Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այդ գործերը ՄԻԵԴ-ի կողմից ենթակա են քննության եւ լուծման հրատապ կարգով. կարծում եմ՝ 1-1,5 տարուց կունենանք վճիռներ»

Հուլիս 03,2023 14:30

Սիրանուշ Սահակյանը՝ ՄԻԵԴ-ի կողմից հայ դատավորների գանգատը վարույթ ընդունելու մասին

«Այս բոլոր գործերը չեն միավորվել, այսինքն՝ այս գործերի վարույթը տեղի չի ունենալու մեկ գործի շրջանակում, բայց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) խմբավորել է գործերը եւ կարծիք արտահայտել, որ դրանք բոլորն էլ առնչվում են ԲԴԽ-ի գործունեությանը եւ ինստիտուցիոնալ  խնդիրներին»,- «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց Միջազգային իրավունքի մասնագետ, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով մեր այն հիշեցմանը՝ տեղեկություններ կան այն մասին, որ լիազորությունները դադարեցրած 7 դատավորներ՝ Ալեքսեյ Սոքոյանը, Զարուհի Նախշքարյանը, Աննա Փիլոսյանը, Սուրեն Անտոնյանը եւ այլք, դիմել են ՄԻԵԴ, եւ այն դատավորների գանգատը ընդունել է վարույթ։

Սիրանուշ Սահակյանը նկատեց, որ այդ գործերն ունեն մեկ ընդհանրություն. բացահայտ կերպով ցուցադրել են ԲԴԽ-ի ինստիտուցիոնալ կախվածությունը գործադիր  իշխանությունից, գործունեության ընթացքում անաչառության բացակայություն, արդար դատաքննության իրավունքի խախտումներ, որոնք կապված են պրոցեսի վարման հետ, կամ, օրինակ՝ պաշտպանության իրավունքի էական սահմանափակումներ նախանշված ծավալից դուրս արարքի որակում եւ դրա արդյունքում լիազորությունների դադարեցում եւ համանման այլ խնդիրներ. «Քանի որ այդ գործերը բացահայտում են համակարգային խնդիր, իսկ ՄԻԵԴ-ի առաջնահերթության քաղաքականության հիման վրա համակարգային խնդիրներ բացահայտող գործերը պետք է առաջնահերթություն եւ հրատապ կերպով լուծում ստանան։ Դատարանն այս դասակարգիչն է տվել, եւ բոլոր գործերի նկատմամբ կիրառել դատարանի կանոնագրքի 40-րդ եւ 41-րդ կանոնները, ինչը նշանակում է, որ այդ գործերը ենթակա են քննության եւ լուծման հրատապ կարգով»։

Սիրանուշ Սահակյանը նաեւ հավելեց՝ միջազգային կառույցների շրջանում լուրջ մտահոգություններ կան ԲԴԽ-ում տիրող իրավիճակի հետ կապված եւ այստեղ միտումներն էլ խիստ բացասական են. «Հարկադիր հրաժարականները տիպական են այս կառույցին, թափուր տեղերը համալրվում են քաղաքական լոյալության սկզբունքով, եւ Դատավորների եվրոպական միությունը վերջերս խնդիրը քննարկել եւ արձանագրել է, որ ԲԴԽ-ում հիմնական անդամները նշանակվում են քաղաքական դրդապատճառներով։ Դա բավականին կոշտ ու լուրջ ձեւակերպում է, ինչը նշանակում է, որ միջազգային գործընկերները տեսնում են ԲԴԽ-ի քաղաքականացված գործունեությունը, նաեւ իշխանության քաղաքական թիմի անդամ, գաղափարակիր Կարեն Անդրեասյանին։ Սա խախտում է ԲԴԽ-ի անկախության, ապաքաղաքականացվածության, չեզոքության սկզբունքը եւ նշանակում է, որ այդ մարմինը վերածվել է քաղաքական գործիքակազմի։ Այս խնդիրների լրջությունը հասկանալով՝  գործերը հրատապ կերպով պետք է քննվեն, որ Եվրոպական դատարանը կարողանա ազդեցություն ունենալ Հայաստանի իրավական համակարգի վրա»։

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ձեւով կարող է ազդեցություն լինել, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց. «Վճիռները երբ կայացվեն, այստեղ արձանագրումներ են լինելու։ Դա կարող է լինել ինստիտուցիոնալ անկախության բացակայությունը, որը պետք է հանգեցնի նշանակման ընթացակարգերի վերանայման, անձերի փոփոխության եւ անհատական պատասխանատվության։ Ինքներդ էլ տեսնում եք, որ Եվրոպական դատարանի վճիռների հիմքով կարգապահական վարույթներ են իրականացվում դատավորների նկատմամբ, իսկ ԲԴԽ-ի անդամները՝ որպես դատարան՝ գործունեություն իրականացնելիս կարգապահական վարույթներով հանդես են գալիս՝ որպես դատավորներ, ուստի կարգապահական վարույթները եւս կիրառելի են լինելու ԲԴԽ-ի անդամների նկատմամբ։ Բայց նշեմ, որ կարգապահական խախտումներից վեր եւ ծանր խախտումներ կան, որոնք բացահայտում են կազմակերպության հատկանիշներ, օրինակ՝ կեղծվում են քվեարկության արդյունքները, դատական ակտը չի պարունակում գործին մասնակցած բոլոր դատավորների ստորագրությունները, որոնք, կարծում ենք, նաեւ արդարադատության շահերի դեմ ուղղված արարքներ են։ Այս մասով ապագայում, ինչու ոչ, հաղորդում կներկայացնենք իրավապահ մարմիններին, որ նաեւ քրեաիրավական գնահատական կտան ԲԴԽ-ի անդամների գործունեությանը, որը ոչ միայն վեր է օրենքից, այլեւ խախտում ու ոտնձգում է քրեական օրենսդրությամբ պաշտպանվող արժեքների իրացումը»։

