Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցեց Մարտունի քաղաքի Մնաց Մելիք-Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի բակում՝ Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացածների հիշատակին կառուցված պուրակի բացման արարողությանը, որին ներկա էին նաև Մարտունու համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Մարտունի քաղաքի դպրոցների տնօրեններ, ուժային կառույցների ղեկավարներ, զինվորականներ, մանկավարժներ, Մարտունի քաղաքից՝ 44- օրյա պատերազմում զոհված հերոսների ծնողներ ու հարազատներ։
Պուրակի կառուցման նախաձեռնության հեղինակներն են Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Անժելա Պետրոսյանը և դպրոցի զինղեկ Կարեն Համբարձումյանը, իսկ կառուցմանը տարբեր կերպ աջակցել են մարտունեցի անհատ բարերարներ։
Նորաբաց պուրակում կանգնեցվել է Հայաստան–Արցախ միասնությունը պատկերող խորհրդանիշ, տեղադրվել Մարտունի քաղաքից 44-օրյայում զոհված ութ ժամկետային և պայմանագրային զինծառայողներ՝ Արամ Աբրահամյանի, Արեգ Մկրտչյանի, Արտյոմ Եղոյանի, Դերենիկ Օհանյանի, Էդմոն Հովհաննիսյանի, Հայկ Մկրտչյանի, Շանթ Թովմասյանի և Ռուբեն Գուլեյանի լուսանկարներով հուշաքարեր։
Իր խոսքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խոնարհումի և մեծարման խոսքեր հղեց հերոսների ծնողներին, կարևորելով նաև նրանց դերը՝ մեր երկրի կառուցման ու շենացման գործում։
«Այս պուրակի կառուցումը ևս մեկ անգամ փաստում է, որ ոչ ոք չի մոռացվել և ոչինչ չի մոռացվել։ Մեր փառապանծ հերոսների հարգարժան ծնողներ և ընտանիքների անդամներ, մենք այսօր կանգնած ենք մեր երկրի ապագան լավագույնս կերտելու ճանապարհին և յուրաքանչյուրս մեր տեղում փորձում ենք մեր աշխատանքով նպաստել այն երկրի կառուցմանը, որի մասին երազում էին մեր քաջ տղաները: Համոզված եմ, որ այս և նման պուրակները կծառայեն որպես հայրենասիրական դաստիարակության մի անկյուն՝ ներկա և գալիք սերունդների համար»,- իր խոսքում նշեց մարզպետ Կարեն Սարգսյանը։
Կարդացեք նաև
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