Հունիսի 15-ին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գուցե իր ամենամեծ սխալը եղել է այն, որ վստահել է բանակին։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովում էլ մանրամասնեց․ «Ինձ համար կարևոր է եղել ԳՇ պետի կարծիքը: Ես օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում գտնվող մարդկանց հավատացել ու վստահել եմ գրեթե անվերապահորեն, և այն փաստը, որ իրենք կրում են գեներալական ուսադիրներ, ինձ համար վստահության կանխավարկածի շատ մեծ ավանս է։ Սա շատ երկար գործոն է եղել, մինչև որ այդ վստահությունն ամբողջությամբ չի խաթարվել, ընդ որում, խաթարումը կապված է կոնկրետ դրվագների հետ»։
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը, որը խնդրո առարկա ժամանակահատվածում աշխատում էր Անվտանգության խորհրդում՝ «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում պատմեց․ «Իրականում ինչ որ ճշմարտություն կա այս պնդումների մեջ։ Ես լավ տեսել եմ այն պատկերը, որ կար մինչեւ պատերազմը։ Զինվորականությունն իրոք բավական լավատեսական պատկեր էր ներկայացնում»։ Հավելեց․ «Այդ զեկույցների հիման վրա նույնիսկ այլ քայլեր էին ձեռնարկվում, այսինքն՝ ադրբեջանական ուղղությունն առաջնահերթային չէին համարում եւ այլ ուղղություններով էին փորձում ամրապնդել անվտանգությունը։ Օնիկ Գասպարյանի պնդումը, թե 4-րդ օրը զեկուցել է, որ պատերազմը պետք է կանգնեցնել՝ եւս չի համապատասխանում իրականությանը։ Նա այդ մասին առաջին անգամ խոսել է հոկտեմբերի 19-ին՝ անվտանգության խորհրդի նիստի ընթացքում։ Բայց այստեղ ողջ խնդիրն այն է, որ անվտանգության եւ արտաքին քաղաքականության ոլորտներից նույնիսկ նվազագույն գիտելիքներ ունեցող մարդը կամ թիմը կարող էր հասկանալ, որ այդ լավատեսական զեկույցները չեն համապատասխանում իրականությանը։ Նույնիսկ համակարգից դուրս գտնվող մարդիկ էին խոսում այդ մասին։ Իմ ընկալմամբ՝ քաղաքական իշխանության մոտ նույնիսկ պատկերացում չկար Ադրբեջանի կողմից վերջին տարիներին ձեռքբերված սպառազինության մասին եւ իրոք չէին պատկերացնում այդ վտանգի աստիճանը»։
Նիկոլ Փաշինյանը պնդում է․ «Ես՝ որպես քաղաքական իշխանություն, բանակի առջեւ դրել եմ պարզ խնդիր՝ ասեք, ի՞նչ է պետք, եւ դուք դա կունենաք: Ասել են՝ Սու-30 է պետք՝ գերժամանակակից ինքնաթիռ, ասել եմ՝ եթե պետք է, կունենաք։ Է՞լ ինչ է պետք՝ կոչո՞ւմ է պետք՝ կունենաք, մեդա՞լ է պետք՝ կունենաք, փո՞ղ է պետք՝ կունենաք, սնո՞ւնդ է պետք՝ կունենաք»։
Մինչդեռ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն իր հայտարարությամբ վկայում է․ «Մեզ չհաջողվեց իրականացնել զինված ուժերի 2018-2024 թվականների արդիականացման ծրագրով նախատեսված միջոցառումները և սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերումները, ինչի հետևանքով զինված ուժերի ռազմական հզորությունը չհասցրեցինք բերել պլանավորված մակարդակին: Այսինքն, պատերազմը սկսվեց մեզ համար ոչ բարենպաստ պայմաններում»։
Կարդացեք նաև
