Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգել Սահմանադրությունը

Հուլիս 01,2023 10:00

Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնարար փաստաթղթում՝ 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագրի նախաբանում կան հետեւյալ տողերը. «…հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա…»:

Իսկ Հայաստանի գործող Սահմանադրությունը սկսվում է հետեւյալ բառերով՝ «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները…»: Այն, ինչ ամրագրված է Սահմանադրության մեջ, կոչվում է հիմնարար օրենք, որը կարող է այս կամ այն քաղաքացուն, քաղաքացիների խմբին, այդ թվում՝ երկրի կառավարությանը, դուր չգալ, նրանք կարող են օրենքի դրույթի հետ համաձայն չլինել: Բայց, անկախ մեր սուբյեկտիվ վերաբերմունքից, օրենքի խախտումը իրավախախտում է կամ հանցագործություն:

Հակառակ դեպքում՝ կառավարությունը կարող է վերցնել, ասենք, Քրեական օրենսգրքի որեւէ հոդված, հայտարարել, որ այդ հոդվածը հնացել է, չի համապատասխանում օրվա պահանջներին եւ, հետեւաբար, ենթակա չէ կատարման: Հենց այնպես որեւէ օրենք կառավարությունը չի կարող չեղարկել, առավելագույնը կարող է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ եւ Ազգային ժողովը օրենքում փոփոխություններ կատարի: Սակայն Սահմանադրության ուժը նրանում է, որ նրա անփոփոխ հոդվածների որեւէ դրույթ կառավարության կամ Ազգային ժողովի քմահաճույքով չի կարող փոխվել:

Այս առումով «Հայաքվե» նախաձեռնությունն ինձ տրամաբանական է թվում՝ այն ուղղված է Քրեական օրենսգրքում փոփոխությունների, որպեսզի ծանր քրեական պատիժ նախատեսվի Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչողներին: Եթե հավաքվի 50 հազար ստորագրություն, ապա հնարավոր կլինի հարցը մտցնել Ազգային ժողով: Պարզ է, որ ՔՊ-ական մեծամասնություն ունեցող Ազգային ժողովը նման օրենք չի ընդունի: Ես նույնիսկ գիտեմ ՔՊ-ական ոճի փաստարկները, որոնք կհնչեն այդ նախաձեռնության դեմ՝ «Բա որ Տեր-Պետրոսյանը, Սարգսյան, Քոչարյանը…»: Այդ դեպքում հնարավորություն կա ժողովրդից նորից խնդրել աջակցություն, ստանալ եւս 300 հազար ստորագրություն, և հարցը օրենքի ուժով տանել հանրաքվեի։

Նախաձեռնության արժեքը ես տեսնում եմ դրա քաղաքացիական, ոչ քաղաքական բնույթի մեջ: Այսօր պետության ղեկավարը Փաշինյանն է, վաղը մեկ ուրիշը կլինի, իսկ քաղաքացիները պարզապես ուզում են, որ ոչ մի ղեկավար Սահմանադրությունը չխախտի: Իսկ եթե խախտի՝ պատժվի օրենքով: Ամեն ինչ, կարծում եմ, շատ պարզ է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Nimar says:

    Սահմանադրության ձեր մեկնաբանությունները, իմ կարծիքով, համոզիչ չեն։ Նրանք հաշվի չեն առնում իրական իրավիճակը և նմանվում են մանիպուլյացիայի։ Գոնե ԼՂ-ի հետ կապված։ Երբ հռչակվեց Արցախի Հանրապետությունը, որեւէ մեկին հետաքրքրո՞ւմ էր, թե ինչ էր գրված ՀՀ
    Սահմանադրության մեջ։ Այն պահից, երբ Արցախն իրացրեց ինքնորոշման իրավունքը, իսկ Հայաստանի Հանրապետությունը չճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը, հռչակագրին հղումը կորցրեց իր իմաստը։ Թեմայի բացակայության պատճառով:
    Հարցը փակվում է ինքնաբերաբար, վերջնականապես և անդառնալիորեն։ Մեր երկիրը երբեք չի ճանաչել, չի ճանաչում և տեսանելի ապագայում չի ճանաչելու Արցախի Հանրապետության գոյությունը։ Դրանից բխող բոլոր հետեւանքներով՝ անկախ նրանից՝ դա դուր է գալիս ՀՀ իշխանությանը, թե իր քաղաքացիների որոշակի թվին։

  2. Հ. Շ. says:

    Այս խմբագրականը, լրիւ, ճիշդ է: Ասելիք չկայ:

