Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես պիտի իրենց ձեռքը բռնեմ, որ չմոխրացնեն իմ զավակներին»․ Բագրատ Սրբազան

Հուլիս 01,2023 11:29

Aravot.am-ը  Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով ո՞րն է Հայաստանում ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղին․ մի՞թե նոր առաջնորդ պիտի ծնվի, քանի որ անվստահություն կա թե՛ գործող իշխանության և թե՛ ընդդիմության հանդեպ։

«Առաջնորդի ծննդյան խնդիր չկա, գաղափարի հարցն է և միևնույն ժամանակ՝ ինչպես անել։ Եվ սա էլ շատ վատ թեզ է, այն պիտի կոտրվի, որովհետև հենց իշխանական թեզ է սա, թե տեսեք՝ այլընտրանք չկա, մարդ չկա, էս ինչը չկա, էն ինչը չկա, ուրեմն այսպես պետք է շարունակվի։ Ո՛չ, դա անհատի հետ կապ չպիտի ունենա, լեցուն խմբեր կան, տարբեր շարժումներ կան այսօր երկրում՝ տարբեր գաղափարի, տարբեր ձևի, վստահ եմ մի միտում ունեն՝ երկիրը հզորացնել, արժանապատվությունը վերականգնել, հանուն սրա են գործում, ոչ թե ընդդեմ ինչ-որ բանի։

Ես հավատում եմ, որ այդ միջոցը․ այս իշխանությունների գնալը միջոց է, որպեսզի հասնենք համընդհանուր, հանրային հաշտության, հանրային զգացումների ձևավորման՝ բերելու ավելի նյութական դաշտ, նոր նպատակների սահմանման, վերականգնելու մեր պատիվն ու արժանապատվությունը։

Նախ ներսում ինքներս մեզ համար, որովհետև ես կարծում եմ, որ  այն գողացված ու կողոպտված է, ինչպես մեր ուրախությունը, ապա նաև արտաքին աշխարհի համար։

Մեզ հետ այսօր ոչ ոք չի ուզում հարաբերվել կամ ոչ թե չի ուզում, այլ կարիք չկա հարաբերվելու, խոսակցության թեման ոչ թե մեզ հետ է, այլ մենք ենք, մեր մասին է, առանց մեր որևէ ձևով մասնակցության ու անդրադարձի։

Եվ ինչ է տեղի ունենում․ թշնամական պետության նոր ընտրված ղեկավարը  ուղղակի ասում է` այս ինչ բանը տեղի է ունենում, տվյալ պարագայում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, Հայաստանը կապ չունի, բայց ընդդիմացողը Իրանն է։ Սա ինչի մասին է խոսում։

Ես կարծում եմ, որ այս բոլոր շարժումները ինչ-որ տեղ գալու են, հասնելու են մի կետի, երբ որ իրենք իրենց բնական ճանապարհով կարողանալու են համախմբում բերել և այնտեղից ծնվելու է նաև խումբը, որոնք իսկապես լինելու են այն առաջնորդները, որոնք փոփոխություններ են բերելու»,-ասաց Տավուշի թեմի առաջնորդը։

Նա անդրադարձավ նաև իշխանություն-եկեղեցի լարված հարաբերություններին։

«Եկեղեցին իր հիշողությամբ, իր ապրումով, իր օրակարգով չի փոփոխվել, ոչ միայն հոգևոր ըմբռնումների և ընկալումների և դավանանքի, աստվածաբանության, քարոզչության առումով, այլ նաև իր ազգային օրակարգով և նկարագրով։ Եվ հատկապես այսօր եկեղեցին, օրինակ՝ իր հիշողության համահունչ սահմանել է, որ նախ այս իրավիճակն աղետալի է։ Երկրորդ՝ մեզ, մեր պետությանը, մեր հայրենիքին, մեր ժողովրդին անհրաժեշտ է հաշտության օրակարգ, երրորդ՝ Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացումը չի կարող  սակարկելի լինել։ Եկեղեցին այդ նշաձողն է սահմանել  իր համար, ապրում է այդպես։ Ո՞վ է հակադրվում դրան, ուրեմն հակադրության խնդիր է, եկեղեցին չէ, որ ընդդիմանում է, իշխանությունն է որ ընդդիմանում։

Ընդ որում իրենք ընդդիմանում են իրենց իսկ ծրագրին և իրենց իսկ հռետորաբանությանը։ Կառավարության ծրագիրն այդպես է եղել Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի մասին, Արցախի անջատում հանուն փրկության, իրենց ծրագիրն է եղել, չէ՞։

Փաստորեն իրենք առաջարկել են մեզ ընտրեք, որ այս ծրագիրը իրականացնենք, ձեզ  ընտրել են ժողովրդի մի մասը, և դուք ոչ միայն չեք իրականացրել, այլ լրիվ հակառակ խաբեությունն եք արել։ Եվ սա ոչ եկեղեցու խնդիրն է ընդդիմանալու, այլ իրենց ընդդիմությունն է, և իրենք իրենց էլ են ընդդիմանում, ինքնաընդդիմադիր են նույնիսկ։

Ինչու են ինքնաընդդիմադիր, որովհետև ծրագիր ունեն, իրենց ծրագրին ընդդիմանում են, հակառակն են գործում, և նաև այն օրակարգը, որ եկեղեցին որպես հաշտության օրակարգ անընդհատ քարոզում է, թելադրում է, իրենց գործունեությանը հաշտություն պետք չէ։

