Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինչ-որ մի օր կգա եւ ես շատ բան կպատմեմ». Թագուհի Թովմասյան

Հուլիս 03,2023 14:09

«Ռուս խաղաղապահների ներկայությունը ամենեւին չի կաշկանդում Ադրբեջանին հարցը լուծել ռազմական ճանապարհով: Մենք պիտի ճշմարտության աչքերին նայենք պարզ ու ուղիղ, չասենք՝ եթե ՌԴ ներկայացուցիչներն այնտեղ են, անխուսափելի չէ պատերազմը: Ռուս խաղաղապահների ներկայությունը չի զսպում Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները: Ինձ ուրախացնում է, որ Արցախի իշխանությունն այս գիտակցումն ունի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

Հարցին՝ ահազանգում են Արցախից, որ կապը կտրվել է Հայաստանի կառավարության հետ, ձեր տեղեկություններով կա՞ կապ, տեղյա՞կ են բանակցությունների ընթացքից, իրենց ներկայացվո՞ւմ է՝ Թագուհի Թովմասյանը պատասխանեց. «Այս իշխանության գալու օրվանից մշտապես եղել են փորձ ու ձգտումներ՝ Արցախից, Արցախի իշխանություններից կտրվելու, սա նոր բան չէ: Պարզապես տարբեր ժամանակներում տարբեր դրսեւորումներ է ունենում: Ես հիմա տեղեկություն չունեմ, թե քանի անգամ են զանգահարում իրար, բայց ես գիտեմ, որ Արցախի իշխանությունն ունի այլ պատկերացում Արցախի հարցի լուծման հետ կապված, Հայաստանի իշխանությունն ունի այլ պատկերացում, իսկ սա արդեն մեծ խզում է: Մենք, լինելով միասնական ժողովուրդ, չունենք միասնական մոտեցում մեր ազգային հարցի հետ կապված, սա մեծ ողբերգություն է: Մենք պիտի ունենանք միասնական տեսակետ Արցախի հարցի, չունենք, ցավոք: Այդ տեսակետների տարբերությունը հիմք տալիս է ասելու, որ կապը խզվել է»:

Հարցին՝ եթե իշխանության գալու օրվանից կապը Արցախի հետ խզում էին, դուք այդ իշխանության մասը չէի՞ք՝ Թովմասյանը պատասխանեց, որ այն ժամանակ փորձում էին կապը խզել, հին ու նոր էին անում. «Ես ունեմ ու ունեցել եմ իմ հստակ դիրքորոշումը եւ, ինչպես մինչեւ իմ պատգամավորական գործունեությունը, այնպես էլ երկու տարի իշխանական խմբակցության մեջ լինելով՝ ես շարունակել եմ գնալ Արցախ՝ ի հեճուկս իշխանության, ի հեճուկս խմբակցության պահանջների: Եթե հիշում եք, այն ժամանակ մարդիկ Արցախ էին գնում՝ որպես գործուղում ու որպես գործուղման պատրվակ, ես մշտապես գնացել եմ Արցախ ու դրանով ցույց եմ տվել հրապարակային իմ անհամաձայնությունը, եթե չասեմ կուլիսային ինչ անհամաձայնություն եմ ցուցադրել: Ես ցույց եմ տվել, որ ես Արցախի հետ եմ եւ եթե դուք ուզում եք խզում անել, ես այդ գաղափարի կրողը չեմ: Ինչ-որ մի օր կգա եւ ես շատ բան կպատմեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31