Լրահոս
Օրվա լրահոսը

Այս պահին Ադրբեջանում ունենք 35 հաստատված գերի, իսկ չհայտարարված գերիների թիվը 80 է. «Հրապարակ»

Հուլիս 01,2023 11:02

«Հրապարակի» զրուցակիցն է միջազգային կառույցներում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

– Կարո՞ղ ենք հուսալ, որ առաջիկայում հայրենադարձվող գերիներ կունենանք։

– Կարծում եմ՝ տեսնում եք, որ որոշակի հանդիպումներ են տեղի ունենում, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով, տարբեր պետությունների միջնորդությամբ։ Իհարկե, այդ հարթակները հիմնականում միտված են միջպետական քաղաքական խնդիրների լուծմանը, բայց դրանք անխուսափելիորեն անդրադառնում են նաեւ գերիների հայրենադարձությանը, քանի որ գերիները, իրականում, որպես պատանդներ են եւ պահվում են այս քաղաքական հույժ խնդիրներում Հայաստանի իշխանությունների նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով։ Մյուս կողմից, մենք գիտենք, որ Ադրբեջանը ոչ հաջողված դիվերսիա կազմակերպեց Հայաստանի սուվերեն տարածքում, որի արդյունքում երկու դիվերսանտներ ձերբակալվեցին, եւ նրանց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։ Հասկանալի է, որ Ադրբեջանը շահագրգիռ է իր բոլոր հանցագործներին վերադարձնելու եւ սեփական երկրում հերոսացնելու հարցում, ուստի նրանք այս փուլում շահագրգռված կլինեն երկու հանցագործների դիմաց սահմանափակ քանակի գերիներ հայրենադարձելու հարցում։ Կարծում եմ, որ այս առնչությամբ եւս քննարկումներ լինում են, եւ հնարավոր է պատշաճ միջնորդության իրականացման պարագայում հասնել որոշակի լուծումների, բայց կանխատեսում չունեմ, որ բոլորին կվերադարձնեն այդ երկուսի դիմաց․ սա ադրբեջանական գործելակերպին համահունչ չէր լինի։ Իսկ իրավական գործընթացներն իրենց բնականոն հունով ընթանում են, եւ դրանք այս պահին ավելի հակակշռող նշանակություն ունեն՝ մինչեւ վերջնական դատական ակտերի կայացումը, որ Ադրբեջանը բացարձակ անպատժելիության եւ նպատակահարմարության դաշտում չգործի։

– Մեկ ճշտում․ մոտակա ժամանակահատվածում հնարավո՞ր է հայրենադարձվող գերիներ ունենանք, որովհետեւ Ադրբեջանն ուզում է նրանց փոխանակել իր մարդասպանների հետ։

– Այո, կարծում եմ, այստեղ կարելի է ընդհանրական եզրեր գտնել եւ հասունացնել գործարք՝ բանակցությունների ճանապարհով։ Այո։ Այս պահին Ադրբեջանում ունենք 35 հաստատված գերի, որոնցից 26-ը Խծաբերդի խմբից է, իսկ չհայտարարված գերիների թիվը 80-ն է, ու թիվն արդեն ստատիկ է դարձել։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31