Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Նկարիչ-քանդակագործ Միքայել Ավետիսյանի 100-ամյակին ընդառաջ

Հուլիս 03,2023 12:00

Նա ստեղծագործել է հոգու ու սրտի թելադրանքով

Օրերս ես՝ Գոհար Արշակյանս ու  լրագրող, գրող-հրապարակախոս Դավիթ Սարգսյանն այցելեցինք անվանի նկարիչ-քանդակագործ Միքայել Ավետիսյանի շիրիմին՝ Երեւանի Լուկաշինի փ. հ. 68 տուն։ Չի կարելի ասել, թե այն խնամված չէր։ Այսինքն խնամելու կարիք էլ չկար, քանզի այն պարզապես բանտված է։ Այո՛, բանտված է իր իսկ այգում՝ չորս կողմից շրջապատված բարձր պատերով։ Դրանցից մեկում դուռ կա, որից ներս երեւում է առանց շրիմաքարի, հարթ, ցեմենտված  գերեզմանը, որի վրա դրված է տան փողոցի պատից հանված, նրա երախտագետ երբեմնի ուսանողների կողմից տեղադրված հուշատախտակը, որ այդ տանն ապրել է նկարիչ- քանդակագործ Միքայել Ավետիսյանը…։ Մեզ չհաջողվեց այդ ամենը տեսնել, քանի որ պետք է անցնեինք նրա խորթ դստեր հյուրասենյակով։ Վարպետի առաջին կինը վաղ էր մահացել, թողնելով 12-ամյա դստերը՝ Անահիտին, ամուսնու խնամքին։

Նկարիչ-քանդակագործ Միքայել Ավետիսյանի  մասին համեմատաբար քիչ է գրվել թե՛ մեզանում եւ թե՛ սփյուռքում, քանզի չի ցանկացել կազմակերպել անհատական ցուցահանդեսներ, անգամ չի դիմել Նկարիչների միությանն անդամագրվելու, չնայած դրա իրավունքը վաղուց նվաճել էր, փոխարենը հայտնի էր ե՛ւ արվեստասեր հասարակայնությանը, ե՛ւ հասարակ հայ մարդուն, լինի սփյուռքում, թե Հայաստանի Հանրապետությունում: Նա հեղինակն էր Անդրանիկ զորավարի առաջին կիսանդրու, որը տեղադրվել է խորհրդային դժվարին տարիներին՝ 1967թ. հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Աշտարակի Ուջան գյուղում, ուր ապրում էին մեծ հայդուկի 102 քաջ զինվորները: Վերջիններիս երազանքն էր՝ իրենց գյուղում տեսնել մեծանուն նվիրյալի կիսանդրին… Դավիթ Սարգսյանը մանրամասնեց, որ արձանը տեղադրելիս հոսանքազրկել էին գյուղը, իսկ Անդրանիկի ծերունի հայդուկները՝ որսորդական հրացաններով  գիշերները հերթապահում էին։ Միլիցիան, չնայած քաջատեղյակ էր, այդուհանդերձ, չխոչընդոտեց տեղադրմանը։ Ուջանը, մեծ զորավարի կիսանդրու շնորհիվ, դարձել էր ինքնատիպ ուխտատեղի, այսեղ էին շտապում ինչպես տեղի, այնպես էլ արտերկրից եկած մեր հայրենակիցներն ու օտարազգի շատ հյուրեր։ Հիշում եմ անգամ մանուկ հասակում, երբ հանրային ավտոբուսով պապիս գյուղ էինք մեկնում, «Պազիկ»- ի վարորդը կանգ առավ ու բոլորիս ուշադրությունը հրավիրեց Անդրանիկ զորավարի կիսանդրուն։ Այո՛, երեւույթ էր այդ ժամանակ հրապարակայնորեն ունենալ մեծ զորավարին հավերժացնող կոթող։

