«Քանի որ լրագրողական գործունեությունն ինքնին լիցենզավորվող չէ, ինքնին անհնար է դառնում օրենսդրորեն կարգավորել, որ ինչ-որ մի դեպքում անձը իրավունք չունի թերթ տպել»,- «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կողմից կազմակերպված «Վիրավորանքն ու զրպարտությունը և խոսքի ազատության սահմանները. ՄԻԵԴ պրակտիկան այդ գործերով և հայաստանյան իրականությունը» թեմայով քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը: Քննարկման ժամանակ լրագրողներին հետաքրքրում էին նաև վիրավորանքին, զրպարտությանը վերաբերող հարցեր, որոնք նրանք քննարկեցին «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանի հետ։
Ի հավելումն քննարկվող հարցերի՝ լրագրողները մտահոգված էին, որ ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է Զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) գործունեության «կարգավորմանն» ուղղված հայեցակարգ, որով հերթական անգամ փորձ պետք է արվի «կարգավորել» ԶԼՄ-ների գործունեությունը, իսկ նախագիծը փաստացի չի քննարկվել հենց լրագրությամբ զբաղվողների և լրատվամիջոցների հետ: Արամ Օրբելյանն այս առիթով նկատեց․ «Նախագծում կարող են փորձել կարգավորել կամ գերկարգավորել ոլորտը: Սակայն տեղեկատվության հավաքման և տարածման ինչպես իրավական կարգավորումները հաշվի առնելով, այնպես էլ տեխնիկական զարգացման աստիճանը, որևէ զգալի արդյունավետություն չի ունենալու օրենսդրությունը: Ամենապրիմիտիվ օրինակը բերեմ․ ԶԼՄ-ի էությունն է դադարել հստակ լինել, սահմանը՝ որտեղ է ԶԼՄ-ն և որտեղ այլ բանի հետ գործ ունենք դադարել է գոյություն ունենալ կամ առնվազն այլևս հստակ չի։ Ամենատարածված ԶԼՄ-ն այսօր սոցիալական ցանցերն են, դա նույնիսկ կասկած չի առաջացնում։ Ֆեյսբուքը, ՏիկՏոկը, Թվիթերը, Տելեգրամի ալիքները, սոցցանցերի օգտատերերի էջերը ԶԼՄ են։ Դա կասկածելի հարց էլ չէ, և եթե նույնիսկ օրենքով այլ կարգավորում լինի, ֆիզիկական աշխարհում մնալու են որպես տեղեկատվության և լրատվության տարածման ակտիվ գործիքներ։ Քանի որ լրագրողական գործունեությունն ինքնին լիցենզավորվող չէ, ավելին, որևէ իմաստ և ինչն ավելի կարևոր է, ֆիզիկական հնարավորություն չկա այն լիցենզավորելու, հետևաբար, եթե այդ ոլորտն ինքնին ենթակա չէ պետական կարգավորման, ապա այն որևէ կերպ կարգավորել կամ խիստ ինքնակարգավորել չի լինի։ Մնում է՝ ոլորտի մի ենթակտոր։ Դա այսպես կոչված տարբեր պետական մարմիններում հավատարմագրման գործընթացն է, ինչի համար հայեցակարգ մշակել և իրականացնելու կարիք չկա»։
Ըստ փաստաբանի՝ սահմանափակ ռեսուսրների կիրառմամբ գործունեությունը, օրինակ՝ հեռուստաեթերը, ռադիոն, որոշ սահմանափակ տրամաբանությամբ տեսալսողական այլ մեդիան կարող է լինել կարգավորման առարկա, բայց քանի որ լրատվության ոլորտը ինքնին ազատական է և այսօր էլ պետական կարգավորում չի ստանում պրակտիկորեն ոչ մի կայացած երկրում, նա չի էլ պատկերացնում՝ դա ո՞նց կարող է լիցենզավորված դառնալ․ «Տեսականորեն, իհարկե, ամեն ինչ է հնարավոր, բայց գործնականում՝ անհնար, քանի որ ոլորտը տեխնոլոգիական առումով բազմաշերտ է, խիստ տարաբնույթ և ենթակա չի կարգավորման։ Ինքնակարգավորման միակ տարբերակը, որը քիչ թե շատ արդյունավետ կարող է լինել, դա «ինքնակարգավորվող» լրատվամիջոցների և լրագրողներին խթաններ տրամադրելն է․ պետական ֆինանսավորում են տալիս բոլոր այն կազմակերպություններին, որոնք կհամապատասխանեն կոնկրետ պայմանների։ Միակ տարբերակն է, որը հնարավոր է օբյեկտիվ իրականության մեջ աշխատեցնել։ Սակայն դա էլ այլ խնդիրներ է ունենում սահմանադրականության տեսակետից, ներառյալ բազմակարծության ապահովման, խտրականության բացառման և կառավարության գործունեության քննադատության հնարավորություններն ապահովելու կարևորության տեսակետից»։
