Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատարանի որոշումը տրվել է հարկադիրին, ձայն չկա

Հուլիս 03,2023 13:30

«Գաթա Բենդ» համույթի հիմնադիր, ազգագրական երգերի կատարող, բարեշնորհ սարկավագ Անդրանիկ Մանուկյանն ասում է, որ «Օկտագոն» կոոպերատիվն օգտվել է Երեւանի քաղաքապետարանի անգործությունից եւ կառուցել 12 հարկանի բազմաբնակարան շենքի մի մասը: Նա հունիսի ութին դիմելով Երեւանի քաղաքապետարան, հայտնել էր. «Այն, որ շենքի մի մասը կառուցվում է իմ՝ Անդրանիկ Մանուկյանի հողամասի վրա, հաստատվում է փորձագետի եզրակացությամբ, որն ուղարկում եմ նաեւ ձեզ»:

Ա. Մանուկյանը տեղեկացնում է, որ Հմայակ Հարությունյանի իրավահաջորդ Լեւոն Օրդուխանյանի՝ սկզբնական հայցը՝ անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքը ճանաչելու մասին, դատարանը ԵԴ /69008/02/18 քաղգործով մերժել է: Այսինքն, ստացվում է, որ տեղի է ունենում ակնհայտ ինքնակամ շինարարություն Ա. Մանուկյանի հողամասի վրա, առանց նրա համաձայնության, ուստի այն պետք է հրատապ կասեցնել, եւ ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ մեղավոր անձին պատասխանատվության ենթարկելու մասով, ինչը եւ նա պահանջել էր: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Յակով Ասատրյանը պատասխանել է Ա. Մանուկյանին. «Ի պատասխան ձեր հունիսի 8-ի դիմումի՝ Թումանյան փողոցի ձեր նշած հասցեում բազմաբնակարան շենքի թույլտվության վերաբերյալ, տեղեկացնում եմ, նշված հասցեում շինարարական աշխատանքների կասեցման կամ դադարեցման իրավական հիմքերը բացակայում են»:


Մինչդեռ, իրավական հիմքերից է դատարանի այս որոշումը: 2023թ. հունիսի 2-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել «Դատական ակտի կատարումը կասեցնելու մասին»: Դատարան էր ներկայացվել Անդրանիկ Մանուկյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Սեդրակյանի վերաքննիչ բողոքը՝ «Հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը քննության առնելու մասին»:


Վ. Սեդրակյանն իր բողոքի հետ դատարան էր ներկայացրել նաեւ դատական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդությունը: Վերաքննիչ դատարանը հիմնավորված էր համարել այն, որ դատական ակտը ենթակա է վերանայման, քանի որ առկա է դատական ակտի կասեցման անհրաժեշտություն, հրատապություն, «հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու այլ դատավարական եղանակների բացակայություն»: Դատարանը բավարարել էր Վահե Սեդրակյանի միջնորդությունը, մինչ վերաքննիչ դատարանի կողմից «բողոքի քննության արդյունքում կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը» («Նոր զարգացումներ Անդրանիկ Մանուկյանի գործով», «Առավոտ», 23 հունիսի):

Անդրանիկ Մանուկյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Սեդրակյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ դիմել է դատավոր Ա. Պետրոսյանին:

Նա մեջբերեց դատարանի որոշումը, որով արգելվել է «Օգտագոն» սպառողական կոոպերատիվին իրականացնել կառուցապատման աշխատանքներ Երեւան քաղաքի Կենտրոն համայնքի Թումանյան փողոցի 2-րդ անցուղու 5/9 հասցեում գտնվող եւ 5/4 հասցեում գտնվող հողամասերի վրա, մինչեւ սույն գործով եզրափակիչ դատական ակտի ուժի մեջ մտնելը: Դատարանի մեկ այլ որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննության առնելու մասին կասեցվել է, մինչեւ վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

Փաստաբանն ասաց, որ նշված որոշումը տրամադրվել է ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, որը, սակայն, չի տրամադրել կատարողական թերթ:

Դատարանից ներկայացուցիչը խնդրում էր վերաքննիչ դատարանի որոշման հետ կատարողական թերթ: Այդ կատարողական թերթի բացակայության ժամանակահատվածում կրկին բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքները՝ «ամրացումները» շարունակվում են: Երբեմն մտածում ես, որ նման «վրիպումները» պասխանողի օգտին պատահական չեն, եւ այս գործով սա առաջին դեպքը չէ:

Նույնաբովանդակ մի դիմում էլ՝ փաստաբան-ներկայացուցիչն ուղղել էր վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր տիկին Ն. Կարապետյանին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31