Այս մարդկանց համար մեր երկրում քաոս է պետք, անվստահություն է պետք, որ ժողովուրդը գիտակցության չգա, թե ինչ իրավիճակ է, ինչ ողբերգության մեջ է ապրում, որպեսզի իրենց իշխանական աթոռը կառավարելը հարատևի։

Եկեղեցին միշտ իր օրակարգով է շարժվում, նշաձողեր է սահմանել, և այդ օրակարգերը երեկ կամ առաջին օրերում չեն ծնվել, սրանք հազարավոր տարիների են,  բառային ձևակերպումներն են տարբեր, բայց գաղափարաբանությունը նույնն է, ոչ մի բան չի փոխվել, հետևաբար այսպես կոչված եկեղեցու հակադրություն չեմ տեսնում, այլ հակադրություն տեսնում եմ մյուս կողմից»։

Մեր դիտարկմանը, թե քննադատություններ են հնչում, որ հոգևորականները զբաղվում են քաղաքականությամբ, մեր զրուցակիցն ասաց․ «Ես միլիոն անգամ խոսել եմ այդ մասին ու ասել՝ դա մանիպուլյատիվ, մոլորեցնող թեզ է։ Ես չեմ ասելու՝ բա իմ քաղաքացիական իրավունքը, բացարձակ, ինձ համար կապ չունի քաղաքացի, հոգևորական և այլն․․․

Գիտեք՝ մարդիկ կան էդ դերերով են հանդես գալիս, ասում են՝ այս պահին ես այս ինչ պաշտոնյան եմ, էս ինչ պահին ես քաղաքացի եմ։

Սա իմ կենսագրությունն է որպես հայ մարդ, իմ պատմությունն է, իմ եղբայրների արյունն է, իմ զավակների արյունն է, իմ հայրերի կյանքն ու արյունն են, տառապանքն է, ամեն ինչն է։ Ես հիշողություն ունեմ, չի վերջացել դա ինձ համար, սա մեր կյանքն է, մեր տունն է, մեր մայրն է, մեր ամեն ինչն է, մեր ուրախությունն է, ոնց կարող է մարդ ասի, թե քաղաքականություն է։

Քաղաքականությունը ուրիշ երկրներում է, որտեղ բնականից կուսակցությունները մրցում  են, սա են անում, նա են անում, որևէ մեկի հետ մրցելու խնդիր էլ չունենք, եթե ունենաք հստակ կասենք և կհաջողենք էլ, խնդիր չկա դրանում ոչ մի ձևի, բայց սա բարոյականության, կենսագրության, արժանապատվության, պատվի հարց է, ինչ քաղաքականություն։

Եվ մի առիթով վերջերս ասել եմ, երբ մեզ անընդհատ ասում են քաղաքականություն, մեր տղաները որ զոհվել են, քաղաքականության հարց չե՞ն և երկրորդ՝ հենց վերջին դեպքերն եմ օրինակ բերելու, երբ մեր 15 զինծառայող տղաները մոխրացան։ Ես՝  որպես Տավուշի թեմի առաջնորդ, երկու զավակ ունեմ այստեղից զոհված այդ աղետի մեջ, հիմա սա ո՞ւմ պատասխանատվությունն էր, որ իրենք զոհվեցին՝ ո՞րի, պետության։

Հիմա իրենք կդնեն բանակի վրա, սրա վրա, նրա վրա, բայց լայն առումով այդ տղաները գնացել են ծառայելու պետությանը, ուրեմն պետության կառավարության սուրբ պարտականությունն է  ամեն ինչ անել առաջին հերթին նրանց անվտանգ ծառայության համար։ Անվտանգ ծառայություն չի նշանակում չկռվել հայրենիքի համար, չի նշանակում, գնալ ծառայելու, որպեսզի փրկվել, այլ հակառակը գնալ ծառայելու, որպեսզի պաշտպանել, բայց խաղաղ պայմաններում անվտանգ ծառայությունն ապահովելն է։ Սա պետության և այդ պետության կառավարության առաջին պարտականությունն է։ Հիմա այդ տղաները մոխրացել են, ես որպես հոգևոր առաջնորդ իմ գործը զուտ գնալ, հուղարկավորելն է ու ձայն չհանե՞լը։

Ես այդ առիթով ասել եմ՝ ձեր գործառույթը սպանե՞լն է, մերը հուղարկավորե՞լը, թե՞ ձեր ձեռքը բռնելն ու ասելը՝ էս ի՞նչ եք անում, ո՞վ է ձեզ տվել այդ իրավունքն այդքան անփույթ, անտարբեր և անխնա գտնվելու մեր զավակների նկատմամբ։

Հիմա ի՞նչ քաղաքականության մասին է խոսքը, էդ ընտանիքների հետ ես ու իմ քահանա հայրերն ենք ապրում, ողբերգություն է ուղղակի, երբեմն նույնիսկ զրկված ես լինում մարդկանց մխիթարելու կարողությունից։ Ապրո՞ւմ ենք դրանք էդ բաները, գիտե՞ն ինչ է նշանակում, թե՞ չգիտեն, թե հեռվում գան, կես կիլոմետր հեռու կանգնեն, ծխեն ուղղակի էդ առիթով ու թողնեն ուղղակի գնան, էնքան որ  հեռվից ցույց տան մարդկանց, իրենք էդտեղ են։

Ես իրենց ձեռքը պիտի բռնեմ, որ իրենք չմոխրացնեն իմ զավակներին։ Սա քաղաքականությո՞ւն է։ Ես ասել եմ հստակ՝ ձեր գործառույթը սպանելն է, մերն էլ թաղելը, եթե դուք համարում եք դա քաղաքականություն»,-ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31