Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կառուցապատման ոլորտում խաղի պայմանները կփոխվեն

Հուլիս 03,2023 14:00
shinararutyun

Բազմաբնակարան շենքերի կառուցապատման ոլորտում քիչ չեն դեպքերը, երբ կառուցապատողը սահմանված ժամկետում ավարտին չի հասցնում շինարարությունը, այն երկարաձգվում է տարիներով։ Ու չնայած, որ պայմանագրով սահմանված է լինում ասենք՝ երկու տարուց բնակարանը հանձնել գնորդին, սակայն հաճախ կառուցապատողը «Ֆորս-մաժորի» պատճառաբանությամբ երկարաձգում է շինարարության ավարտը։ Այս խնդիրը, հավանաբար, ինչ-որ չափով կլուծի օրենսդրական փոփոխությունը, որը նախատեսում է անշարժ գույքի առուվաճառքի շուկայում փոխել խաղի կանոնները։

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Քաղաքացիական օրենսգրքում», այն, ըստ հեղինակի, կկարգավորի կառուցապատողից անշարժ գույքի ձեռքբերման գործընթացը։

Ի սկզբանե պատգամավորն առաջարկում էր կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցված գումարների 100%-ը սառեցվի, մինչեւ շենքի ավարտը։ Նախագծի այս տարբերակը հարուցել էր կառուցապատողների դժգոհությունը։ Քննարկումներից հետո նախագիծը փոփոխվել է, կառուցապատողի հատուկ հաշվին գումարի մի մասն է սառեցվելու։

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ներկայացնելով շուկայում առկա իրավիճակն, ասում է՝ առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու տարբերակներն են հիփոթեքային վարկն ու տարաժամկետ վճարումը։ Տարաժամկետ վճարման դեպքում գնորդը 100% վճարում է կատարում, գումարը փոխանցվում է կառուցապատողի հատուկ հաշվին, քաղաքացին էլ, ըստ պայմանագրի, կամ թույլ է տալիս այդ գումարն ամբողջությամբ օգտագործվի շինարարության նպատակով կամ թույլ չի տալիս։

«Շուկայում դիտարկվում է հետեւյալ իրավիճակը՝ կառուցապատումը համարվում է լավ բիզնես, շատ-շատերը սկսում են կառուցապատում անել, ու կան ֆինանսապես ոչ գրագետ կառուցապատողներ, ովքեր ոչ թե իրենց սեփական կապիտալով են սկսում կառուցել, այլ՝ պարտքերով, սեփական միջոցներ չունեն, սկսում են գնորդներից հավաքած գումարներով շինարարություն անել։ Երբ կառուցապատողին տալիս են թույլտվություն 100%-ով այդ գումարն օգտագործել՝ մեծ ռիսկ է առաջանում, ու կառուցապատողը կարող է անբարեխիղճ գտնվի, գումարները վերցնի գնորդից ու չուղղի կառուցապատման նախագծի ֆինանսավորմանը, այլ, օրինակ այլ պարտքեր մարի, իր համար թանկարժեք մեքենա գնի եւ այլն։ Իսկ գործող օրենքն ասում է՝ դա գնորդի եւ վաճառողի իրավահարաբերություններն են, իրենք պետք է պայմանավորվեն։ Սա է պատճառը, որ հիմա որոշել են օրենսդրական կարգավորումներով սահմանափակումներ դնեն»,-ասում է Սաքապետոյանը։

Նրա ներկայացմամբ՝ 2025 թվականի հունվարի 1-ից նորակառույցում բնակարան գնելիս եկամտային հարկի տոկոսների հետվերադարձի ծրագիրը դադարեցվելու է, իսկ սա, ըստ մասնագետի, ենթադրում է, որ այդ ժամանակ ոչ մեկին ձեռնտու չի լինելու կառուցապատման ընթացքում հիփոթեք վերցնել, երեք տարի վճարել ու սպասել մինչեւ շենքը հանձնվի. «Գերակշռելու են տարաժամկետ վճարման գործարքները։ Հիմա փորձում են որոշակի ֆիլտրեր դնել, որպեսզի ցանկացած կառուցապատող գումարները չկարողանա միանգամից տնօրինել, մի մասը մնա բանկային հաշվին սառեցված, որպեսզի շենքը չավարտելու դեպքում գոնե լինեն բավարար միջոցներ շենքն ավարտին հասցնելու համար։ Սա ինչ-որ տեղ արդար նպատակ է։ Սակայն առաջին ընթերցմամբ նախագծում ենթադրվում էր, որ օրենքի ընդունումից հետո ամբողջ գումարն էր սառեցվելու, ինչը շուկայում մեծ խնդիրներ կառաջացներ»։

Բանակային համակարգի եւ կառուցապատողների վերլուծությամբ՝ օրենսդրական նման փոփոխությունը, ինչպես ասում է Սաքապետոյանը, կառուցապատողներին, հատկապես թույլ ֆինանսական միջոցներով կամ նոր շուկա մտնող կազմակերպություններին ֆինանսական կրախի առաջ կկանգնեցներ։

Եթե ֆինանսական բավարար միջոցներ չունեն, թույլ են, գուցե պետք չէ՞ մտնեն շուկա, գնորդն էլ ռիսկի տակ չի մտնի, մեր այս դիտարկմանն ի պատասխան Սաքապետոյանն ասում է՝ հասկանալի է, որ նախագիծը հօգուտ գնորդի է, բայց խաղի կանոնները խաղի կեսից չի կարելի փոխել, քանի որ բիզնեսը նախապես է ծրագրվում, խաղի կանոնը պետք է խաղի սկզբից փոխել։

«Բանակցություններից հետո կառավարության եւ Ազգային Ժողովի հետ համաձայնության եկանք, որ այս փոփոխությունը պետք է իրականացվի փուլային տարբերակով։ Սա չարյաց փոքրագույնն է։ Այս տարի որեւէ փոփոխություն տեղի չի ունենա»,-ասում է Սաքապետոյանը։

Նախագծի փոփոխության արդյունքում առաջարկվում է՝ եկող տարվանից կառուցապատողի հատուկ հաշվին առկա ֆինանսական միջոցների 30%-ը պետք է սառեցվի, 70%-ը կարող է դառնալ հասանելի, 2025 թվականից 50% է սառեցվելու։ «Սա էապես կմեղմի առկա ռիսկերը եւ սա խթան է, որպեսզի կառուցապատողն արագ ավարտի շինարարությունը։ Այսինքն, առաջին ընթերցմամբ անցած նախագիծը փոփոխվել է։ Հույս ունեմ, որ երկրորդ ընթերցմամբ կընդունվի այս տարբերակը։ Համենայնդեպս փոխըմբռնում կա կառավարության հետ։ Հիմա պետք է փոխվարչապետի մոտ քննարկվի այս տարբերակը»,-նշում է մասնագետը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31