Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկայի հայտնաբերման ճանապարհին

Հուլիս 03,2023 12:30

Սկիզբը՝ այստեղ

  1. Գլենդելցի հայ պատանիները

Վահեն հայտնեց, որ Գլենդելի երկու բնակիչներ, որոնք արմատներով բեյրութցի են, Գուրգեն Փարթամյանն ու Երվանդ Քիրեջյանը, դիտել են «Դար» հեռուստաշարի վարող Արտեմ Սարգսյանի զրույցը ինձ հետ ու ցանկանում են հանդիպել ինձ հետ: Քանի որ ձգձգվեց «Հորիզոն» հեռուստատեսությունում պարոն Բալաբեկի հետ զրույցը, ես Սոնայի հետ ուշ հասա Ամերիկանոյում պայմանավորված վայրը: Տարեց մարդիկ էին, ապրում էին Հայաստանով, նրա խնդիրներով: Բարձրացանք երրորդ հարկ: Հսկայական գրադարան էր: Երիտասարդներն ազատ շրջում էին գրադարակների արանքում, վերցնում իրենց ուզած գիրքն ու սկսում ընթերցել կամ ուսումնասիրել: Դա գիրքը մատուցելու ինձ հայտնի  ամենալավ ձեւն էր: Բեյրութցիները մեկ ինձ էին հարցեր տալիս, մեկ Վահեին, ի վերջո, հաղթեց Վահեն, որը երեւի ավելի սիրով էր պատասխանում, իսկ ես արդեն հոգնություն էի զգում: Շուտով Սոնան գնաց, քանի որ շենքից զանգեցին, որ էլեկտրական սալին է թողել ճաշի կաթսան, որի ծուխը տագնապ է ազդարարել, ու շտապ եկել էին 911-ից:

Ամերիկանա զբոսավայրը

Ինձ շատ էր հետաքրքրում, թե ինչ վայր է «Ամերիկանոն», ու հաջորդ օրը մենակ գնացի: Երկու մուտք ուներ այն: Առաջին մուտքի մոտ մի պատանի, Արցախի դրոշը ուսերին, բարձրաձայն դիմում էր անցորդներին, որ անտարբեր չանցնեն, իրենք Հայաստանի գյուղերում ծրագրեր են իրականացնում եւ առաջարկում են գումարով նպաստել այդ գործին: Ամերիկանոյի այցելուներից որոշ մարդիկ, նաեւ ոչ հայեր, մետենում էին՝ հնգական դոլար մտցնում թափանցիկ անոթի ճեղքից: Սեղանին տարբեր թխվածքներ ու գաթա կար, որ առաջարկում էին այցելուներին:

-Ի՞նչ դրոշ է ուսերիդ, -դիմեցի ես պատանուն:

-Արցախի դրոշն է, -պատասխանեց նա:

-Դու արցախցի՞ ես:

-Ոչ, ծնողներս են Արցախից:

-Ո՞ր շրջանից:

-Չգիտեմ, ես Երեւանում եմ ծնվել:

-Ես արցախցի եմ, դրա համար եմ հարցնում:

-Իսկ ես ձեր հարեւան Սյունիքից եմ, -ասաց Լիլիա Հովհաննիսյանը, որը խմբի գանձապահն էր: Դրամահավաքին էին եկել «Armenian Yung» կրթական օրհնության կազմակերպության խորհրդի անդամներ Մագին Սիմոնյանը, Գայանե Առաքելյանը, Անի Բաբուրյանը, Համլետ Տեր-Հակոբյանը, Էմիլի Բեջանյանը: Տիգրանը պատմեց, որ այս տարի Սյունիքում Մյասնիկ Իսրայելյանի հիմնադրամի օգնությամբ իրականացնելու են երեք ծրագիր:

  1. Խնձորեսկի դպրոցի համար ձեռք կբերեն կիթառ, պրինտեր եւ պրոյեկտոր:
  2. Կօգնեն Գորիսի Քոլեջին:
  3. Լուսաշող գյուղում կօգնեն Ստեղծագործական կենտրոնին, կկազմակերպեն ամառային ճամբար եւ անգլերենի դասընթացներ:

Ես բոլորին հրավիրեցի Հայաստանի պետականության վերականգնման օրը՝ մայիսի 28-ին, ժամը 12-ին ներկա լինելու Արեւմտյան Հայաստանի մինչեւ եղեռնը լուսանկարների ցուցահանդեսի բացմանը:

Բուսաբանական այգում

Սոնայի հետ բուսաբանական այգի գնացինք, որը Գլենդելի մաս էր կազմում: Քայլեցինք դեպի ճապոնական մասը: Ծառերը ծածկել են երկինքը: Հայաստանին յուրահատուկ ծառերն էլ այս խոնավության պայմաններում պակաս չեն ծածկի երկինքը: Ճապոնական միջավայրը ձեւավորելու արվեստը արտահայտվում է Գլենդելի ամեն քայլափոխի:

Սակայն ոչ մի հիցմունք չէի արտահայտում, քանի որ նեղված էի հայրենի եզերքի՝ Արցախի խնդրով, մանավանդ որ, ՀՀ վարչապետը պարզապես իրականացնելով  իր հոգեւոր հոր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի երազանքը, Արցախն առանց խոչընդոտի հանձնում է թուրքերին: Սակայն մի միտք բույսերի, ծաղիկների  հետ պարուրեց ինձ, ու ասացի, տիեզերքի տարբեր մոլորակներից հավաքել են, բերել լցրել մեր մոլորակը, այն վերածելով յուրահատուկ լաբորատորիայի, որ պահպանեն տեսակները: Այդ պահին էլ մեկ այլ գաղափար դուրս հորդեց.

-Գիտե՞ս, Սոնա, այս մարդիկ անգլերեն են խոսում, քանի որ չգիտեն հայերեն…

Ինքս հիացա իմ այս հայտնությունով՝ դրանով փորձելով արդարացնել տարիների ընթացքում իմ անգլերենի նկատմամբ ծուլությունը: Միայն ուսանողական տարիներին եռանդուն սկսել էի անգլերեն պարապել, սակայն համակուրսեցիները ծաղրում էին ինձ, ուստի հիասթափվեցի եւ դադարեցրի, տուրք  տալով արձակին: Իսկ գերմաներենը իմացածս էլ իրար խառնեց, քանի որ մեկ տարի ստիպված էի ամեն պահի գերմաներեն լսել եւ յուրացնել:

Գուրգեն Մելիքյանը

ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը հրավիրեց իր միջոցառմանը: Նա «Գուրգեն Մելիքյան՝ Քաշաթաղի ընտանիքների օգնության հիմնադրամի» ծրագրով ամեն տարի Գլենդելում դրամահավաք է կազմակերպում, որի հասույթով իրականացնում էր մի քանի ծրագրեր: Առաջինը ծառատնկման ծրագիրն էր:

Լինելով  հիմնադրամի «Բարեգործ» թերթի հիմնադիր- խմբագիրը, շատ անգամ եմ մասնակցել ուսանողների հետ Բերձորի ծառատունկին: Այժմ հազարավոր ընկուզենիները հասակ են առել, սակայն նրանց բերքն այլ հանրություններ, այլ ցեղի մարդիկ են վայելում, քանի որ հայերի դրածո առաջնորդը այդ եզերքը, որը ի սկզբանե հայկական է, նվիրեց Բաքվի սուլթանին: Կարեւոր է կովերի ծրագիրը, որի միջոցով կով է հատկացվում կարիքավոր ընտանիքներին: Սակայն այժմ գլխավոր ծրագիրը կարիքավոր ուսանողների ուսման վարձի մի մասի հատկացումն էր:

Սրահի մարդկանց մեջ մեծաթիվ էին  իրանահայերը: Առաջին անգամ Գուրգենին ուղեկցում էր որդին՝ Վահանը: Իհարկե, որդին կարող է շարունակել հոր բարեգործությունը:

Այստեղ ես հանդիպեցի Արցախյան թեմի նախկին առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին: Հայ առաքելական եկեղեցու նվիրակը ԱՄՆ էր եկել սրտի վիրահատության, ավելի շուտ՝ փոփոխման համար, սակայն … ստացումը ձգձգելու պատճառով այն ձգձգվում էր:

Հանդիպեցի նաեւ Հայաստանի մշակույթի 2016-18 թթ. նախարար Արմեն Ամիրյանին, որը Գլենդելում զբաղվում է միհարկանի տների շինարարությամբ:

Ճաշկերույթը ուղեկցվում էր պարի խմբի ելույթով, ազգային երգերով, ելույթներով: Ապա տեղի ունեցավ գեղանկարների աուկցիոն վիճակախաղ:

Հիմնադրամի Գրիգոր Լուսավորիչ մեդալով պարգեւատրվեցին Արոն Վարդանյանը, Դոքտոր Րաֆֆի Պալյանը եւ տիկին Թագուհի Արզումանյանը:

Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31