ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրում խոստացել ենք մինչեւ 2026 թվականը նվազագույն կենսաթոշակը հավասարեցնել պարենային զամբյուղի արժեքին:
Այսօրվանից Հայաստանում նվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ 31 հազար 600 դրամից դառնալով 36 հազար դրամ: 36 հազար դրամը Հայաստանում այս պահին հաստատված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի 99.5 տոկոսն է:
Իսկ այն կենսաթոշակառուները, ովքեր իրենց թոշակը ծախսում են անկանխիկ եւ օգտվում են 10 տոկոսի չափով ետվճարի ստացման ծրագրից, փաստացի կստանան պարենային զամբյուղի 106 տոկոսից բարձր գումար:
Սա աննախադեպ իրադարձություն է մեր երկրի պատմության համար: Առաջին անգամ կենսաթոշակառուն կենսաթոշակի ծախսումով կկարողանա հոգալ իր նվազագույն պարենային ծախսերը: Ընդ որում, նվազագույն կենսաթոշակ ստանում է կենսաթոշակառուների միայն 12 տոկոսը (շուրջ 73 հազար մարդ): Մյուս՝ շուրջ 500 հազար կենսաթոշակառուների թոշակը 36 հազարից ավելի բարձր է եւ հուլիսի 1-ից նրանց կենսաթոշակը նույնպես կբարձրանա:
Ընդգծեմ նաեւ, որ 2018 թվականի Հեղափոխության պահին Հայաստանում նվազագույն կենսաթոշակը եղել է 16 հազար դրամ: Այսինքն՝ վերջին հինգ տարում նվազագույն կենսաթոշակը ավելի քան կրկնապատկվել է:
Կարդացեք նաև
Այս գրառմանն արձագանքել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը
Ապշեցուցիչ է այս մարդու իրավիճակային անադեկվատությունը. իր պաշտոնավարման ընթացքում, իր սխալների հետևանքով 120 հազար հայ հայտնվել է շրջափակման մեջ, նրանց սպառնում է, իր իսկ խոսքերով, «էթնիկ զտման, ցեղասպանության վտանգ», իսկ ինքը այսօր խոսում է «երկրի պատմության մեջ մի աննախադեպ իրադարձության» մասին. նվազագույն կենսաթոշակը դարձել է 36 հազար դրամ։
Նույնիսկ իմաստը չես տեսնում հարցնելու՝ գնաճը տեսե՞լ ես, խանութ մտե՞լ ես, հասկանո՞ւմ ես, որ այսօրվա 36 հազարի գնողունակությունը կարող է ավելի քիչ լինել, քան նախորդ տարիների, ասենք, 30 հազարը։
Անիմաստ է, որովհետև կա շատ ավելի լուրջ խնդիր. իր պահվածքով նա ողջ պետական համակարգն է սարքում անադեկվատ, որևէ ռիսկի, որևէ մարտահրավերի դիմակայելու անընդունակ։ Այն, որ ՀՀ պետական պաշտոնյաները վախենում են պատասխանել արցախցի պաշտոնյաների զանգերին, հենց այդ անադեկվատության ապացույցն է. խոսեն, որ ի՞նչ ասեն, ո´չ լիազորություն ունեն ինքնուրույն որոշում կայացնելու, ո՛չ՝ ունակություն որևէ լուրջ, ռացիոնալ քայլի։
Ադրբեջանական պրոպագանդան քարոզում է «նոր հատուկ ռազմական օպերացիայի» անհրաժեշտությունը՝ «Ղարաբաղը մաքրելու հայկական ուժերից»։ Կա՞ բան, որ անում է պաշտոնական Երևանը՝ սա կանխելու համար։ Կա՞ ծրագիր, կա՞ աշխատանք ռուսական կողմի հետ։
Պետության փլուզումը հենց այսպիսին է լինում։ Պետական ինստիտուտները դադարում են իրավիճակին համահունչ լինել։ Կարող են դեռ իներցիայով կառավարության կամ ԱԺ նիստեր անել, իրար ասել ՄԵԾԱՐԳՈ ու իբր հարցեր քննարկել, բայց սա ուղղակի իներցիա է, որովհետև ընթացքը տանում է պետականության փլուզմանը։
Այս ընթացքը կանգնեցնելու համար նոր լուրջ քաղաքական, հանրային ընդդիմադիր ձևաչափեր են պետք։ Լիքը լուրջ գործիչներ, դեմքեր ունենք՝ բոլոր սերունդներից, բայց չենք կարողանում նիկոլական ինստիտուցիոնալ անլրջությանը սոլիդ այլընտրանք ստեղծել, ու մեր քաղաքական ֆորմատը մնացել է ԱԺ-ում մայկա-տռուսիկի բանավեճի փիլիսոփայական մակարդակում։