«Վաշինգտոնի բանակցություններում ԱՄՆ շահն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն տան, որպեսզի Արցախում տեղակայվեն միջազգային զորքեր»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։
– Պարոն Ղուկասյան, ԱՄՆ-ում կայացած եռակողմ հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղարը հերթական անգամ հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում արձանագրվել է կարեւոր առաջընթաց։ Ի՞նչ է արձանագրվում այս փուլում։
-Ճիշտն ասած, բաց տիրույթում շատ քիչ տեղեկություններ կան, որպեսզի ենթադրություններ անենք։ Վերջերս մենք պարբերաբար լսում ենք այն մասին, որ ինչ-որ առաջընթացներ են գրանցվում։ Ինձ թվում է՝ դրանք պարզապես դիվանագիտական ձեւակերպումներ են, որպեսզի չհուսահատեցնեն հանրությանը։
– Զուգահեռ ասվում է, որ սկզբունքային ու կարեւոր հարցերի շուրջ չկա համաձայնություն, եւ որ ամենադժվար հարցերը թողնված են վերջում։ Ո՞ր կետերի շուրջ է անհամաձայնությունը։
Կարդացեք նաև
– Դա էլ հայտնի չէ ոչ ոքի։ Վաշինգտոնի բանակցությունները, եթե վերլուծենք շահերի տեսանկյունից, թե որ կողմն ինչ շահ է հետապնդում, ԱՄՆ շահն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն տան, որպեսզի Արցախում տեղակայվեն միջազգային զորքեր։ Եվ Հայաստանը, եւ Ադրբեջանը պետք է ասեն, թե ինչ են իրենք դրա դիմաց ուզում ստանալ, որպեսզի այդ համաձայնությունը տան։ Ակնհայտ է, որ ԱՄՆ հետապնդում է շահ՝ ռուսական զորքերը Արցախից դուրս բերելու, դրա մասին հրապարակային ասվել է։ Դա թույլ է տալիս ենթադրել, որ հենց դա է ԱՄՆ համար գլխավոր հարցը։ Իսկ մնացած հարցերը, որոնք կարող են կարեւոր լինել Հայաստանի, Արցախի կամ Ադրբեջանի համար, իմ տպավորությամբ, դա այս փուլում ԱՄՆ-ին այդքան չի հետաքրքրում, ինչքան ռուսական զորքերն Արցախից դուրս բերելու հարցը։
– Բանակցությունների օրերին Ադրբեջանն Արցախի ուղղությամբ հերթական ագրեսիան իրականացրեց, հայկական կողմն ունի 4 զոհ։ Արցախի խորհրդարանը հանդես եկավ հայտարարությամբ՝ հայկական պատվիրակությանը կոչ անելով անհապաղ դադարեցնել վաշինգտոնյան բանակցությունները, քանի դեռ Արցախի եւ Հայաստանի սահմաններում հրադադարի ռեժիմի պահպանման հստակ երաշխիքներ չկան։ Ի՞նչ միջազգային երաշխիքներ կարող են լինել այս պայմաններում։
– Առհասարակ հրադադարի համաձայնագիր գոյություն չունի։ Արցախյան կոնֆլիկտի առանձնահատկությունն այն է, որ 30 տարի գոյություն չունի հրադադարի մասին ոչ մի համաձայնագիր, որը կունենար իրավական ուժ։ Այն, ինչ եղել է թե Արցախյան պատերազմի ժամանակ, թե դրանից հետո, այդ թվում՝ 1994 թվականի մայիսի 12-ին, դրանք եղել են պարզապես համաձայնություններ, բայց ոչ իրավական ուժ ունեցող համաձայնագիր կամ պայմանագիր։ Հետեւանքներ են ստեղծում պետությունների միջեւ կնքված այն պայմանագրերն ու համաձայնագրերը, որոնք գրանցված են ՄԱԿ-ի քարտուղարության գրասենյակում։ Երբեւիցե Հայաստանն ու Ադրբեջանը նման համաձայնություն չեն ունեցել Արցախի հետ։ Բնականաբար, այդպիսի փաստաթուղթ կնքելն առնչվում է միջազգային խաղաղարար օպերացիայի հետ։ Եվ երկար տարիներ Հայաստանը շահագրգռված չէր, որպեսզի միջազգային խաղաղարար օպերացիա իրականացվի, որովհետեւ այդ դեպքում հայկական զինված ուժերը պետք է դուրս գային Արցախի հարակից տարածքներից, ինչը հայկական կողմը չէր ուզում, որովհետեւ չէր վստահում, որ միջազգային խաղաղապահ ուժերն ի վիճակի կլինեն ապահովել լիարժեք անվտանգություն։ 1980-ականներին եղել են նման օրինակներ՝ Խորվաթիայում միջազգային խաղաղապահ ուժերի ներկայությունը որեւէ կերպ չխոչընդոտեց Խորվաթիայի իշխանություններին ուժով տեղահանել Սերբական Կրաինայում ապրող սերբերին, որոնք փորձում էին ինքնավարություն կամ անկախություն ձեռք բերել։ Եվ Խորվաթիայի համար դա մեծ հաշվով մնաց անհետեւանք։ Մյուս կողմից, Հայաստանը Ռուսաստանի ռազմական դաշնակիցն է, եւ Ռուսաստանի ռազմական դոկտրինի դրույթ է, որ միջազգային ուժեր չեն հայտնվել նախկին ԽՍՀՄ տարածքում։ Դրա համար հրադադար առ այսօր գոյություն չունի՝ որպես միջազգային փաստաթուղթ եւ միջազգային խաղաղարար օպերացիայի ապահովման գրավական։
