«Առավոտի» զրուցակիցն է Գերմանիայի «Հայ ակադեմիականների միության» նախագահ, պատմաբան Ազատ Օրդուխանյանը:
–Պարոն Օրդուխանյան, Հայաստանի իշխանությունները հայտարարում են Արցախը հանձնելու պատրաստակամության մասին՝ ասելով, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Արդեն ավելի քան 200 օր է՝ Արցախը շրջափակման մեջ է, ի՞նչ կնշանակի Հայաստանի ու հայ ժողովրդի համար Արցախը հանձնելը։
-Նախ ոչ ՀՀ վարչապետը եւ ոչ էլ ՀՀ իշխանությունները որեւէ ձեւով լիազորված չեն Արցախը հանձնելու կենսական հարցում միայնակ որոշում ընդունելու, Արցախը Ադրբեջանի մաս հայտարարելու ու իրենց իրավունք վերապահելու միայնակ խոսել համազգային հարցերի վերջնական լուծման մասին։ Ինչպես Հայոց ցեղասպանության, հայրենազրկման, հայոց պահանջատիրության, հայոց լեզվի ուղղագրության ու մի շարք այլ հարցեր եւ առհասարակ Հայկական հարցի տարբեր կետեր, այնպես էլ Արցախի հարցի լուծումը համազգային ենթակայության հարցեր են, եւ որեւէ պետական պաշտոնյայի՝ վարչապետի կամ նախագահի իրավունք չի տրված դրանք լուծել միայնակ կամ իր թիմով։ Համազգային նշանակության հարցերը համազգային լուծման մեխանիզմներ ու ճանապարհներ են պահանջում ու լուծվելու են միմիայն այդ ճանապարհով։ Այս առումով ՀՀ վարչապետի այդ հայտարարությունները զրո արժեք ունեն մեզ համար, քանի որ անօրեն հայտարարություններ են։ Առավել եւս, տխրահռչակ Տիգրան Տոլիկովիչի վերջնական ստորագրությամբ հաստատված վարչապետն առհասարակ չի կարող մեզ համար լեգիտիմ ու հայոց վարչապետ համարվել։
Երկրորդ, ռուսական Գլխավոր շտաբի գաղտնի գրասենյակներում նախագծված ու թուրքական ապստամբ բանդիտների հետ համաձայնեցված, 1918 թվականին արհեստական ճանապարհով ստեղծված Ադրբեջան պետության տարածքային ամբողջականության հետ Արցախը որեւէ կապ ոչ ունեցել է, ոչ էլ այսօր ունի։ Արցախի «դժբախտության» աղբյուրներից մեկն իր չափազանց նպաստավոր դիրքն է ողջ կովկասյան տարածաշրջանում, որը թե ռուսական եւ թե թուրքական նվաճողական քաղաքականության համար առանցքային է։ Էրդողանն իր սեղանից չի հեռացնում Մեծ թուրանի ծրագիրը, իսկ հյուսիսային արջն ահա արդեն 300 տարի է, որ չի ցանկանում լողալ միայն Վոլգայի պաղ ջրերում եւ համառորեն ձգտում է դեպի արաբական ու պարսկական տաք լողափեր։ Իսկ Արցախը առանցքային կարեւորություն ունի նաեւ հայկական կենսունակ պետության ստեղծման ծրագրում, առանց որի զրկված կլինենք կենսակայուն Հայաստանից։ Ուստի համազգային ըմբոստացման ու համատարած դիմադրության անհրաժեշտություն է առաջացել, անհապաղ երկսայր սուր է պետք, որպեսզի կարողանանք դիմակայել այս երկկողմանի կործանարար զարկերին։
Կարդացեք նաև
-Թեեւ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն Ադրբեջանի ղեկավարության կողմից չկան հայտարարություններ, որ ճանաչում են ՀՀ տարածքային ամբողջականությունը, ավելին, Բաքուն պարբերաբար ներկայացնում է իրենց հավակնությունները ՀՀ տարածքների վերաբերյալ։ Ո՞ւր է տանում հայկական կողմի այս զիջողական քաղաքականությունը։
-Վստահաբար կասեմ, որ Բաքուն այստեղ օբյեկտ է եւ ոչ թե սուբյեկտ։ Ինչպես այն ժամանակ իր ստեղծման տարածքային քարտեզը գծվեց Սանկտ Պետերբուրգի գեներալների սեղանների վրա, այնպես էլ մեր օրերում այդ նույն գեներալների թոռները թեւեր են տալիս իրենց սանիկներին Բաքվում եւ երկուստեք անտեսում Ազգերի լիգայի կողմից միջազգայնորեն ճանաչված քարտեզ-փաստաթղթերը ու դրանցով հստակ սահմանված ՀՀ սահմանները։ Հայերս Բաքվի գրազուրկ գավառացիներին տարածքներ չունենք տալու։ Հադրութը, Շուշին, Զանգեզուրը, Նախիջեւանը կամ Արծվաշենը Գոբուստանի գավառակալի նախնիները Ամուդարիայի կամ Կարա-բողազի ափերից արշավելիս իրենց հետ չեն բերել