«Հայաստանի բնակֆոնդը ռենովացիայի կարիք ունի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը՝ անդրադառնալով այն դիտարկումներին, որ Հայաստանում, մասնավորապես Երեւանում բազմաբնակարան շենքերի կառուցապատման այս բումը մեծ խնդիրներ է առաջացնելու, շինարարական «փուչիկը» պայթելու է։
Սաքապետոյանն ասում է՝ Հայաստանի բնակֆոնդի մեծ մասը մոտ են շահագործման ժամկետի ավարտին։ Մեր երկրում բազմաբնակարան շենքերի գերակշիռ մասը կառուցվել է խորհրդային տարիներին, որոնք որակով եւ կարելի է ասել սեյսմակայունությամբ այնքան էլ անվտանգ չեն։
Սաքապետոյանը ցուցանիշներ է ներկայացնում․ օրինակ՝ մեր երկրում կան մոտ 80 մլն քմ բնակելի շենքեր, եթե տարեկան 1%-ը թարմացվի, դա նշանակում է, որ տարեկան 800 հազար քմ կառուցապատման կարիք կա։
«Պայմանականորեն ասեն՝ մի շենքը 100 տարվա ընթացքում է մաշվում, մինչդեռ չենք հաշվում, որ Խորհրդային տարիներին՝ 60-80 ականների կառուցված առավելապես պանելային կամ կասետային շենքերն արդեն մաշվել են։ Դրանց շահագործման ժամկետը նախատեսված է եղել 50 տարի»,-ասում է Սաքապետոյանը։ Հաշվի առնելով այս ցուցանիշները, Սաքապետոյանն ասում է՝ որպեսզի մեր բնակֆոնդը թարմացնենք, քաղաքացին էլ ունենալով գումար կարողանա անվտանգ պայմաններում ապրել, պետք է տարեկան 800 հազար քմ կառուցապատում իրականցվի․«Անցյալ տարվա ցուցանիշներով 360 հազար քմ կառուցապատում է իրականացվել։ Այսինքն, քաղաքաշինական տեմպերը պետք է արագացնել։ 5-10 տարի հետո այսպես կոչված՝ «խրուշյովկաներում» այլեւս անվտանգ չի լինելու ապրելը, իսկ շատերն ունենալով հնարավորություն՝ չեն կարողանալու նորակառույցում բնակարան գտնել։ Պահանջարկն էապես փոխվելու է»։
Արդյոք կա՞ հաշվարկ, թե մեր բնակչության քանի տոկոսն ունի ֆինանսական հնարավորություն նորակառույցում բնակարան ձեռք բերելու համար, ի վերջո հատկապես վերջին շրջանում շուկայում գներն աճել են, եւ արդյոք բնակչության եկամուտները համարժեք են ասոցիացիայի ներկայացրած խնդրին՝ նոր բնակարան գնելու անհրաժեշտությանը։ Այս դիտարկմանն ի պատասխան Սաքապետոյանն ասում է՝ սա գլխավոր խնդիրն է, եւ հարց է ծագում՝ ի՞նչ է անում կառավարությունը, որպեսզի ստեղծի հնարավորինս մատչելի բնակֆոնդ տարբեր խավի քաղաքացիների համար՝ հաշվի առնելով, որ կառավարությունն էլ ընդունում է, որ մեր բնակֆոնդը մաշված է կամ մաշվում է։
Կարդացեք նաև
«Մեր ասոցիացիայի բարձրացրած կարեւոր խնդիրներից մեկն էլ այն է, որ հիփոթեքով առաջնային շուկայից բնակարան գնելիս տոկոսադրույքների վերադարձի ծրագիրը դադարեցնելուց հետո դրան փոխարինող նոր ծրագիր չներկայացրեց կառավարությունը։ Ծրագիր, որը թիրախավորված կլինի որոշակի սոցիալական խմբերի համար՝ միջին կամ ցածր եկամտով քաղաքացիների համար։ Մենք երեք ծրագիր ենք ներկայացրել կառավարությանը, չգիտենք՝ քննարկե՞լ են, թե՞ ոչ։ Մենք առաջարկում ենք կենսաթոշակային միջոցները, որոնք կուտակվում են ֆոնդերում, ուսումնասիրեն, թե դրա միջին եկամտաբերությունն որքան է։ Հասկանալի է, որ այդ կուտակվող միջոցների մի մասը տեղաբաշխվում են դրսի ֆոնդերում, մի մասը՝ տեղական շուկայում, մի մասը պետական կարճաժամկետ պարտատոմսերում։ Մենք առաջարկել ենք այդ միջոցներից տարեկան մինչեւ 60 մլն դոլարն ուղղել սոցիալական բնակարանաշինությանն ու քաղաքացիներին, ոչ թե փողը կուտակվի ասեն՝ «Amundi»-ում (կուտակային կենսաթոշակային հիմնադրամ), հետո նա էդ գումարը տա կենտրոնական բանկին, ԿԲ-ն էլ՝ առեւտրային բանկերին, իրենք էլ քաղաքացու կողմից վճարած երկու տոկոսանոց գումարը պտտեն ու 14%-ով հիփոթեք տան։ Ըստ էության, առաջարկել ենք հնարավորություն ստեղծեն այդ երկու տոկոսանոց վարկերն ուղղակի տրամադրեն տարբեր սոցիալական խմբերի քաղաքացիներին՝ որպես հիփոթեք»,-ասում է Սաքապետոյանը։
Կառուցապատողները կարծես թե բավական ռիսկային ծրագիր են առաջարկում։ Սակայն Սաքապետոյանը հակադարձում է․«Իսկ ռիսկային չէ, որ մեկ տարուց ավելի է՝ կուտակային կենսաթոշակային ֆոնդերում մեր եկամուտները բացասական են։ Մենք առաջարկում ենք ռիսկերը հավասարակշռելով գումարներն ուղղել նշված ծրագրին, ոչ թե պայմանական կառուցապատողին տան գումարը։ Իմ օրինակը բերեմ՝ 8 տարի է՝ վճարում եմ, իմ միջին շահութաբերությունը 1,5% է։ Եթե մի ծրագիր դադարեցնում են, ապա մեկ այլ ծրագիր է պետք, որպեսզի շուկան դինամիկ աճ ունենա, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան բարելավել իրենց բնակարանային պայմանները։ Այդ ծրագրի ավարտից հետո քչերն են հնարավորություն ունենալու հիփոթեքային վարկով բնակարան գնել»։
Նշենք, որ 2025 թվականից դադարեցվում է հիփոթեքային վարկի տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի ծրագիրը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