Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա՛մ հոգեկան հիվանդ է, կա՛մ էլ՝ սրբապիղծ վարձկան»․ Շիրակ գյուղում փնտրում են իրենց երկու սրբավայրերը միանգամից այրողին

Հուլիս 01,2023 15:34

Երեկ կեսօրին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Շիրակ գյուղում․ միաժամանակ հրդեհ է բռնկվել թե՛ գյուղի մեջ գտնվող մատուռում և թե՛ սարերի տակ գտնվող 19-րդ դարի կիսավեր եկեղեցում՝ «Սուրբ Մինասում»։

Սա մեծ մտահոգության մեջ է գցել գյուղի բնակիչներին, նրանց մեծ մասը վախեցած են՝ գուցե թշնամու ձեռագի՞րն է․ վարձկան են ուղարկել իրենց գյուղ՝ սրբավայրերը ոչնչացնելու։

Բնակիչների համոզմամբ, պատահականություն չէր կարող լինել, որ միաժամանակ հրդեհ բռնկվեր իրարից 300 մետր հեռավորության վրա գտնվող սրբավայրերում։

Գյուղի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ սարերի տակ գտնվող կիսավեր եկեղեցում բռնկված հրդեհը նկատել է հովիվը, տեսել է՝ մուխ է բարձրանում, ահազանգել է, ու գյուղացիները շտապել են՝ հանգցնելով կրակը։

Եվ մինչ այս ահազանգի հետքերով էին, նոր ահազանգ են ստացել, թե այրվում է գյուղի մատուռը, այն լրիվ մոխրացել է․ հատակը փայտից է։

«Ես հասկացա, որ պատահականություն չի կարող լինել։ Մատուռը գյուղի ընտանիքներից մեկն է կառուցել՝ իրենց պապական տան մի հատվածում, իրենք այդտեղ չեն բնակվում, սակայն հարևանները, տեսնելով կրակը, մինչ հրշեջների հասնելը, ինքնակազմակերպվել են, մարել են այն, կտուրին չի հասել։ Եթե ուշ հասնեին, կողքբոլորի տներն էլ կայրվեին։

Մատուռից ոչինչ չի մնացել, իսկ եկեղեցին քարից է՝ 19-րդ դարի կառույց է, որի մի մասը երկրաշարժից փլվել է, մոմ վառելու փոքր հատված կա ու չնայած կիսավեր լինելուն՝ գյուղում կան հավատացյալներ, որոնք ամեն օր այցելում են եկեղեցի։

Այստեղ տարօրինակ մի բան են նկատել, առավոտյան եկեղեցի այցելած բնակիչը փակ հատվածում հայկական դրոշ չի տեսել։ Իր այցից երեք ժամ հետո, երբ հրդեհ էր բռնկվել, հայկական դրոշ կար՝ կիսայրված, մեջն էլ՝ ծաղիկներ։ Եկեղեցու մեջ շիրմաքար կա, այդ շիրմաքարին է դրված՝ փակ հատվածում»,-ասաց վարչական ղեկավարը։

Գյուղի բնակիչները նաև տեսել են, որ եկեղեցու մեջ գտնվող գիպսից պատրաստված խաչը գետին է գցված ու կոտրված։

Համլետ Ասատրյանն ասում է՝ բնակիչները խորը մտածմունքի մեջ են, մի մասն էլ վախեցած է։

Գյուղում երբևէ նման դեպք չի եղել, նրանք անծանոթ մարդու չեն տեսել, սակայն վարչական ղեկավարը չի բացառում, որ անծանոթը եկեղեցի հասներ սարերով ու որևէ մեկը նրան չնկատեր։

«Գյուղում մեծ մտահոգության մեջ են, թե ում ձեռագիրն է սա»,-  ասում է Համլետ Ասատրյանը։

Երեկ գյուղ են եկել թե՛ պարեկները, թե՛ Ախուրյանի ոստիկանները՝ իրենց պետի ղեկավարությամբ։ Բնակիչները հույս ունեն, որ նրանք կպարզեն իրենց սրբավայրերն այրողի ինքնությունը։

«Սրբավայր այրողը կամ պիտի հոգեկան հիվանդ լինի կամ սրբապիղծ վարձկան, թշնամի», ասում են գյուղացիները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31