մեր տարածքները, որ հիմա էլ հոխորտալով պահանջում են մեզանից։ Պետք է անմիջապես դադարեցնել խաղաղություն մուրալու անպտուղ քաղաքականությունը եւ ամենօրյա ռեժիմով լծվել մեր տարածաշրջանում ուժերի հավասարակշռության հաստատման գործին՝ մշակել ռազմավարական հստակ հայեցակարգ, սկսել արագ կառուցել ռազմական արտադրության գործարաններ, հիմնել անկախ հետախուզական եւ հակահետախուզական մարմիններ, ինտենսիվ գործողություններով ժամ առ ժամ ուժեղացնել հայկական բանակն ու սահմանները, հրավիրել Սփյուռքի մասնագիտական ներուժին եւ նրանց ինտեգրել հայրենի ներուժի հետ, անցնել դիվանագիտական լայնամասշտաբ գործունեության եւ այլ կենսական քայլերի։ Սրանք են օրվա անհետաձգելի հրամայականները։
-Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ դրեց նաեւ թեզը, որ Արարատ լեռան նկատմամբ հավակնություններ չպետք է ունենալ, քանի որ Էրդողանը կմտածի, որ տարածքային պահանջներ ունենք Թուրքիայից։ Հայկական իրավունքները վերացնելու այս փորձերը ինչպե՞ս եք գնահատում։
-Հայոց պատմությունից համառորեն ապահարզան պահանջող այդ պաշտոնյան որքան էլ փորձի Արարատը հակադրել Արագածին, հայրենիքը՝ պետությանն ու շարունակի նման «հանճարեղ մտքեր» երկնել, միեւնույնն է, երկրագնդի որեւէ լուրջ պետություն կամ ազգ երբեւէ Արարատի ու Հայաստանի անխախտ միասնության խորհուրդը չի վիճարկի։ Բնիկներին եկվոր դարձնողը գիտի՞ արդյոք, որ բացի իր հարազատ qardaşlar-ներից ու единомышленник-ներից, աշխարհում ոչ ոք համաշխարհային պատմության ողջ ընթացքում Արարատի հայկականությունը կասկածի տակ չի դրել։ Իսկ մենք՝ հայերս, հակառակ ռուսի, թուրքի եւ պարսավանքի խարանը ճակատին դաջած վարչապետի բոլոր ճնշումների, հերձվածող չենք դառնա ու մեր սրբությունները՝ Արարատը, Մռավը, Վարագասարը, Խուստուփը, Սիփանը, Քաջքարը, Բարդողը, Կուսանացը, Մարաթուկը, Արագածը, Ջիլոն, Անդոկը, Լալվարն ու մեր ինքնության մյուս խորհրդանիշներն իրարից երբեք չենք մասնատի կամ իրար չենք հակադրի, քանի որ դրանք մեր հայրենիքի անքակտելի մասերն են ու մեզ ամբողջացնում են բոլորը միասնաբար, համատեղ են կերտել ու շարունակում են այսօր եւս կերտել մեր ինքնությունը։ Այն, ինչ մեզ տրվել է Աստծո ու բնության կողմից, օտարվել չի կարող, որքան էլ օտարողը նենգ կամ հզոր լինի։
–Կան տեսակետներ, որ մեզանից ոչինչ կախված չէ, պարտվել ենք, պետք է զիջենք։ Այս թեզը հիմնականում իշխանություններն են ներարկում։ Արդյոք դա այդպե՞ս է։
-Նախ մենք որպես ժողովուրդ չենք պարտվել, պարտվել է ներկա ռազմա-քաղաքական ղեկավարությունն ու հայոց բանակի՝ պատերազմին մասնակցած մասը եւ ոչ թե ողջ բանակը, որի մեծ մասը պատերազմին չի մասնակցել, ինչպես նաեւ պատերազմին պատրաստ, բայց կռվի մեկնելու թույլտվություն չստացած աշխարհազորայինների հսկայական զանգվածը։ Հայ ժողովուրդը բազմաթիվ առումներով ներկայումս ունի հսկայական ներուժ, որի արդյունավետ կազմակերպման ու համախմբման պարագայում, կարող է կարճ ժամանակում համազգային շրջադարձ ապահովել ու մեզ դուրս հանել այս տագնապալի, օրհասական կացության իրավիճակից։ Վարչապետն ու բազմաթիվ պաշտոնյաներ ընկղմված են անկումի ու ընկճվածության անդունդի մեջ, եւ իրենց անհատական տապալումը հայ ժողովրդին տանում է քաղաքական ու ռազմական ողբերգության։ Ուստի, պետք է արագ սթափվել, դիմել անհատական ու խմբակային դիմադրության, փոխել պարտության ու աղետի խորհրդանիշներին ու համախմբվել որքան հնարավոր է ու անդադար գործել։
Վայրկյան անգամ չեմ կասկածում, որ մենք ունենք բոլոր ռեսուրսներն ու լուսավոր ելքի տարբերակներ եւ կարող ենք պատվարժան, հաղթական ազգ ու զորավոր պետություն դառնալ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