Ընկերներն ու մտերիմները նրան սիրում էին ասել՝ մեր Միշան… Ծնվել էր նա արվեստների ու արհեստների քաղաք Գյումրիում՝ Կարսից մի քանի տարի առաջ գաղթած, ցեղասպանությունը վերապրած Ավետիսյանների ընտանիքում՝ 1924 թ. հունվարի 21-ին: Պապերն ավելի վաղ գաղթել էին Սասունից՝ Մուշ, այնուհետեւ Կարս, ուր եւ սպանվել էին թուրքի յաթաղանից: Իսկ ողջ մնացած որբերն Անդրանիկ զորավարի պաշտպանությամբ էին հասել Գյումրի: Բնական է, որ վաղ հասկից՝ 5-6 տարեկանում արդեն փոքրիկ Միքայելը գիտեր մեծ զորավարի մասին, քանզի իրենց տանն էին հավաքվում հորեղբայրները, քեռիներն ու հիշում էրգիրը, կոտորածներն ու գաղթը եւ թուրքերի դեմ արիաբար մարտնչած Անդրանիկ զորավարին…Այդ անունը ապագա նկարչի ուղեկիցն էր, թե՛ դպրոցում, թե՛ ռազմի դաշտում (որտեղ վիրավորվել էր զույգ ոտքից ու զորացրվել՝ 1944 թ.), թե՛ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, թե՛ գեղարվեստաթատերական ինստիտուտի նկարչա-գծագրական ֆակուլտետում եւ թե՛ Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում դասավանդելու 27 երկար ու ձիգ տարիներին եւ մնացյալ ժամանակներում… Ու մեծ զորավարին արժանին մատուցելու առիթը եկավ, երբ ուջանցի մի խումբ երիտասարդներ, նրանց թվում՝ Հարությունը (Ուջանի ապագա բժիշկը), Հակոբը, Մհերը, Անդոն եւ այլք, երկար փնտրտուքից հետո գտել էին վարպետ Միքայել Ավետիսյանին, ով արդեն հասցրել էր վաստակել «հակասովետականի» անուն: «Այո, շատերին էին մոտեցել երիտասարդները Անդրանիկի կիսանդրին կերտելու համար, սակայն ոչ ոք հանձն չէր առել, ավելին՝ ասել էին, որ այդ գործը թե անի, ապա միմիայն վարպետ Միշան կանի, – պատմում է քանդակագործի դուստրը՝ Անահիտ Ավետիսյանը եւ ավելացնում, որ աշխատանքը սկզբում ընթացել է դրսում՝ Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի դիմացի «Օղակաձեւ» այգում, այնուհետեւ տեղափոխվել է ինստիտուտի նկուղը: Շուտով իմացվում է եւ արգելում են աշխատանքը:  – Հայրիկս ստիպված աշխատում էր գաղտագողի՝ գիշերները: Ի վերջո, 1967 թ. հունիսի սկզբին կիսանդրին պատրաստ էր…Արձանի տեղադրման գիշերը հայրս համոզված էր, որ ազատության մեջ վերջին օրն էր ապրում…Ի դեպ, նա այն քչերից էր, որ երբեք Լենին չնկարեց ու չքանդակեց, անուններ չտանք…Անսահման սկզբունքային էր, հպարտ ու համառ, անգամ չվերցրեց պետության կողմից նվիրաբերած «Զապորոժյե» ավտոմեքենան…»:

Նկարիչ-դիզայներ դուստրը պատմում էր հոր գեղանկարների մասին, նշում անգամ որոշների վերնագրերը՝ «Եփրատի զոհերը», «Տարերքին ընդառաջ», «Վերելք», «Պայքար», «Հավերժություն» եւ ընդգծում, որ դրանք այսօր էլ արդիական են եւ աղերս ունեն մեր լեզվամտածողության ու աշխարհընկալման մեջ…

