Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը շարունակում է հաջող հանդես գալ Իսպանիայի Սանտյագո Դե Կոմպեստելա քաղաքում ընթացող մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Մրցումային առաջին օրվանից հետո մեր ըմբիշներից 65 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը, որը քառորդ եզրափակչում հաղթել էր ադրբեջանցուն, 79 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը եւ 97 կգ քաշային Գուրգեն Սիմոնյանը երեկոյան գոտեմարտելու են բրոնզե մեդալի համար։
Այսօր մրցագորգ մտած մեր մյուս ըմբիշներից արդեն կիսաեզրափակչում են 61 կգ քաշային Լեւիկ Մելիքյանը, որի մրցակիցը լինելու է ռումինացի Բենիամին Բոեժտեն, 74 կգ քաշային Հայկ Պապիկյանը, որը գոտեմարտելու է Ավստրիան ներկայացնող Մոհամադ Ինշապիեւի հետ, 86 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը, որը հանդիպելու է ուկրաինացի Իվան Չորնոուսին եւ 92 կգ քաշային Կնյազ Իբոյանը, որը եզրափակչի ուղեգիրը վիճարկելու է բուլղարացի Սալի Սալիեւի հետ։
Այսօրվա գոտեմարտերից առավել արժանահիշատակ է Մուշեղ Մկրտչյանի քառորդ եզրափակչի գոտեմարտը, որտեղ նրա մրցակիցը ադրբեջանցի Թիմուր Գուլմագոմեդովն էր։ Վերջինը գոտեմարտի սկզբնամասում երեք միավորի առավելություն ձեռք բերեց եւ իրեն չափից ավելի ինքնավստահ էր պահում մրցագորգում։ Այնքան ինքնավստահ, որ հաճախ ժեստերով փորձում էր ուղղություն ցույց տալ մրցավարներին։ Ու այդ ընթացքում մոռանում էր գոտեմարտելու մասին։ Իսկ ահա հայ ըմբիշը կարողացավ կենտրոնանալ ու հավաքվել։ Նա նախ երկու միավորով կրճատեց հաշվի տարբերությունը, ապա վերջին ակնթարթներին ադրբեջանցուն դուրս հանեց մրցագորգի սահմաններից։ Վաստակած մեկ միավորը հաղթանակ բերեց Մուշեղ Մկրտչյանին։ Անակնկալի եկած ադրբեջանցին, «ծանր» տանելով հայից կրած պարտությունը, ոչ մարզական պահվածք դրսեւորեց՝ փորձելով հենց գորգում «հաշիվ պահանջել» Մուշեղից, սակայն մրցավարի ու ադրբեջանցու մարզչի միջամտությունը եւ հայ ըմբիշի հավասարակշիռ պահվածքը կանխեցին սկանդալը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