Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գլխավոր շտաբն ու ԱԱԾ–ն նշում էին պատերազմի 30 տոկոս հավանականության մասին, բայց Արցախից այլ պատկեր էին ներկայացնում․ «Առերեսում»

Հուլիս 01,2023 15:51

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովում իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, հակասեց 2020-ի նոյեմբերի 10-ին հրապարակավ արած վստահեցմանը, թե տեղյակ էին, որ պատերազմ է լինելու, միայն օրը չգիտեին։ Իսկ այժմ հայտարարեց․ «Մեր ինստիտուտները որքա՞ն են հավանական գնահատել պատերազմի հավանականությունը մինչև ամսի 25-ը, 30 տոկոս է եղել հավանականության գնահատումը: Եվ դա եղել է ոչ միայն հետախուզության, այլ մի շարք այլ տվյալների, միջազգային գործընկերների հետ շփումների հիման վրա: Ինձ ուրիշ բան էլ է զեկուցվել, որ պատերազմի հավանականությունը 30 տոկոս է, և նաև հնչել է, որ սա հոգեբանական ճնշում է քաղաքական իշխանության վրա, որ նա գնա անհամաչափ զիջումների»:

Անդրադառնալով այս պնդմանը՝ «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ Կովկասի ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանն ասաց․ «2020 թվականին պատերազմի հավանականությունն էականորեն աճեց քովիդի եւ այն քաղաքականության ֆոնին, որն իրականացնում էր այս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ադրբեջանը բազմաթիվ դրվագներով տեսավ Հայաստանի թուլությունը՝ եւ կազմակերպչական, եւ ինստիտուցիոնալ, եւ ռազմավարական մշակույթի, եւ նաեւ ներքին կայունության առումով, որովհետեւ անընդհատ դատական համակարգի, ընդդիմադիրների, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանի հետ կապված՝ անկայունությունը շատ մեծ էր։ Դա Ադրբեջանի համար, իհարկե, ազդակ էր։ Երկրորդը՝ պատերազմի հավանականությունը բարձր էր, թե ցածր՝ դրա համար գնահատման մեխանիզմներ գոյություն ունեն, մեթոդաբանություն կա։ Եթե ցանկություն ուներ՝ կարող էր հարցնել մասնագետներից․․․ Կոնկրետ մեր ինստիտուտում այդ ուսումնասիրություններն ամեն եռամսյակ անում ենք։ Այդ պահին գնահատվել է 40 տոկոսից ավելին ու դա իրականում շատ–շատ բարձր հավանականություն է»։

Հաղորդման մյուս հյուրը՝ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը վկայեց․ «Այդ ժամանակ ես աշխատում էի ՀՀ անվտանգության խորհրդում։ Այդ տվյալը համապատասխանում է իրականությանը՝ գլխավոր շտաբն ու ԱԱԾ–ն զեկուցում էին 30 տոկոս հավանականության մասին․ խոսքը ոչ թե ընդհանրապես պատերազմի սկսվելու, այլ կոնկրետ օրվա, շաբաթվա մասին է։ Ընդհանուր առմամբ՝ հուլիսյան լարումից հետո բոլորին պարզ էր, որ գնում ենք դեպի պատերազմ։ Իսկ սեպտեմբերի 20-ից սկսած՝ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն ընթերցելուց հետո արդեն ակնհայտ էր, որ գնում ենք դեպի պատերազմ։ Ճիշտ է նշում, որ ԳՇ–ն ու ԱԱԾ–ն նշում էին 30 տոկոս հավանականության մասին, բայց Արցախից այլ պատկեր էին ներկայացնում։ Արցախում այդ հավանականությունը շատ ավելի բարձր էին գնահատում։ Հիմա, քանի որ պատերազմն արդեն տեղի է ունեցել՝ գաղտնիության որոշակի քողը կարելի է անտեսել․ մեր բանակի կառուցվածքն այնպիսին էր, որ Արցախում գտնվող զորքի վերաբերյալ որոշումները պետք է Երեւանից կայացնեին։ Եվ այդ իսկ պատճառով՝ քաղաքական իշխանությունը վստահել էր Գլխավոր շտաբի եւ ԱԱԾ–ի կողմից զեկուցվող տվյալներին ու մի շարք գործողություններ չէին իրականացվել մինչեւ պատերազմը, ու նաեւ այդ պատճառով ունեցել ենք հսկայական կորուստներ պատերազմի առաջին օրերին։ Նա ճիշտ է նշում նաեւ, որ սեպտեմբերի 25–ին ենք ունեցել առաջին հստակ հետախուզական տվյալը»։

 

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31