Սպիտակի աշխարհացունց երկրաշարժը ստիպեց արվեստագետին ձեռնամուխ լինել «Հայաստան» մեծածավալ գործի ստեղծմանը:  Երեք մետր երկարությամբ ու երկու մետր լայնությամբ կտավում՝ հետին պլանում պատկերված է արհավիրքը,  կենտրոնում՝ սլացիկ իրանով կանգնած է հայ կինը՝ Մայր Հայաստանի կերպարով, գրկում՝ մանուկը՝ ծիլը ձեռքին, իսկ առաջին պլանում մեսրոպատառ գիրքն է եւ նորից շենացող քաղաքներն ու գյուղերը, ասել է թե՝ ապրելու հրամայականն է մեր ուղեկիցը… Արցախյան շարժումը ծնունդ տվեց  «Ըմբոստացող Քրիստոսը» կտավին: Մ. Ավետիսյանի ստեղծագործություններից Գարեգին Նժդեհի բարձրաքանդակը տեղադրված է Խուստուփ լեռան լանջին: Այո՛, նա ստեղծագործել է հոգու ու սրտի թելադրանքով… Միքայել Ավետիսյանը քանդակագործությանը զուգահեռ զբաղվել է նաեւ գեղանկարչությամբ եւ գրաֆիկայով: Բազմաժանր ստեղծագործողին հոգեհարազատ էին ինչպես պատմական, այնպես էլ աստվածաշնչյան  թեմաները, դիմանկարը, բնանկարն ու նատյուրմորտը եւ այլն: Նկարազարդել է Հովհ. Շիրազի «Հայոց դանթեականը», Լ.Շանթի «Հին աստվածները», Ավ. Իսահակյանի «Աբու Լալա Մահարին» եւ այլն:

Հոր մասին խոսելիս Անահիտը նշեց, որ նրա հարկի տակ հաճախ էին հավաքվում գյումրեցի մեծերը, հատկապես  Մհեր եւ Ալբերտ Մկրտչյանները, Հովհաննես Շիրազն ու այլք, որ հայրը հյուրասեր էր, նուրբ հումորի զգացում ուներ եւ անսահման բարի էր՝ դասավանդման երկար ու ձիգ տարիների ընթացքում ոչ մի ուսանողի անբավարար չի գնահատել:

Առանձին աշխատանքներով վարպետը ցուցադրվել է Մոսկվայում, Մերձբալթյան երկրներում՝ միութենական ցուցահանդեսներում եւ արժանացել է բարձր գնահատականի: Նրա գործերից կան նաեւ մասնավոր շատ հավաքածուներում։

Միքայել Ավետիսյանը մահացել է 1996թ. դեկտեմբերի 8-ին։ Ընտանիքին մոտ կանգնած որոշ մարդկանց գործուն մասնակցության շնորհիվ հուղարկավորվել է իր բակում՝ հետագայում նրա տուն-թանգարան ստեղծելու նպատակով։ Անցել է երկար ու ձիգ 27 տարի, սակայն այս խոստումն իրականություն չդարձավ, փոխարենը մեծանուն հայը չունեցավ մի գերեզման, որին այցի կգային նրա հարազատները, ընկերներն ու արվեստի երկրպագուները կամ ինչո՞ւ չէ, նաեւ նոր բարձրացող սերունդը։ Վարպետի վաղեմի երազանքն էր հուղարկավորվել Ուջանում։ Դուստրը գրավոր դիմել է Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Տ. Ավինյանին, որպեսզի կազմակերպվի հոր վերահուղարկավորումը Ուջանում։ Շուտով՝ 2024 թ. հունվարի 21-ին կլրանա վարպետի ծննդյան 100-ամյակը ու հպարտ հային արժանին մատուցելու քայլ կլինի նրա վերահուղարկավորումը Ուջանում, ինչին դեմ չեն ուջանցիները։

Լիահույս լինենք, որ Երեւանի քաղաքապետարանը չի անտեսի այս խնդրի լուծումը ու «կալանքից» դուրս կբերվի Մ.Ավետիսյանի շիրիմը։ Ավելին՝ առաջարկում ենք, որ Երեւանի Լուկաշինի փողոցն անվանափոխվի Միքայել Ավետիսյանի անունով։

Գոհար ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31