    Բայց ուրեմն, միեւնոյն անվիճելի մօտեցումով, նոյն հաստատուն հիմնաւորումով եւ անդիմադրելի փաստարկումով, ինչո՞ւ շատ բնական համարուեցաւ որ Առաջին Նախագահի հիմնական կեցուածքներէն մէկը դառնայ այն, որ «Հայ Դատ» կոչուածը պէտք է որ դուրս մնայ այս Հայաստանի պետական օրակարգէն, եւ այդ Հարցով զբաղուի միայն ու բացառապէս՝ Սփիւռքը:

    Մինչդեռ, վերոնշեալ այդ նոյն Հռչակարգրին մէջ, կը կարդանք՝
    «[պատասխանատվության գիտակցութիւնը] հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում»

    .  Համայն հայութեան իղձեր,
    .  պատմական արդարութեան վերականգնում,
    .  եւ առ այդ՝ պետական պատասխանատուութեան գիտակցութիւն, հայ ժողովրդի ճակատագրի առջեւ :

    Իսկ, ի տարբերութիւն Փաշինյանին, Անկախութեան Հռչակագիրը ստորագրած է նոյն ինքն, Առաջին Նախագահը:

    Նաեւ, ի տարբերութիւն այժմու կացութեան, Արցախը ազատագրուած էր, եւ թուրքերը ներխուժած չէին Հայաստանի տարածք, երբ որ յիշեալ նախնական նախագահը արդէն այդպէս դիրք բռնեց, ի դէմ՝ Անկախութեան Հռչակագրին:

    Մ. Հայդուկ Շամլեան

    [ Այս գրառումը ընդլայնուած կերպով պարզաբանող, ամբողջական յօդուածը՝
    https://haytougchamlian.blog/առաջին-նախագահին-վերջին-սխալները/ ]

  3. Լավատես says:

    Բռնատիրական եւ ավտորիտար երկրներում՝ ժողովուրդների բանտերում դեռեւ շատ բանտարկյալ ժողովուրդներ կան, որոնք չեն էլ գիտակցում, իսկ որոշները գիտակցում են, որ կա եւ ազատ ժողովուրդների ընտանիքներ եւ որ բանտերում չկա առաջընթաց, չկա ինքնաճանաչում եւ Արարչի առաքելության կատարում կոնկրերտ հենց այդ ժողովրդի համար: Դրա համար, ինչպես կա երեխաների պաշտպանության օր, պետք է լինի եւ ժողովուրդների, էթնոսների պաշտպանության միջազգային օր..

  4. Լավատես says:

    Կարո՞ղ է մեծամասնությունը լինել մարգինալ, այո, եթե այդ մեծամասնությանը ստիպում են որոշում կայացնել մի հարցում, որում ինքը ոչ մի բան չի հասկանում, բայց եթե այդ մեծամասնությունը վստահի պրոֆեսիոնալների պրոֆեսիոնալ միաձայն կարծիքին եւ որոշում կայացնի համաձայն այդ որոշման եւ ամենագլխավորը՝ այդ մեծամասնությունը պատասխանատվությունն ինքն իր վրա վերցնի որոշման արդյունքների համար, այլ ոչ թե մեղքը գցի պրոֆեսիոնալների վրա, այդ ժամանակ մենք կունենանք քաղաքականապես պատասխանատու մեծամասնություն: Այսպիսով, ունենք երկուհարցանի խնդիր. Ա Մեր պրոֆեսիոնալները ժողովրդին պետք է ներկայացնեն պարզ քաղաքական խնդիրների միաձայն պրոֆեսիոնալ լուծում եւ այդ խնդիրներն էլ մեր պրոֆեսիոնալները պետք է ներկայացնեն ժողովրդին եւ դրանց լուծումները եւ Բ Մեր ժողովուրդը մի մարդու նման պետք է ամպի չափ վստահի իր պրոֆեսիոնալներին, կատարի նրանց հրամանները: Այն իշխանությունները, որոնց իբր ընտրում ենք, նրանք կախյալ են ոչ թե ժողովրդից, այլ դրսի հատուկ ծառայություններից:
    Ա պլյուս Բ հավասար է Երջանկություն, ինչպիսին էր տասնութի Երջանկությունը, որը մեր պրոֆեսիոնալների շնորհքը չէր, այլ դրսի հատուկ ուժերի, իսկ այս անգամ մեր պրոֆեսիոնալները թող երջանկացնեն մեր սիրելի ժողովրդին:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31