Կարդացեք նաև
Լրատվության ոլորտը համեմատելով փաստաբանական, առողջապահական և այլ ոլորտների հետ՝ Արամ Օրբելյանն ասաց․ «Խնդիրը հետևյալն է։ ՀՀ-ում փաստաբան լինելու համար պետք է Փաստաբանների պալատի անդամ լինես, և այդ «լիցենզավորումը» իրականացվում է ինքնակարգավորման գործընթացների շրջանակներում՝ Փաստաբանների պալատը տրամադրում է արտոնագիր և ենթարկում է պատասխանատվության: Համակարգը արդյունավետ է, քանի որ դատարանում պարբերաբար կամ վճարովի հիմունքներով հանդես գալու համար անհրաժեշտ է լինել փաստաբան։ Նույնը չի գործում լրագրողի համար. տեղեկատվություն տարածելու համար որևէ հատուկ կարգավիճակ պետք չի և ավելին՝ տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս յուրաքանչյուրին իրականացնել այդ գործառույթը՝ լինեն բլոգների, սոցցանցերի, փոդքասթների և լուծումների միջոցով՝ ընդ որում պարբերաբար նոր ձևեր և մեթոդներ են առաջանում: Տեսականորեն, եթե փորձ արվի «լիցենզավորել», ստիպված են լինելու մի այնպիսի սահմանում տալ, որ տիկտոկերները, տելեգրամային ալիք վարող անհատները՝ օրինակ տիկոտեր Մագային չընկնի այդ սահմանման տակ: Չեն կարողանալու այնպիսի կանոն մտցնել, որ տիկտոկեր Մագան դրա տակ չընկնի, իսկ իրենց «ցանկացած» ԶԼՄ-ները ընկնեն։ Ես, որ տելեգրամյան ալիք բացեմ, ինձ չեն կարող գալ ասել, որ լիցենզիա պիտի ունենաս։ Իսկ եթե փորձեն «չլիցենզավորված» ԶԼՄ-ներին զրկել լրատվական աղբյուրի պաշտպանություն իրավունքից, լրջագույն խնդիրներ են ունենալու, միջազգային ատյաններում:
Վերջիվերջո, պետք է հասկանալ՝ ինչ խնդիր կա այս ոլորտում լուծելու: Ըստ իշխանության ներկայացուցիչների քննարկումների, քննադատության, նախկին գործունեությունը (զրպարտության և վիրավորանքի համար բարոյական վնասի շեմը բարձրացվել է երեք և վեց միլիոնի, իսկ հիմնարար ազատությունների խախտման համար մնացել է նույնը, օրինակ անձի խոշտանգման համար այն առավելագույնը կազմում է 3 մլն դրամ) ձևավորվում է հստակ մոտեցում, որ փորձ է արվում կանոնակարգել ոչ թե անհասկանալի «փերֆեքթթիվիները», անհասկանալի և կեղծ լուրեր տարածող ֆեյքերին և այլն, այլ արդեն իսկ կայացած, և իրականում ոչ խնդրահարույց ԶԼՄ-ները – ովքեր ունեն լայն լսարան, հաճախ տպագիր մամուլ, համագործակցում են հեռուստաալիքների հետ համատեղ ծրագրերի շրջանակներում և այլն: Այս դեպքում առավել արդյունավետ կլիներ սկսել հենց խնդրի քննարկումից՝ արդյոք առկա՞ է կարգավորման ենթակա խնդիր և արդյոք կա՞ կոնսենսուս կամ գոնե լայն համաձայնություն խնդրի էության վերաբերյալ, և նոր արդեն դրանից հետո քննարկել կարգավորման ձևերը և խնդրի լուծման կառուցակարգերը, հակառակ դեպքում կարելի է միանշանակորեն գնահատել, որ փորձ է արվում ազատ մամուլը նույնպես սահմանափակել և դարձնել կառավարելի»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