Լրահոս
Օրվա լրահոսը

Զարմանալի է, որ այս պայմաններում հայկական կողմը շարունակում է բանակցությունները, երբ վստահության ոչ մի մեխանիզմ չի գործում․ «Փաստ»

Հուլիս 01,2023 10:08

Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է իր ավանդական գործելակերպը՝ պարբերաբար դիմելով տարբեր սադրանքների, իսկ եթե ավելի ճիշտ ներկայացնենք, ապա՝ հարձակումների ու հանցագործությունների։ Ընդ որում, Բաքվի կողմից սահմանային լարվածության աստիճանը բարձրանում է հատկապես կարևոր հանդիպումների նախօրյակին կամ ընթացող բանակցություններին զուգահեռ։ Այս անգամ Վաշինգտոնում մեկնարկած բանակցությունները ևս բացառություն չէին, դրան համընթաց Ադրբեջանը հերթական հարձակումը գործեց Արցախի վրա, որի արդյունքում ունեցանք նոր զոհեր։ Բաքուն այդպիսով ցույց է տալիս, որ բանակցային գործընթացն ընդամենը ադրբեջանական սադրանքները լեգիտիմացնելու միջոց է։ Ու զարմանալի է, որ այս պայմաններում հայկական կողմը շարունակում է բանակցությունները, երբ վստահության ոչ մի մեխանիզմ չի գործում։

Անգամ Արցախի խորհրդարանն էր առանձին հայտարարություն տարածել՝ Հայաստանի պատվիրակությունից պահանջելով դադարեցնել բանակցությունները Վաշինգտոնում։ Բայց Հայաստանի գործող իշխանությունները միջազգային գործընկերների առաջ ոչ միայն վստահության մեխանիզմների թեման առաջ չեն մղում, այլև «խաղաղության օրակարգից» իրենց գլուխները կորցրած՝ ամեն ինչ անում են, որ ցույց տան, թե բանակցային գործընթացն իզուր չէ, և որոշակի առաջընթաց է ապահովում։ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման արդյունքում տարածված հաղորդագրության մեջ նշվում է, թե կողմերը համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ և գրանցել փոխըմբռնման առաջընթաց։

Բայց արդյոք Ադրբեջանի հետ որևէ փոխըմբռնում հնարավո՞ր է, երբ այդ երկիրը ոչ միայն հումանիտար ոլորտում քայլեր չի ձեռնարկում և չի վերադարձնում գերիներին, այլև Լաչինի միջանցքը փակելու միջոցով խորացնում է Արցախում ստեղծված ճգնաժամը։ Չի գործում արցախահայության իրավունքների ու անվտանգության ապահովման միջազգային որևէ մեխանիզմ, իսկ Արցախն ուղղակի էթնիկ զտումների վտանգի առաջ է կանգնած։ Եթե բանակցությունների շրջանակներում այս հարցը չի լուծվում, ընդհանրապես ի՞նչ իմաստ ունի արտգործնախարարների հանդիպումը։ Մյուս կողմից էլ՝ հաշվի առնելով առկա աշխարհաքաղաքական դասավորությունը՝ Վաշինգտոնյան բանակցությունները գործնականում չեն կարող նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Եթե նախկինում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական ջանքերի արդյունքում ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Ռուսաստանը հանդես էին գալիս տվյալ ձևաչափում, ապա ներկա իրավիճակը բոլորովին այլ է։

Արևմուտքի ու Ռուսաստանի դիմակայությունը բացառում է, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Ռուսաստանը հանդես գան միասնական հարթակում։ Եվ հետո՝ Ադրբեջանը չի ցանկանում, որ Ֆրանսիան շարունակի միջնորդական առաքելությամբ հանդես գալ, ուստի Ֆրանսիային փոխարինել է ԵՄ-ի միջնորդությունը։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31