«Հայացք Երևանից» – Լավ լուր։ Օրեր առաջ մեկնարկեց ՀԱՅԱՔՎԵ օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքը։ Այն ինձ հույս է ներշնչում, որ այս ճանապարհով հնարավոր կլինի կանխել երկրի կործանումը։
ՀԱՅԱՔՎԵ-ի ստորագրահավաքին իրավունք կունենան մասնակցելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող 18 եւ ավելի բարձր տարիքի անձինք` ներառյալ արցախցիները, ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն։
Թշնամին մամուլում արդեն վայնասուն է բարձրացրել, նա վտանգ է տեսնում այդ նախաձեռնությունից, որը կարող է խանգարել իր նպատակների իրականացումը, այն է` Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը։
Հունիսի 12-ին ՀԱՅԱՔՎԵ-ի նախաձեռնող խումբը դիմում է ներկայացրել Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ 10 օրվա ընթացքում ստացել ԿԸՀ-ի դրական պատասխանը, որից հետո մեկնարկել է ստորագրահավաքը։ Ինչպես սպասվում էր, այն որոշ համայնքներում խոչընդոտվում է իշխանության ներկայացուցիչների կողմից:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՔՎԵ նախաձեռնությունը լայն հնարավորություն է իրավական ճանապարհով ՀՀ քաղաքացիների հստակ դիրքորոշումն արտահայտել, տվյալ դեպքում՝ Արցախի մասին, որ չի ճանաչում Ադրբեջանի կազմում։
ՀԱՅԱՔՎԵ-ն Արցախի ինքնորոշումը մերժող, Արցախն այլ պետության կազմում ճանաչող (հայտարարությամբ կամ արարքով) եւ Հայոց ցեղասպանության վտանգավորությունը նսեմացնող ցանկացած պաշտոնատար անձի համար նախատեսում է քրեական պատիժ` 10-15 տարի ազատազրկմամբ:
«Ըստ մեր ընդունած որոշման՝ հունիսի 21-ից մեկնարկը հայտարարված է, այն գործելու է մինչեւ օգոստոսի 19-ը ներառյալ։ Պետական կառույցներում հնարավոր կլինի մինչեւ 18:00-ն քվեարկել, այսինքն՝ մինչեւ աշխատանքային օրվա ավարտ, իսկ էլեկտրոնային համակարգը կգործի մինչեւ 24:00-ն»,- ընթացակարգը լրագրողների համար պարզաբանել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է Հայաստանի քաղաքացիների 50.000 ստորագրություն, որի հիմքով նախագիծն օրենքի ուժով պարտադիր մտնելու է ՀՀ Ազգային ժողովի նիստերի օրակարգ` քննարկման։
Հաջորդ փուլում 300.000 ստորագրություն հավաքելու դեպքում հարցը դրվելու է Հանրաքվեի։
Նախաձեռնությանը միացել են անհատներ, կազմակերպություններ, հասարակական, քաղաքական գործիչներ, ՀՀ քաղաքացիներ, ովքեր տեր են իրենց հայրենիքին։
Նախաձեռնությունը բաց է բոլորի համար, ովքեր, մասնակցելով ստորագրահավաքին, թույլ չեն տա տեղի ունենա Հայաստանի եւ Արցախի վերջնական կապիտուլյացիան:
Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ
Արցախ