Սոցիալական ցանցերում շարունակվում են Երեւանում գործող «Մանհեթեն» բարում ռուսերեն լեզվով սպասարկման մասին քննարկումները։
Ամեն ինչ սկսվեց Սոնա Ազարյանի տեսանյութից։ Նա օրերս այցելել էր նշված բարն ու պարզել, որ սպասարկող աշխատակիցները ռուսներ են, ճաշացանկը ռուսերեն է, անձնակազմն էլ ռուսերեն է հաղորդակցվում։ Սոնա Ազարյանը պահանջել է իր հարազատ քաղաքում հայերեն սպասարկել, հայերեն ճաշացանկ ներկայացնել, քանի որ մեր երկրում պետական լեզուն հայերենն է։ Սոնա Ազարյանի հրապարակած տեսանյութի մեկնաբանություններում, ի դեպ, ինքը՝ Ազարյանը եւս ռուսերեն լեզվով է մեկնաբանություններ գրել։ Ի դեպ, նշված բարի սեփականատերը հայ է։
Սոցիալական ցանցի օգտատերերի արձագանքը ռուսալեզու սպասարկման վերաբերյալ միանշանակ չէ․ մի մասը նորմալ է համարում երեւույթը՝ նշելով, որ հազարավոր հայեր աշխարհի տարբեր երկրներում ապրում-աշխատում են, բա որ իրենց հանդեպ էլ նման վերաբերմունք լինի, մի մասն էլ շեշտում է, որ Հայաստանում ապրող եւ աշխատող ռուսները պարտավոր են սովորել հայերեն՝ հատկապես սպասարկման ոլորտի աշխատողները։
«Մանհեթեն» բարում տեղի ունեցած միջադեպին անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, որն, ըստ էության, պաշտպանել է ռուս աշխատակիցներին։ «Մեր երկիրը որպես ապրելու ամենալավ տեղ ընտրած բարեկամ ժողովրդին պետք է «նեղել»։ Դա շատ կարեւոր, շատ հայրենասիրական քայլ է»,-հեգնել է Աննա Հակոբյանը, նկատի ունենալով, որ տեսանյութի տակ հայոց լեզուն պաշտպանողներն էլ ռուսերեն են գրում։
Կարդացեք նաև
Որոշ օգտատերեր Աննա Հակոբյանին հիշեցրել են՝ Հայաստանում պետական լեզուն հայերենն է, իսկ դրսում, հատկապես ՌԴ-ում աշխատող, ապրող հայերը տվյալ երկրի լեզվով են հաղորդակցվում, սովորում են այդ երկրի լեզուն, ինչո՞ւ ռուսներն էլ չեն փորձում մեր լեզուն սովորել։
Բարի ռուս աշխատակիցներին շտապել է պաշտպանել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ Նա Ֆեյսբուքում լուսանկար է հրապարակել ռուս աշխատակիցների հետ ու գրել․«Ինձ համար մարդու բարեկրթությունը սկսվում է իրեն ծառայություն մատուցող մարդուն ցուցաբերած վերաբերմունքից` անկախ նրանից, թե դիմացինն ինչ լեզվով է խոսում, ինչ գույնի մաշկ ունի, որ ազգությանն է պատկանում։
Մեր բազմաթիվ հայրենակիցներ ապրում են աշխարհի տարբեր երկրներում: Ես տեսել եմ խանութի աշխատողներ Գլենդելում, ովքեր չեն տիրապետում անգլերենին, Փարիզում, ովքեր չեն տիրապետում ֆրանսերենին, բանվորներ Մոսկվայում, ովքեր չեն տիրապետում ռուսերենին, բայց նրանց նկատմամբ որեւէ մեկի անհարգալից վերաբերմունքը ես կհամարեմ դատապարտելի։
Կարող եք բազմաթիվ լեզուներով հաղորդակցվել, ստանալ լավագույն կրթությունը, կրել անթերի հագուստ, բայց բարմենի, մատուցողի, մաքրուհու նկատմամբ ունեցած անհարգալից վերաբերմունքը կխոսի Ձեր անբարեկիրթ լինելու մասին»։ Հակոբ Արշակյանին էլ օգտատերերը հիշեցնում են, որ Հայաստանում պետական լեզուն հայերենն է․« Այ քեզ բան, հարցը ոչ միայն և ոչ այնքան ռուսերեն խոսող մատուցողուհու մեջ է (հատկապես երբ նրան ոչ ոք չի մեղադրել կամ վիրավորել), այլև մեր երկրում սրճարանի տիրոջ կողմից մեր օրենքը ոտնահարելու»։
