Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հրապարակեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշումը։ Ըստ այդմ՝ ԲԴԽ-ն որոշեց Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցնել էական կարգապահական խախտման հիմքով։
Կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը ներկայացրել է արդարադատության նախարարությունը։ Ըստ միջնորդության, դատավորը խախտել է Դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի մի շարք կետեր՝ դատարանի անաչառությունը եւ անկախությունը վտանգող կամ կասկածի տակ դնող հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսեւորելուց զերծ մնալու պահանջների խախտում է թույլ տվել, այն է՝ դատավորը ԲԴԽ-ի, որպես կոլեգիալ կարգով գործ քննող դատարանի կողմից, ընդունվող կոնսեսուսային միաձայն որոշումների առկայությունը պայմանավորել է բացառապես որոշակի ուղղորդման առկայությամբ՝ ինչպես նաեւ վերջին վեց ամսվա ընթացքում, իր հաշվարկով, 20-ից ավելի դատավորների լիազորությունները դադարեցվելու գործընթացը բնորոշել է անօրինական։
«Կարեն Անդրեասյանից օբյեկտիվ ակնկալիք հնարավոր չէր, բնականաբար օբյեկտիվ իրավունքները կիրացվեն ՄԻԵԴ-ում, այլ հարթակներում ու ընթացակարգերով»,-ԲԴԽ-ի որոշման մասին լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Դավիթ Հարությունյանը։
Հարությունյանի խոսքով՝ ներկայացրած որեւէ միջնորդության ԲԴԽ-ն չի անդրադարձել․ «Չէի էլ հավատում, որ կանդրադառնան։ Դա խորհրդին տրված վերջին հնարավորությունն էր, բայց չանդրադարձան՝ որեւէ որոշում չեն կայացրել, այդ որոշումները չեն հրապարակել, չեն պատճառաբանել, նշել են, որ դա կարվի խորհրդակցական ակտում։ Դատական ակտի հրապարակումը, որը ենթադրվում էր, որ պետք է լինի դռնբաց, փաստացի փակ դռների հետեւում էր։ Փորձի բացակայությունն է պատճառը, փորձում են նմանատիպ միջոցներով լրացնել․․․ օգտագործում են աշխատակիցներին, բարեխիղճ անձանց՝ կարգադրիչներին, դատական դեպարտամենտի աշխատողներին նստեցնել դահլիճում, ցույց տալու՝ նիստերի դահլիճը զբաղված է։ Նույնիսկ փորձ չարեցին գոնե իմիտացիա ստեղծել, որ մի բան օրենքով է արվել»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