«Փյունիկ» ցուցասրահում կայացավ գյումրեցի նկարիչ Վաչագան Պողոսյանի «Այլեւս երբեք» խորագրով անհատական ցուցահանդեսը։ Սա նրա 39-րդ անհատական ցուցահանդեսն է: Ներկայացված 2009-23 թթ. ստեղծված 47 աշխատանքներից Հայոց ցեղասպանությանը նվիրված 13 կտավ է ներկայացված այս ցուցահանդեսում, իսկ 20 աշխատանք ցուցադրվում է առաջին անգամ։
Նկարիչը 15 տարի է՝ նկարում է Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի, եւ Ռուանդայի ցեղասպանության թեմաներով, դրան ավելացել են նաեւ երաժշտության եւ անուրջների մասին թեմաները։
Ցուցասրահում ցեղասպանության թեմաներով աշխատանքների թվում էին՝ «Միեւնույն է՝ հաղթելու ենք», «Կանչող հայրենիք», «Տագնապի ալիքներ», «Կիսված հավերժություն» եւ այլ գործեր։
Կարդացեք նաև
«Իմ բոլոր նկարները սկզբում վրձնում եմ գլխումս, հետո որոշ ժամանակ անց փոխանցում եմ կտավին։ Ցանկանում եմ, որ ապագա նկարիչները չվախենան ստեղծագործել, լսեն ե՛ւ քննադատություններ, ե՛ւ գովեստներ, շատ աշխատասեր լինելն ու ստեղծագործելը նրանց կբերի մեծ հաջողության»,-ասաց Վաչագան Պողոսյանը։
Նկարիչը նշեց, որ սիրում է իր բոլոր ստեղծագործությունները, բայց ամենասիրելին դեռ չի նկարել։ Ներկայացված կտավներից, այնուամենայնիվ, առանձնացնում է «Սուրբերրորդությունը»։
Արվեստագետն ընդգծեց, որ ցուցահանդեսներ է ունեցել Գյումրիում, Երեւանում, Չելյաբինսկում, երեք անգամ Մոսկվայում է ցուցադրվել: Ասաց, որ Մոսկվայում սինագոգում է ցուցադրել Հայոց ցեղասպանությանը նվիրված իր նկարները, որոնք այնտեղ կախված են եղել շուրջ երկու ամիս։ Նա նշեց, որ իր պայքարը տանում է վրձնի միջոցով, եւ գույները հաճախ ավելի խոսուն են, քան բառերը, այդպես է վրեժը լուծում: Նաեւ շեշտեց, որ իր աշխատանքներում չկան արյունոտ տեսարաններ:
Հավելենք, որ Վաչագան Պողոսյանն ավարտել է Գյումրու «Մերկուրովի» անվան նկարչական դպրոցը, այնուհետեւ ուսումը շարունակել է Գյումրու մանկավարժական համալսարանում։
Անժելա ՍԵԴՐԱԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.06.2023