ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանում
Հարգելի գործընկերներ,
Կցանկանայի խոսել մարդու իրավունքների ոտնահարման այն բացահայտ իրականության մասին, ինչին այս պահին բախվում է ժողովրդավարությունը որդեգրած երկիր Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովուրդը՝ Ադրբեջանի բռնատիրության ձեռքով:
Ադրբեջանը շարունակում է, բառիս բուն իմաստով կոպտորեն խախտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության յուրաքանչյուր դրույթ։
2022 թ․ դեկտեմբերի 12-ից մինչ օրս ապօրինաբար փակվել է կյանքի միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Լեռնային Ղարաբաղի 120.000 բնիկ հայ ազգաբնակչության կյանքն ակնհայտ վտանգի տակ է։ Խախտված է ավելի քան 30 000 երեխաների կրթության իրավունքը։
Ըստ էության, Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվում է արմենոֆոբիայի և էթնիկ զտումների քաղաքականության նոր փուլ՝ պարտադրելով հայ բնակչությանը լքել սեփական հայրենիքը։
Կարդացեք նաև
Շուրջ 120 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք դեռևս անօրինական կերպով գտնվում են Ադրբեջանի բանտերում։
Ադրբեջանը խոչընդոտում է միջազգային կազմակերպությունների այցը տարածաշրջան՝ մինչ այդ Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում ոչնչացնելով հայկական պատմական և կրոնական ժառանգությունը։
Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը նոր երանգներ է ստանում՝ Հայաստանը պաշտոնապես հայտարարում է որպես «Արևմտյան Ադրբեջան»՝ նաև հաստատելով, որ միջազգային կազմակերպությունները սպառել են իրենց, և ինքը հակամարտությունը լուծել են ուժի կիրառմամբ։
Հարգելի գործընկերներ,
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Արևմտյան քաղաքակրթության փորձաքար է։ Մի՞թե դուք ցանկանում եք ականատեսը լինել, թե ինչպես է հայրենազրկվում քրիստոնեական հնագույն քաղաքակրթությունը:
Ես սթափվելու և սպառնալիքի զանգ եմ հնչեցնում։
Այստեղ և հիմա է ժամանակն աննահանջ քաղաքական կամք դրսևորելու, քայլեր ձեռնարկելու և երկակի ստանդարտները մերժելու քաղաքականությունը։
Անհետաձգելի անհրաժեշտություն է, որպեսզի ԵԱՀԿ բարձրաստիճան փաստահավաք առաքելություն գործուղվի Լեռնային Ղարաբաղ՝ տեղում իրավիճակը գնահատելու համար։
Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի ռազմական հանցագործությունների համար։
Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը չի կարող զրկվել իր պատմական ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ինքնորոշվելու, ապահով և ազատ ապրելու անօտարելի իրավունքից։
Վճռական լինելու և գործելու ժամանակն է։