«Այսինքն Դուք, որպես պետական գործիչ, համամիտ եք ՀՀ Օրենքների ոտնահարմանը, հանուն ինչի՞»,-գրել է օգտատերերից մեկը։ «Ես պարտավոր չեմ իմ հայրենիքում մատուցողի հետ խոսեմ օտար լեզվով»,-Արշակյանի գրառմանն արձագանքել է մեկ այլ օգտատեր։ «Հարգելի պարոն Արշակյան։ Ձեր կողմից նշված Գլենդելի կամ Փարիզի խանութների, սրճարանների աշխատողները, որոնք չեն տիրապետում տվյալ երկրի լեզվին, հաստատ անմիջական շփում չունեն հաճախորդների հետ՝ նրանց և հաճախորդների միջեւ կանգնած են լեզուն իմացող աշխատակիցներ։ Հակառակ պարագայում դժվար չէ կանխատեսել տվյալ հաստատության ճակատագիրը։ Ավելին, նշված հաստատություններում ապրանքների անվանումներն ու գնացուցակները հաստատ առաջին հերթին տրվում են նշված վայրի լեզվով։ Քաղաքական գործիչի համար պոպուլիզմը, իհարկե, կարևոր գործիք է, սակայն այն, համոզված եմ չպիտի հակադրվի օրենքի հետ, այն էլ՝ երկրի օրենսդիր մարմնի ղեկավար անձի շուրթերում»,-գրել է մեկ այլ օգտատեր։
Հակոբ Արշակյանին օգտատերերը հիշեցրել են՝ ինքը՝ Արշակյանը մի երկու տարի առաջ սրճարանում լրագրող է ծեծել ու հիմա բարեկրթության մասի՞ն է խոսում․«Էն որ մի կաֆեում մի երկու տարի առաջ մարդ ես բոքսում, հետո մի ուրիշ կաֆեում սենց գղգղիկ գրառում ես անում մարդկային բարեկրթության մասին»։
Հիշեցնենք, որ Արշակյանը այդ միջադեպի համար ներողություն է խնդրել։
«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն անդրադառնալով Արշակյանի գրառմանը, գրել է․ «․․․ Խոսքը լեզու չիմացող մատուցողների մասին չէ, մեծ հաշվով, այդ թվում նրանց, ում հետ պարոն Արշակյանը սիրալիր կերպով նկարվել է։ Լավ է արել նկարվել է։ Խոսքն այն բարի-ռեստորանի-գարեջրատան տիրոջ մասին է, ով բարդակ է թույլ տվել իր հիմնարկում։ Այն է՝ ճաշացանկը հայերեն սարքել «լայաղ» չի արել, ինչպես նաեւ «լայաղ» չի արել այդ ռուս ջահելներից բաղկացած թիմի մեջ ընդգրկի հայերեն հաղորդակցվող եւս մեկ կամ մի-քանի աշխատողի, որպեսզի այդ հիմնարկ մտնող հային չասեն՝ «ա պառուսսկի մո՞ժնը»։ Քանի անգամ է, այլ տեղեր եմ տարբեր առիթներով այցելել Երեւանում, օրինակ, մատուցել է մի ռուս երիտասարդ, բարեւել է հայերեն, հայերեն ասել է “բարի գալուստ” կամ “բարով եք եկել”, բերել է հայերեն ճաշացանկ, եւ ես ի պատասխան սիրալիր կերպով ռուսերեն եմ պատասխանել, չնայած տեսել եմ, որ մեր սեղանին ուշադիր հետեւում է մի հաստատապես հայ մատուցող եւս, որպեսզի սպասարկումը հարթ ընթանա ռուս երիտասարդի համար։ Եվ նորմալ է։ Իսկ ո՞վ է ասել, որ որեւէ խնդիր կա, որ Երեւանում սրճարան-ռեստորան-փաբերի այցելուներին սպասարկեն ռուսներ-պարսիկներ-հնդիկներ-աֆրիկացիներ եւ այլք։
Բայց եթե ես մտնեմ մի սրճարան եւ ինձ մոսկովյան ամբարտավանությամբ (хамство), որպես մոսկովյան բիդլյակ, ըստ էդ ֆաշիստական երկրում ընդունված բարքերի՝ ինձ ասեն, թե ինչ լեզվով պիտի խոսեմ, ապա բնական է, որ իրեն էլ, իր շեֆին էլ կուղարկեմ ռուսական նավի հետեւից նույն հասցեով, ընդ որում շատ վարժ ռուսերենով․․․ պրոբլեմը ՄԵՐ սպասարկման ոլորտը կարգի բերելու մեջ է, որպեսզի նման հարցեր չծագեն։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի սպասարկման օբյեկտներն ապահովեն հայոց լեզվով ճաշացանկերի առկայություն, իսկ սպասարկողներին էլ կցեն հայերեն իմացող աշխատակիցներ։ Այլ հարց ՉԿԱ։ Ու կարիքը չկա այլ հարթություններում աքսիոմատիկ ճշմարտություններ վերահաստատել։ Այլ անհրաժեշտ է, որպեսզի գործի ՕՐԵՆՔԸ, եւ պետությունը, որը վարձատրվում է մեր, հարկատուների՛ս հաշվին՝ կատարի իր գործառույթը․ Օրենքի պաշտպանությունը բոլորի կողմից առանց բացառության․․․ Մեր Հայոց լեզուն, պետական լեզուն՝ արժանի՛ է առնվազն նույն վերաբերմունքի, ինչպիսին կարմիր լույսին վերաբերվող կարգավորումներն են»։
Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը, որը տարիներ առաջ մասնակցում էր «Դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությանը, հիշեցնում է, որ Հակոբ Արշակյանն էլ ժամանակին մասնակցում էր օտարալեզու դպրոցների բացման դեմ բողոքի ցույցերին․ «Էս նկարում պատկերվածներից մեկը, բայց չեմ հիշում կոնկրետ որ մեկը, երեւի էն գանգուր մազերովը՝ օտարալեզու դպրոցների դեմ շարժման ակտիվիստ էր։ Քայլիստ գիտեմ նախկին կյանքում արդարապաշտ սոցիալ-դեմոկրատ էր, մյուսը՝ մոլի արեւմտամետ, էն մեկը՝ նույնիսկ ազգայնական։ Փաստորեն ՔՊ-ն հայ իրականության աղիքային համակարգն է․ տարբեր տեսակի ու որակի մարդկանց կլանում, քայքայում ու դարձնում է նույն․․․»։
Հովհաննիսյանն արձագանքել է ռեստորատոր Աշոտ Բարսեղյանի գրառմանը եւս, նշել․« Բացի փակ, կիսափակ ակումբային տիպի հաստատություններից՝ մնացած բոլոր սրճարանները, բարերը, խանութները հանրային օֆերտայի, իմա՝ առաջարկի դաշտում են։ Դա նշանակում է, որ այդ առաջարկից կարող են օգտվել բոլորը և յուրաքանչյուրը ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՈՎ, այն է՝ սոցիալական պահվածքի նորմեր, հարգանք սեփականության նկատմամբ, վճարունակություն և այլն։ Եթե հիմնարկը ունի հատուկ պահանջներ, ապա դրանք պետք է չհակասեն օրենսդրությանը, չնվաստացնեն հաճախորդի արժանապատվությունը, հստակ երևացող տեղում գրված լինեն և այլն։
2․ Հայերեն ճաշացուցակը իսկապես պարտադիր է։ Հայերեն սպասարկելը պարտավորությունը (ոչ բոլոր աշխատակիցների կողմից, իհարկե) բխում է ՀՀ սահմանադրությունից և այլ օրենքներից։ Պրակտիկայում դա նշանակում է, որ ԵԹԵ հաճախորդը պահանջում է սպասարկել իրեն ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎՈՎ, պետք է աշխատակիցներից գոնե մեկը ի վիճակի լինի դա անել․․․»։
«Փաստորեն օրենքը կարեւոր չէ, մարդկային վերաբերմունքն է կարեւոր: Բա շուտ ասեին մենք էլ օրենքը շան տեղ չէինք դնի:Քաղաքական գործիչը բարոյական իրավունք չունի խրախուսելու պետական լեզի հանդեպ արհամարհական վերաբերմունքը: Այս երիտասարդները կմտածեն, որ ահա, նորմալ է, կարող անք այդպես էլ շարունակել»,-ֆեյսբուքում գրել է Դավիթ Սանդուխչյանը:
Հակոբ Արշակյանն այսօր արձագանքել է երեկվա իր գրառման քննադատողներին։
«1. Հայաստանի հանրապետության օրենքները պետք է պահվեն առանց բացառության. սա քննարկման ենթակա չէ։ Շատ ուրախ եմ, որ մեր քաղաքացիները նման խնամքով են վերաբերվում օրենքներին և դրանց նկատմամբ իրականացնում են քաղաքացիական վերահսկողություն։ Համոզված եմ, որ վերահսկողական մարմինները նույնպես աչալուրջ են այս հարցում։
2․ Հայաստանում ստեղծված իրավիճակը իր բնույթով յուրահատուկ է։ Բազմահազար օտարերկրացիների ներհոսքը հավելյալ քայլերի կարիք է առաջացնում՝ համապատասխան նոր գործիքակազմ և միջավայր ստեղծելու տեսանկյունից։ Որպես օրինակ կարող եմ մատնանշել, որ Հայաստան տեղափոխված բազմահազար օտարերկրացիների համար կարիք կա հայոց լեզվի ուսուցման որակյալ և մատչելի դասընթացների(այս մասին մատնանշում են հենց Հայաստան տեղափոխված ընկերությունների ղեկավարները), միևնույն ժամանակ միջանկյալ լուծումներ պահանջող բազմաթիվ խնդիրներ կան, օրինակ` օտարերկրացի երեխաների ուսուցման կազմակերպումը…»,-գրել է Արշակյանը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