Դուք կհարցնեք՝ իսկ ռուսական կոնտինգենտն Արցախում արդյոք խաղաղապահ գործառույթ չէ՞։ Ես կպատասխանեմ այդ հարցին՝ ոչ։ Ռուսական զորքերի ներկայությունն Արցախում պարզապես ռազմական ինտերվենցիա է, եւ ռուսական կողմի պայքարն այսօր դա օրինականացնելու համար է։ Ռուսաստանը փակել է Լաչինի միջանցքը եւ փակ է պահելու այնքան ժամանակ, մինչեւ, ըստ իրենց, միջազգային հանրությունը չճանաչի ռուսական զորքերի մանդատը Արցախում։ Մինչեւ այդ ճանաչումը չլինի, ռուսական կողմը բոլոր տեսակի միջոցներ կիրառելու է։ Հայերին ճնշելու, հայերի համար սպառնալիքներ ստեղծելու միջոցով ԱՄՆ-ին, Ֆրանսիային շանտաժ է անելու, որ իրենք վերջիվերջո համաձայնեն ռուսական ռազմական ներկայությունն այնտեղ ճանաչելուն։ Կամ այդ ներկայությունը փոխելու դիմաց համարժեք ինչ-որ այլ զիջումներ է պահանջելու, օրինակ, Ղրիմը ճանաչել Ռուսաստանի կազմում կամ այլ համարժեք քայլ, ինչը Ռուսաստանի համար ավելի կարեւոր է, քան Արցախում իր ներկայությունը։ Այսինքն՝ Արցախում Ռուսաստանի ռազմական ներկայությունը դիվանագիտական առումով ռեսուրս է, որը Ռուսաստանը մտադիր չէ հենց այնպես զիջել։ Ինքն ունի ազդեցության լծակներ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների վրա, ուստիեւ այս վիճակը պահպանվում է, մարդիկ զոհվում են, բանակցություններն «առաջընթաց» են գրանցում, եւ ամեն ինչ մնում է նույն վիճակում՝ գերիները մնում են Բաքվի բանտերում, Արցախի շրջափակումը շարունակվում է։
Ինչո՞ւ ԱՄՆ-ին չի հաջողվում հասնել արդյունքի, սա կարեւոր հարց է։ Ակնհայտ է, եւ դրա մասին Ֆրանսիայի նախագահ Մակրոնն էլ ասաց, որ կարեւոր է Նիկոլ Փաշինյանի գործոնը։ Նիկոլ Փաշինյանն այսօր բացահայտ սպասարկում է Իլհամ Ալիեւի շահերը։ Եվ քանի դեռ ինքն է սեղանի մոտ նստած՝ որպես բանակցող, որեւէ հաջողության ԱՄՆ-ն չի կարող հասնել։ ԱՄՆ տպավորությունը, որ Հայաստանի իշխանությունների հետ կարելի է ինչ-որ համատեղ ծրագիր անել, իմ կարծիքով, ի սկզբանե սխալ է։ Ոչ մի շանս չունեն ոչ ԱՄՆ-ն, ոչ Ֆրանսիան՝ Հայաստանի այսօրվա իշխանությունների հետ որեւէ շոշափելի արդյունքի հասնելու հարցում։ Խնդիրը կոնկրետ Նիկոլ Փաշինյանն է եւ այն քաղաքական կառուցվածքը, որն ստեղծվել է եւ պահում է իր իշխանությունը։
– Հունիսի 19-23-ը Ստրասբուրգում անցկացվեց ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որի ընթացքում ընդունվեց «Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ մուտքի ապահովում» թեմայով զեկույցը։ Կոչ է արվում ապաշրջափակել Արցախը, սա գործնական քայլերի ու արդյունքի կբերի՞։
– Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարում է Հայաստանում, ոչ։ Հայաստանի իշխանությունները զրոյացնելու են միջազգային հանրության՝ իրավիճակի փոփոխության բոլոր ջանքերը։ Հիմնականում դա է այսօրվա կառավարության աշխատանքը։ Ինչպես տեսնում ենք, մինչեւ 2020 թվականի ժամանակահատվածի համեմատ վիճակը փոխվել է։ Միջազգային տարբեր կազմակերպություններում, ատյաններում բազմաթիվ բանաձեւեր են ընդունվում, դիրքորոշումներ են հնչում ու քննարկումներ են արվում, որտեղ դատապարտվում են Ադրբեջանի քայլերը, ստեղծված իրավիճակը, խոսք է գնում Արցախի իրավունքների ճանաչման մասին։ Այս ամենն աննախադեպ է՝ համեմատած քաղաքական նախորդ ժամանակահատվածի հետ։ Ի՞նչ է, ամբողջ աշխարհն անզո՞ր է Ադրբեջանի առջեւ, այդ փոքր պետությունը կարո՞ղ է արհամարհել Եվրամիության բոլոր պետություններին, ԱՄՆ-ին, այդպիսի գերհզոր հատկություններո՞վ է օժտված Իլհամ Ալիեւը։ Իհարկե՝ ոչ։
– Հայաստանի իշխանություններն ի պատասխան ասում են, որ միջազգային հանրությունը, բացի հայտարարություններից, քայլեր պետք է անի, ընդհուպ՝ պատժամիջոցներ պետք է կիրառի Ադրբեջանի նկատմամբ։
– Եվ դրա համար հարկավոր են որոշակի քայլեր Հայաստանի իշխանությունների կողմից, որոնք չեն արվում։ Եթե Հայաստանն Ադրբեջանի քայլերը չի համարում դատապարտելի, այլ ընդհակառակը, Հայաստանի վարչապետը շարունակում է սպասարկել Իլհամ Ալիեւի օրակարգը, նման պայմաններում եվրոպական պետությունների կամ ԱՄՆ կողմից Ադրբեջանի նկատմամբ ավելի կտրուկ քայլեր հնարավոր չեն։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.07.2023