«Հայերը, որոնք փոխեցին աշխարհը»․ այս արտահայտությունը բարձրագոչ է հնչում մինչ այն պահը, քանի դեռ չես ծանոթացել այս զարմանալի մարդկանց կենսագրությանն ու հայտնագործություններին․ Aravot.am-ն անդրադարձել է այն հայ բժիշկ-գիտնականներին, որոնց անձնվեր աշխատանքի ու խենթ գաղափարների շնորհիվ այսօր աշխարհի բոլոր անկյուններում ամեն վայրկյան մարդկանց կյանքեր են փրկվում։
Իհարկե, այս ցանկն ամենևին էլ ամբողջական չէ, սակայն նրանց անուններն իմանալը կարևոր է, ինչպես և կարևոր է այն ճշմարտությունը, որ որքան էլ խելացի ու շնորհալի լինես, նպաստավոր միջավայրի և հնարավորությունների պայմաններում ես, այնուամենայնիվ, կարողանում «սարեր շուռ տալ»։ Օտար ափերում Եղեռնից մազապուրծ հայ գաղթականների ընտանիքներում ծնված այս մարդիկ կարողացել են վաստակել «սարեր շուռ տալու» իրենց հնարավորությունը։
Վարազդատ Կազանջյան
Վարազդատ Հովհաննեսի Կազանջյանը ծնվել է 1879 թ․-ի մարտի 18-ին Երզնկայում։ Փախչելով Համիդյան ջարդերից՝ 1895 թվականին մեկնել է ԱՄՆ, հաստատվել Մասաչուսեթս նահանգի Վուսթեր քաղաքում և աշխատել մետաղալարի գործարանում։Գործընկերոջ խորհրդով Կազանջյանը որոշել է ատամնաբուժություն ուսումնասիրել՝ միաժամանակ և՛ աշխատելով գործարանում, և՛ պարապելով, և՛ հաղթահարելով լեզվական դժվարությունները։
1902 թ․-ին նա Հարվարդի ստոմատոլոգիական դպրոց է ընդունվել։ 1905 թ․-ին ավարտելով ուսումը՝ նույն դպրոցում անցել է աշխատանքի որպես օրթոպեդիկ ստոմատոլոգիայի բաժնի օգնական՝ դպրոցի կլինիկայում աշխատելու ընթացքում բուժելով ավելի քան 400 կոտրված ծնոտ՝ բուժման նոր մեթոդների օգտագործմամբ։
Կարդացեք նաև
Իր կարիերայի ընթացքում Կազանջյանը հաճախ է հատել օրթոպեդիկ ստոմատոլոգիայի և պլաստիկ վերականգնողական վիրաբուժության սահմանները։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իր հմտությունների շնորհիվ նրան հաջողվել է վերականգնել զինվորների՝ պատերազմի ժամանակ ձևախեղված բազմաթիվ դեմքեր։ Ի նշան երախտագիտության 1919 թ․-ին նրան Անգլիայի Գևորգ V թագավորը Սուրբ Միքայել և Սուրբ Գևորգ շքանշանի է արժանացրել։
1919 թ․-ին վերադառնալով Բոստոն՝ Վարազդատ Կազանջյանը ստացել է Հարվարդի ստոմատոլոգիական դպրոցի դիմածնոտային զինվորական վիրաբուժության բաժնի պրոֆեսորի կոչում։ 1941 թ․-ին Վարազդատ Կազանջյանը դարձել է Հարվարդի բժշկական դպրոցի պլաստիկ վիրաբուժության առաջին պրոֆեսորը։
Նրա նորարարական մոտեցումները խթան հանդիսացան պլաստիկ վիրաբուժության հետագա զարգացման և կատարելագործման համար։
Վիրջինիա Ապգար
Վիրջինիա Ապգարը ծնվել է 1909 թվականի հունիսի 7-ին ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ուեսթֆիլդ քաղաքում հայ գաղթական Չարլզ Էմորի Ապգարի ընտանիքում։
