրը:

70-ականներին, մի անգամ Նոր տարուն Ադրբեջանի հեռուստատեսությամբ ամանորյա հաղորդում էր, երբ եկավ ժամը 12-ը, հաղորդավարը ադրբեջաներեն եւ ռուսերեն ասաց՝ շնորհավոր Նոր տարի, դրանից հետո էլ հայերեն շնորհավորեց: Չեմ կարող ասել, թե ինչ զգացում ունեցա այդ պահին: Ոգեւորվել էի, որ առաջին անգամ Բաքվի հեռուստատեսությամբ հայերեն բառեր լսեցի, 7-8 տարեկան երեխա էի: Մտածեցի, որ կգա մի ժամանակ, երբ Ադրբեջանի հեռուստատեսությամբ հայերեն հաղորդումներ էլ կլինեն: Դա էլ եղավ 70-ականների վերջին. կես ժամանոց հայերեն հաղորդումներ էին հեռարձակում, բայց ադրբեջանցիների, ոչ թե հայերի մասին: Հայերեն էին խոսում, բայց Բաքվի գործարանների ադրբեջանցի աշխատողների մասին: Այդ հաղորդումներում միայն լեզուն էի հայերեն, դա էլ յուրօրինակ քարոզչություն էր… Ահա այս ամենը կուտակվեց եւ 1988-ին պայթեց: Հիմա էլ հայտնվել ենք մի իրավիճակում, որ չգիտեմ՝ ինչպես բնութագրել»,-ասաց արցախցի գրողը:

Հարցրինք՝ ինչ կանխատեսումներ եւ սպասելիքներ ունի: «Ընդհանուր առմամբ Արցախի ամբողջ ժողովուրդը զինված է լավատեսությամբ, հույս ունենք, որ այս մղձավանջը մի օր ավարտվելու է, եւ ավարտվելու է մեր հաղթանակով: Մենք էլի ենք նման իրավիճակում հայտնվել, տարիներով ենք շրջափակման մեջ եղել, բայց այն ժամանակ Ադրբեջանի մեջքին Թուրքիա չկար, հիմա նրանք զինված են գերժամանակակից զենքերով, որոնց դեմ հանպատրաստից չենք կարող դիմագրավել: Այն ժամանակ որսորդական հրացաններով կարողացանք նրանց ստիպել նահանջել, իսկ հիմա անօդաչուների դեմն առնելու համար պետք է զենք ձեռք բերել, այլապես հնարավոր չի լինի առանց Հայաստանի մասնակցության պայքարել այսօրվա ժամանակակից զենքերով զինված Ադրբեջանի դեմ՝ թիկունքին էլ Պակիստանը, Թուրքիան եւ այլ երկներ …Բայց ամեն դեպքում հուսով ենք, որ ամեն ինչ լավ է լինելու»,- ասաց մեր զրուցակիցը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ Արիս Արսենիի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31