Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեր երկրում ընթացող շրջադարձային ժողովրդավարական բարեփոխումների ամրապնդման ֆոնին դատախազության գործունեության դերն ու պատասխանատվությունը բազմապատկվում է․ Վահագն Խաչատուրյան

Հուլիս 01,2023 13:19

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության Դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված համաժողովին: Միջոցառման ընթացքում հրապարակվել են նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերը՝ դատախազության մի շարք աշխատակիցների դասային աստիճաններ շնորհելու և պետական պարգևներով պարգևատրելու վերաբերյալ:

 

Նախագահի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Կարենի Վարդապետյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գրիգոր Վալիկոյի Էլիզբարյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Շահենի Պողոսյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հանրապետության նախագահը Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել է

Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Հովհաննեսի Գալյանին, գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Սոսի Գրիգորյանին, գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Մարտինի Գրիգորյանին և գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Լևոն Մկրտչի Չարխիֆալակյանին:

Պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո նախագահը հանդես է եկել ելույթով:

«Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ,

Հարգելի դատախազներ,

Դատախազության հարգելի աշխատակիցներ,

Շնորհավորում եմ Ձեզ Դատախազության աշխատակցի օրվա և Հայաստանում Դատախազական ծառայության 105-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետությունում օրինականության և իրավակարգի պահպանության ու ամրապնդման գործում անհնար է գերագնահատել դատախազության դերը և այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ է յուրաքանչյուր աշխատակցի անաչառ ու պատասխանատու ներդրումը:

Ձեր գործունեության անկյունաքարը Հայաստանի Սահմանադրությունն է, իսկ հիմնական առաքելությունը մեր երկրում սահմանադրականության, ժողովրդավարության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը:

Հայաստանի անկախացումից ի վեր դատախազությունը, որպես միասնական համակարգ անցել է կայացման դժվարին ճանապարհ՝ բախվելով բազմաթիվ արատավոր երևույթների:

Սակայն վերջին տարիներին մեր երկրում ընթացող շրջադարձային ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարության ինստիտուտների ամրապնդման ֆոնին դատախազության գործունեության դերն ու պատասխանատվությունը բազմապատկվում է, քանի որ դատախազությունն այն կարևոր ինստիտուտներից է, որը պետք է դառնա այդ բարեփոխումների գլխավոր երաշխավորներից մեկը:

Դատախազությունը կուռ և միասնական համակարգ է, որի արդյունավետ գործունեության գրավականն աշխատակիցների մասնագիտական փորձառությունը, արհեստավարժությունն ու անձնվեր աշխատանքն է:

Միաժամանակ վստահ եմ նաև, որ համակարգի շարունակական համալրումը երիտասարդ ու գիտակ իրավաբաններով, ձևավորում է դատախազության որակյալ ներուժը՝ իր Սահմանադրական լիազորությունների իրականացման համար:

Հարգելի ներկաներ,

Կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում նորանոր հաջողություններ ձեր պատասխանատու առաքելության իրականացման մեջ, քաջառողջություն և ընտանեկան երջանկություն»:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31