1929 թ․-ին՝ Մեծ դեպրեսիայի նախօրյակին Վիրջինիան ընդունվել է Կոլումբիայի համալսարանի թերապիայի և վիրաբուժության քոլեջը։ Մի քանի տարի անց Կոլումբիայի գլխավոր վիրաբույժի առաջարկն ընդունելով՝ սկսել է զբաղվել անեսթեզիոլոգիայով։ Վիրջինիան աշխատանքն այդ ոլորտում սկսել է զրոյից՝ հանդես գալով թե՛ որպես տեսաբան, և թե՛ որպես մասնագետ։ 1938 թ․-ին Վիրջինիա Ապգարը գլխավորել է ԱՄՆ-ի անեսթեզիոլոգիայի առաջին բաժանմունքը, որտեղ նաև միակ աշխատակիցն էր։ 9 տարի անց նպատակասլաց կինը դառնում է Կոլումբիայի համալսարանական քոլեջի առաջին կին պրոֆեսորը։
1940-ական թթ․ Ապգարը զբաղվել է ծննդկանների ու ներածինների վիճակի վրա անզգայացման ազդեցությունն ուսումնասիրելով՝ մշակելով նորածնի վրա անզգայացման ազդեցության գնահատման սեփական համակարգը։ Ապգարի պարզ, բայց չափազանց արդյունավետ սանդղակի ներդրումից հետո ԱՄՆ-ում նորածնային մահվան ցուցանիշը կտրուկ անկում է ապրել, քանի որ բժիշկների համար արդեն պարզ էր, թե որ նորածնին է անհապաղ օգնություն անհրաժեշտ, իսկ որն է շատ լավ վիճակում։
«Աշխարհում չի եղել այնպիսի մի խնդիր, որն այս կինը չկարողանար լուծել». Սթենլի Ջեյմս (Վիրջինիա Ապգարի գործընկերն ու մտերիմ ընկերը)։
Մայքլ Տեր-Պողոսյան
Մայքլ Տեր-Պողոսյանը ծնվել է 1925 թ․-ի ապրիլի 21-ին Բեռլինում հայ գաղթականների ընտանիքում։ Նրա հետաքրքրությունը գիտության նկատմամբ սկսվել է դեռևս մանկուց։ Գիտական կոչումներ ստացել է Փարիզի համալսարանում և Ռադիումի ինստիտուտում։ 1946 թ․-ին Մայքլ Տեր-Պողոսյանը տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ էլ ծավալել է իր գիտական գործունեությունը: Թեև նրա ձեռքբերումները բազմաթիվ են, բայց առաջին հերթին հայ գիտնականը հայտնի է որպես պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի (PET) հայր։
Մայքլ Տեր-Պողոսյանը, 1970-ականների սկզբին գլխավորելով մի խումբ գիտնականների թիմը, համատեղ ջանքերով ստեղծել է պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի հայեցակարգը։ Կարևորագույն ձեռքբերումն այն էր, որ այդ մեթոդը թույլ էր տալիս հասկանալ օրգաններում և հյուսվածքներում մետաբոլիկ իրական ակտիվությունը՝ ընդլայնելով բժիշկների ու գիտնականների պատկերացումներն օրգանիզմում տեղի ունեցող կենսաբանական գործընթացների վերաբերյալ և հիմքեր ստեղծելով հիվանդությունների ախտորոշման համար։
Ալբերտ Կապիկյան
Ալբերտ Զավենի Կապիկյանը ծնվել է 1930 թ․-ի մայիսի 9-ին Նյու Յորքում հայ գաղթականների ընտանիքում։ Ավարտելով Կորնելի համալսարանը՝ 1957 թ․-ից աշխատանքի է անցել ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտում՝ իր ողջ կյանքը նվիրելով աղեստամոքսային համակարգի վարակիչ հիվանդությունների հետազոտմանը։
«Գաստրոէնտերիտիսի վիրուսի հետազոտման հայր». մասնագիտական շրջանակներում այսպես են բնորոշում դոկտոր Ալբերտ Կապիկյանին, որի հայտնագործությունների շնորհիվ այսօր աղեստամոքսային համակարգի վարակները շատ ավելի ճանաչելի ու կանխատեսելի են։
1972 թ․-ին նրան հաջողվում է նույնականացնել առաջին նորովիրուսը, որը ներկայումս համարվում է մեծահասակների շրջանում էպիդեմիկ փորլուծության հիմնական պատճառը։ Մեկ տարի անց Կապիկյանն ու նրա գործընկերները նույնականացնում են հեպատիտ A վիրուսը։
Ալբերտ Կապիկյանն առաջին գիտնականն էր ԱՄՆ-ում, որը հայտնաբերել է մարդու ռոտավիրուսը (այն հայտնաբերվել է նաև Ավստրալիայում՝ այլ գիտնականների կողմից)։ Մեծ ջանքեր ներդնելով երեխաների շրջանում ծանր փորլուծության պատճառների ուսումնասիրության գործում՝ դոկտոր Կապիկյանն ու նրա թիմը բացահայտել են ռոտավիրուսի փոխանցման ուղին, վիրուսային սպիտակուցները, որոնք ծայրահեղ կարևոր են իմունային պատասխանի համար՝ այդ գիտելիքների հիման վրա մշակելով ռոտավիրուսի տարբեր շտամների դեմ պատվաստանյութեր, որոնց վերջնական տարբերակը արտոնագրվել է 1998 թ․-ին ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության կողմից։
Պատվաստանյութի ներմուծման նորարության համար Ալբերտ Կապիկյանը պարգևատրվել է Սաբինի պատվաստանյութի ինստիտուտի կողմից տրվող Սաբինի ոսկե մեդալով։
«Ալ Կապիկյանը հսկա էր վիրուսաբանության ոլորտում։ Նրա հիմնարար ներդրումները վիրուսների ուսումնասիրության և պատվաստանյութերի մշակման ոլորտում հսկայական ազդեցութjուն են գործել». Էնթոնի Ֆաուչի (ԱՄՆ Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն)։
Ռեյմոնդ Դամադյան
Ռեյմոնդ Վահանի Դամադյանը ծնվել է 1936 թ․-ի մարտի 16-ին Նյու Յորքում, հայ գաղթականների ընտանիքում։ Նա ավարտել է Մեդիսոնի Վիսկոնսինի բժշկական համալսարանն, այնուհետև դոկտորի գիտական աստիճան ստացել Նյու Յորքի Ալբերտ Էյնշտեյնի անվան բժշկական քոլեջում։ Քաղցկեղի ախտորոշման նոր մեթոդների որոնման ճանապարհին Ռեյմոնդ Դամադյանը սկսում է հետաքրքրվել միջուկային մագնիսական ռեզոնանսի տեխնոլոգիայի հնարավորություններով։
Սակայն Նյու Յորքի պետական համալսարանում հետազոտություններով զբաղվող երիտասարդ գիտնականի գաղափարները շատերին էին անիրագործելի թվում։ Նրան շտապում են հայտնել, որ միջուկային մագնիսական ռեզոնանսի մեթոդով մարդու սկանավորումը ենթադրում է պացիենտի պտտում րոպեում 10000 անգամ։ Բայց Ռեյմոնդ Դամադյանը չի ընկրկում և հաղթահարելով հնարավոր բոլոր դժվարությունները՝ 1974 թ․-ին ստանում է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի սարքավորման արտոնագիրը, իսկ մի քանի տարի անց՝ 1977 թվականի հուլիսի 3-ին հաջողությամբ իրականացնում է մարդու մարմնի սկանավորում։
Մարդու օրգանիզմի հետազոտման անվտանգ ու ճշգրիտ այդ մեթոդը մինչ օրս լայնորեն օգտագործվում է՝ հնարավորություն տալով զննել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության և ճառագայթման մեծ ռիսկերի։
Մագնիսառեզոնանսային պատկերի ախտորոշման սարքի հայտնագործումն ախտորոշման ոլորտի մեծագույն հայտնագործություններից է։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