Հարցին՝ ի՞նչ ընթացակարգեր են գործում եւ ի՞նչ ժամկետներում կարող ենք որոշում տեսնել ՄԻԵԴ-ի կողմից, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ դժվար է հստակ կանխատեսումներ կատարելը, բայց նշեմ, որ ունենք գործ, որը արագ է կոմունիկացվել, եւ կարող եմ ասել, որ նաեւ գրավոր հուշագրերի փոխանակման փուլն էլ շուտով կեզրափակվի, եւ դրանից հետո ողջամտորեն կարելի է կանխատեսել, որ վեցամսյա ժամկետում ՄԻԵԴ-ը կարող է վճիռ հրապարակել։ Այսինքն՝ կոմունիկացիան հրապարակելուց հետո վեցամսյա ժամկետում։ Իմ կանխատեսմամբ՝ 1-1,5 տարվա կտրվածքով այս գործերով մենք արդեն կարող ենք ունենալ վճիռներ»։

Սիրանուշ Սահակյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ ի՞նչ իրավական զարգացումներ կան հայ ռազմագերիների եւ անհետ կորածների հարցերով, նա պատասխանեց. «Իրավական գործընթացում մենք արդեն իսկ ունենք կոմունիկացված գործեր։ Նաեւ ունենք դեպքեր, երբ ադրբեջանական կառավարությունը փորձում է անհատական գործը միացնել միջպետական գործերին։ Կարծում եմ՝ դա ժամանակ շահելու նկատառումներից ելնելով։ Դատարանը նոր դիքորոշում չի ձեւավորել, որտեղ ունենա առաջնահերթություն։ Մյուս կողմից՝ միջազգային կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում խնդրի վրա եւ փորձում հասնել նրան, որ ավելի ինտենսիվացվեն եւ համատեղվեն ջանքերը, որպեսզի մի կողմից այդ հարցում պայմանավորվածություններ արագ ձեռք բերվեն, մյուս կողմից՝ միջազգային կառույցները, հասկանալով հարցի կարեւորությունը, նաեւ արագացնեն դատական գործընթացները։ Ադրբեջանը փորձում է անհատական գործը միացնել միջպետականին, որպեսզի մենք անհատական գործերով լուծումներ հնարավորինս սեղմ ժամկետներում չունենանք. օրինակ՝ Ադամյանը եւ Հակոբյանն՝ ընդդեմ  Ադրբեջանի գործով, որը Հադրութի գնդակահարությանն է վերաբերում։ Այս պահին դատարանը մերժել է եւ միացում չի իրականացրել»։

Նա նաեւ հայտնեց՝ այն միջադեպերը, որոնց արդյունքում միտումնավոր թիրախավորվում է քաղաքացիական բնակչությունը, դրանք ռասիզմի դրսեւորումներ են. «Վստահ եմ, որ այդ փաստերը պետք է  ներկայացվեն միջպետական գանգատի շրջանակում ՄԱԿ-ի դատարան, բայց նշեմ, որ այդ հարցերով մենք քաղաքացիների իրավունքների պաշտպանություն ենք իրականացնում անհատական գործերով եւ ունենք ներկայացված գործեր, որոնք կապված են ադրբեջանական զինված ուժերի  կողմից քաղաքացիական բնակչության սպանության փորձերի կամ նրանց գույքի  ոչնչացման հետ։ Ունենք գործեր, որտեղ բարձրաձայնել ենք խաղաղապահների պատասխանատվությունը՝ հաշվի առնելով, որ միջադեպերը գտնվել են խաղաղապահ  առաքելության հսկողության ներքո եւ դրանք արձանագրվել են նրանց ներկայությամբ, եւ վերջիններս ի զորու չեն եղել կանխել միջադեպերը, որոնք հանգեցրել են այնպիսի հետեւանքների, ինչպիսին անձի մահն է։ Եվ այդ գործերը մեզ համար ունեն ռազմավարական նշանակություն. դրանք նախապատրաստվել եւ ներկայացվել են ՄԻԵԴ»։

Սիրանուշ Սահակյանը տեղեկացրեց, որ շուրջ 400 հայ զոհի առնչությամբ կան գործեր, որոնք խմբավորված են գանգատներում. «Դրանք խտրականության իրավունքի խախտումներն են. կապված են խոշտանգումների, կյանքի իրավունքների խախտումների, բռնաանհետացումների, առեւանգումների եւ այլ նմանատիպ կոպիտ արարքների հետ, որոնք նաեւ պատերազմական հանցագործություններ են»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31