Հաղորդման մյուս հյուրը՝ Կովկասի Ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը պատասխանելով հարցին, թե այս երկու պնդումներից ո՞ր մեկն է առավել համոզիչ թվում՝ ասաց․ «Եթե խոսենք, թե ինչ -բացթողումներ են եղել բանակի ոլորտում հատկապես 2018-2020 թվականներին՝ խոսակցությունը մեկ ժամից ավելին կտեւի․․․ 2018–ի փետրվարին ընդունված գնումների պլանից գրեթե ոչ մի բան չի կատարվել՝ ինչն արդեն ամբողջությամբ պայմանավորված չէր»։ Չեղարկված գնումների օրինակներ էլ թվարկեց․ «Դրոնների պարագայում նա տեսավ կոռուպցիոն ռիսկեր։ Կեղծ թիրախների պարագայում․․․ բավական մեծ թվով կեղծ թիրախներ պետք է գնեին Լեհաստանից՝ էլի կոռուպցիոն ռիսկ տեսան եւ այլն։ Չեղարկվեցին կադրային գնդերը Սյունիքում»։
44-օրյա պատերազմի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հ1-ին տված հարցազրույցում նշել էր. «2020 թվականի հուլիսյան դեպքերից հետո ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը Անվտանգության խորհրդում ներկայացրել է զենք-զինամթերքի երազանքների, կամ, կոպիտ ասած, իդեալական ցուցակ: Եթե չեմ սխալվում, խոսքը 5 մլրդ դոլար կամ դրանից մի քիչ ավելի կամ պակասի մասին է: ՀՀ տնտեսությունը 1 օրում չէր կարող հատկացնել, իսկ ունենալուց հնարավոր չէր արագ ռեալիզացնել»:
Ի վերջո՝ ամեն ինչ ունեցե՞լ են, թե՞ պահանջված գումարը չի հատկացվել՝ ո՞րն է ճշմարտությունը, հարցին ի պատասխան Հրանտ Միքայելյանն ասաց․ «Հնարավոր չէ, որ բանակն ունենա ամեն ինչ, ինչ ցանկալի է։ Այստեղ հարցն այլ է՝ ընդհանրապես տեխնիկա՞ն է հարցը, թե՞ ոչ։ Ըստ իս՝ նախ պատերազմում է ոչ թե բանակն, այլ ամբողջ պետությունը, իսկ մենք տեսել ենք, որ զբաղվում էր միայն ՊՆ–ն ու թեկուզ վարչապետի կամ ԱԽ աշխատակազմը, բայց միայն հատվածները պետության։ Բայց օրինակ՝ մինչեւ 2018–ը եղել էին «Շանթ» զորավարժություններ, որոնք ենթադրում էին ողջ պետական ապարատի ներգրավվածություն նման ճգնաժամերի ժամանակ։ Եվ դա չեղարկվեց 2018–ից հետո»։
Նա նշեց, թե գնումների առումով լուրջ ուսումնասիրության կարիք կա․ «Ես մեջը չեմ եղել, որ իմանամ՝ ով ինչ կարիքներ ուներ, եւ ինչքանով Փաշինյանը դրանք բավարարեց։ Բայց գլխավոր խնդիրը չի կարող զենքը լինել՝ դա իմ խորին համոզմունքն է։ Գլխավոր խնդիրը կառավարումն է, արտաքին հարաբերությունները, ենթակառուցվածքները, արագ որոշումների ընդունման եւ արձագանքման համակարգերը»։ Ըստ նրա՝ այս խնդիրները շատ դեպքերում վերաբերում են հենց Փաշինյանին։
Տիգրան Գրիգորյանը եւս խնդիրներ թվարկելուց հետո՝ ընդգծեց․ «Եթե մենք իրոք անաչառ քննիչ հանձնաժողով ունենայինք՝ պետք է ուսումնասիրեին հենց այս հարցերը։ Սակայն խնդիրն այն է, որ քաղաքականացված է այս ամենը։ Իշխանությունները փորձում են ապացուցել, թե իրենք 100 տոկոսով անմեղ են։ Նախորդ իշխանությունները խոսում են, թե ինչ որ իդեալական վիճակ է եղել ու սրանք եկել են՝ ամեն ինչ փչացրել։ Ճշմարտությունն, իհարկե, մեջտեղում է»։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