Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Հակոբյան. Այս իշխանությունը ստեղծել է բանակցային քաոս. «Փաստ»

Հուլիս 01,2023 09:45

Հարցազրույց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հետ:

– Պարոն Հակոբյան, արտաքին անվտանգային մարտահրավերներն օրեցօր էլ ավելի են սրվում: Ինտենսիվ կրակոցներ, տեղեկատվական հող՝ ավելի մեծ ագրեսիայի իրականացման համար: Իսկ ահա օրեր առաջ արդեն ագրեսիա Արցախի Հանրապետությունում, որի արդյունքում զոհեր ունեցանք: Միաժամանակ 120 հազար մեր հայրենակիցներ դեռ շրջափակման մեջ են, Հայաստանն ու Արցախը միացնող միջանցքի՝ ադրբեջանցիների կողմից տոտալ արգելափակման պայմաններում են: Ինչպե՞ս կգնահատեք այս իրողությունները:

– Բավական բարդ է խնդիրն առկա այլ հարցերից անջատ դիտարկելը: Ամբողջական պատկերն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ գործ ունենք որոշակի ձեռագրի հետ: Փորձեմ մեկնաբանել: Հարց առաջին. նոյեմբերի 9-ի տխրահռչակ եռակողմ հայտարարությունը Հայաստանի գործող իշխանությունների համար գործո՞ւմ է: Իրենք սա դիտարկո՞ւմ են որպես մի փաստաթուղթ, որին հավատարիմ են: Իսկ Ադրբեջանի համար այն գործո՞ւմ է: Եթե ոչ, ապա որո՞նք են համարժեք քայլերը: Փաստ է, որ Ադրբեջանի կողմից պարտավորությունները չեն կատարվում: Այդ դեպքում, դրանք չկատարված՝ ինչի՞ շուրջ են բանակցում: Ավելի պարզեցնենք հարցը. նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Ադրբեջանն ունեցել է ագրեսիայի ակնհայտ դրսևորումներ և նոր տարածքների զավթում թե՛ բուն Արցախում, թե՛ նաև ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ, որը որևէ առնչություն չունի նշված հայտարարության հետ, ավելին՝ հակասում է նրա տառին և ոգուն: Առ այսօր վերադարձված չեն գերիները, պահվող անձինք:

Չմոռանանք նաև անցյալ տարվա դեկտեմբերից Արցախի տոտալ շրջափակումն իր հարակից հետևանքներով, ինչն անմիջական հակասության մեջ է նոյեմբերի 9-10-ի հայտարարության հետ: Այսինքն, դիմացի կողմը չի կատարում իր ստանձնած պարտավորություններն ու խախտումների է գնում: Ավելին, անթաքույց «ասում է»՝ անգամ իր ստորագրածը ոչինչ չի նշանակում: Այդ դեպքում ի՞նչ են բանակցում, և ո՞րն է այդ բանակցելու իմաստը: Որտե՞ղ եք տեսնում տրամաբանություն: Կամ նույն անդրադարձը 86,6 հազար քառակուսի կիլոմետրին, Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելուն, անկլավները կրիտիկական չհամարելուն և այլնին: Կրկնում եմ՝ որտե՞ղ է տրամաբանությունը: Նույն համատեքստում արձանագրենք փաստը. հունիսի 28-ին Ադրբեջանի հերթական ագրեսիվ գործողության արդյունքում չորս զոհ ունեցանք Արցախի Հանրապետությունում, նույն օրերին, կարծես ոչինչ չի պատահել, Վաշինգտոնում շարունակվեցին Միրզոյան-Բայրամով բանակցությունները: Արդյո՞ք չի առաջանում պարզագույն հարց՝ մենք բանակցում ենք, գնում ենք դեպի, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջա՞ն», թե՞ անընդհատ պիտի մարսենք Ադրբեջանի մարդակերությունը:

Այլ հարց. որտե՞ղ է տրամաբանությունը, երբ, այսպես կոչված, իշխանությունները հայտարարում են, թե Արցախը Հայաստանին կապող միջանցքի վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարության կետի հետ կապված պարտավորություն չունեն, հետևաբար՝ անելիք չունեն: Եկեք իրավիճակը պատկերացնենք. ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը հայտարարության ներքո ստորագրողն է, բայց ասում է՝ դրա մեջ կան բառեր, տողեր, որի հետ կապ չունի, և ինքն ընտրովի կորոշի, թե հայտարարությունից ինչի հետ կապ ունի, ինչի հետ՝ ոչ: Սա ո՞նց համարենք տրամաբանական: Կամ դիտարկենք, օրինակ՝ Սյունիքի շուրջ աղմուկը:

Այո՛, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում չկա որևէ բառ, արտահայտություն, «միջանցքի» անուն, որը կվերաբերի Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող կոմունիկացիաներին: Բայց այդ կետի առնչությամբ այս իշխանության դիրքորոշումը ո՞րն է: Իրենք առաջնորդվում են նոյեմբերի 9-ի հայտարարությա՞մբ, որով նշված կոմունիկացիայի վերահսկողությունը ՌԴ ԱԴԾ-ինն է: Թե՞ հրաժարվել են դրանից և նոր մոտեցում են որդեգրել: Միայնա՞կ են որդեգրել, թե՞ կան կողմեր: Իսկ այդ կողմերը նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրողնե՞րն են: Ի՞նչ է կատարվում: Այս իշխանությունը ստեղծել է բանակցային քաոս, իսկ դա համընդհանուր է, վերաբերում է բոլոր հարցերին: Այս պարագայում որևէ առանձնացված էլեմենտը, օրինակ՝ նույն կոմունիկացիաների հարցը հնարավոր չէ այդ ընդհանուր քաոսից անջատ դիտարկել: Փոխարենը ստեղծվում է ծանրագույն խնդիրների այն ողջ զամբյուղն, ինչին բախվում ենք բոլոր հարցերի հետ կապված: Եվ կոմունիկացիաներին վերաբերող խնդիրները բացառություն չեն: Իրականում այստեղ հարցերը շատ ավելին են, քան պատասխանները:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31