Երևանի համայնքային գրադարանները համալրվում են նոր գրականությամբ: Այս տարի 482 անուն 12632 կտոր գիրք է ձեռք բերվել:
«Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեում «Գրադարանների համար անհրաժեշտ գույքի ձեռքբերում» ծրագրով նախատեսվել է կրկնակի՝ 40 մլն դրամ»,-նշում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Հայ և արտասահմանյան դասական գործերի նոր հրատարակություններ, մասնագիտական ու մանկական գունեղ գրականություն, նաև ժամանակակից հեղինակների ամենապահանջված գրքերն արդեն գրադարաններում են: Գրքերն ընտրվել են՝ հաշվի առնելով ընթերցողների պահանջմունքը:
Սերնդեսերունդ, ձեռքից ձեռք փոխանցվող գրադարանային գրքերն ունեն տասնամյակների, երբեմն նաև հարյուրամյա կենսագրություն: Դրանք, իհարկե, պարբերաբար վերականգնվում են: Սակայն գրադարանների զարգացման համար նոր գրքերն անհրաժեշտություն են:
Գրքային ֆոնդը թարմացվել է երևանյան հինգ հրատարակչությունների աշխատանքներով: Երևանի քաղաքապետարանը, գրադարանների համալրման գործընթացին զուգահեռ, իրականացնում է նաև գրադարանների արդիականացման համալիր ծրագիր, որը կբարելավի բնակչությանը մատուցվող գրադարանային-տեղեկատվական ծառայությունների որակը:
«Մասնավորապես, ներկայում իրականացվում են ծրագրեր՝ համայնքային գրադարանները «ԷԼԳՐԱԴ» էլեկտրոնային կառավարման համակարգում ներառելու, գրադարաններում տեղեկատվական, մշակութային, կրթական պահանջարկ ունեցող լրացուցիչ ծառայությունների մատուցման հնարավորություններ ստեղծելու նպատակով»,- ասում է Ավինյանը:
Այսօր քաղաքապետարանն աշխատում է նոր ու հետաքրքիր մի շարք այլ նախագծերի շուրջ, որոնք կնպաստեն գրադարանների զարգացմանը: Քաղաքային այս յուրօրինակ անկյունները կդառնան մշակութային կարևոր խաչմերուկ:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