Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործուն զղջալու» վերաբերյալ նոր մոդելը հարված է քրեական իրավունքի անկյունաքարերին

Հուլիս 01,2023 13:00

ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվում է փոփոխություն կատարել, որը իրավական հանրության շրջանում մտահոգությունների պատճառ է դարձել: Մասնավորապես, առաջարկվում է Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածում կատարել համապատասխան լրացում եւ կարգավորում առ այն, որ «գործուն զղջալու» ինստիտուտը որոշակի պայմանների առկայության պարագայում կարող է կիրառվել նաեւ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով: Հիշյալ հարցի շուրջ զրուցել ենք «ԱՀԱՐՈՆՅԱՆ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան Միքայել Ահարոնյանի հետ:

– Պարոն Ահարոնյան, 2022թ. հայտնի գործով՝ «Պարեկներին կաշառք տալու» գործուն զղջացողներից մեկի նկատմամբ դադարեցվեց քրեական հետապնդումը: Այս տարվա ապրիլի 10-ին ռեստորանահյուրանոցային համալիրում ծեծի ենթարկվեց 16-ամյա մատուցողը, ծեծողը Դիլիջանի քրեականի պետն էր: Նախաքննության ընթացքում նա իր կատարածի համար զղջացել էր, խնդրել էր «գործուն զղջալու» հիմքով քրեական հետապնդում չիրականացնել: Զինվորական գործերով հայտնի էր գնդացրորդ Բաղդասարովի գործը, որը բեկանվեց Վճռաբեկում, դարձյալ ծեծի մասին էր խոսքը, գործուն զղջալու: «Գործուն զղջալու» ինստիտուտը նոր չէ, այն շատերին ազատեց քրեական պատասխանատվությունից նաեւ մարտիմեկյան բախումների ժամանակ: Ժամանակի մամուլում նույնիսկ այսպիսի վերնագրերով հրապարակումներ կային. «Իշխանությունները քաղբանտարկյալներին «Գործուն զղջման» գործարք են առարջակում»: Շատերը հավանաբար մտածում են, թե ինստիտուտը նոր է, հենվելով այն նախագծի վրա, որը մշակել է ՀՀ քննչական կոմիտեն: Այդ նախագծով առաջարկվում է «գործուն զղջալու» ինստիտուտը որոշակի պայմանների առկայության պարագայում կիրառել նաեւ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով։ Նախ, կխնդրեմ մի փոքր ներկայացնեք «գործուն զղջալու» ինստիտուտը, ի՞նչ չափով է այն այսօր կիրառվում։

– Գործուն զղջալու մոդելը քրեական իրավունքի հնաբնակ ինստիտուտներից է։ Այն իր ձեւակերպումն է ստացել ինչպես հայրենական քրեական իրավունքում, այնպես էլ՝ արտասահմանյան երկրների օրենսդրություններում։ Մարդկության պատմության տարբեր ժամանակահատվածում այս մոդելը իր արժանապատիվ աճն է գրանցել՝ որպես պետության կողմից մարդասիրական վերաբերմունք։ Սկզբունքի էությունը եղել եւ մնում է նույնը՝ որոշակի պայմանների առկայությամբ անձին քրեական պատասխանատվությունից ազատելը։

Տեղին է շեշտել, որ գործող Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածը սահմանում է գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելը։ Օրենսդիրը նախատեսել է, որ անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքը կատարել է առաջին անգամ, ընդ որում, կարեւոր հատկանիշ է, որ անձի կողմից ենթադրյալ կատարված արարքը լինի ոչ մեծ կամ միջին ծանրության։ Բացի այս, մեղադրյալը պետք է համագործակցի քրեական հետապնդումն իրականացրած մարմինների հետ, չվիճարկի իրեն մեղսագրվող արարքը, այսինքն՝ պետք է ընդունի մեղքը, եւ վնաս պատճառած լինելու դեպքում հատուցի կամ այլ կերպ հարթի հանցագործությամբ պատճառված վնասը։

Այս համատեքստում կարեւոր եմ համարում շեշտել, որ մեղադրյալը, ում նկատմամբ կիրառվել է սույն հոդվածը, նույն անձը նույն հիմքով չի կարող երկրորդ անգամ ազատվել քրեական պատասխանատվությունից։ Ինչ վերաբերում է հարցի երկրորդ բաղադրիչին, ապա ասեմ, որ այս ինստիտուտը հաճախ կիրառվող ինստիտուտներից չի եղել, քանի որ այս դրույթի կիրառումը ենթադրում է մի շարք, այսպես ասած՝ ներքին համաձայնեցումներ։ Իսկ թե կոնկրետ ի՞նչ չափով է կիրառվում գործուն զղջալու ինստիտուտը, կարող են պատասխանել վարույթն իրականացնող մարմինները։

– Քննչական կոմիտեի կողմից ներկայացված նախաձեռնությունն արդյո՞ք ձեր նշած «մարդասիրական» վերաբերմունքով է պայմանավորված։

– Նախ՝ մարդասիրական վերաբերմունքի մասին քննչական կոմիտեն որեւէ ձեւով չի հիշատակել իր կողմից մշակված նախագծի տեքստում։ Երկրի գլխավոր քննչական մարմինը որպես հիմնավորում՝ նախագծում նշել է, որ առաջարկվող փոփոխություններով կնվազի նախաքննական մարմնի եւ դատարանի ծանրաբեռնվածությունը։

Ես այնքան էլ հակված չեմ մտածել, թե նախագծի բուն նպատակը նախաքննական մարմնի եւ դատարանի ծանրաբեռնվածությունը թոթափելն է։ Այս փաստարկն ինձ համար ծանրակշիռ չէ մի քանի պատճառներով։ Նախ՝ քրեական վարույթով իրականացվելու է նախաքննություն, որը տեւելու է ամիսներ, այստեղ՝ թե քննիչը, թե դատախազը բավական մեծ աշխատանք ունեն կատարելու։ Արդյունքում, ամիսներ անց նոր է քննարկվելու մեղադրյալին գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը։ Այսինքն՝ առկա է կայուն հայեցողություն՝ մեղադրյալին ազատել քրեական պատասխանատվությունից, թե՝ ոչ։ Ուստի, սա դատարանի ծանրաբեռնվածությունը թոթափելու լավագույն միջոց չի կարող համարվել։ Երկրի նախաքննությունն իրականացնող ծանրակշիռ կառույցը Քրեական օրենսգրքի անկյունաքարային փոփոխություններ կատարելու նախաձեռնությունից զատ, կարող էր քննարկել այլ՝ այլընտրանքային լուծումներ։

Եթե այս ինստիտուտը դիտարկենք իրավա-քաղաքական տեսանկյունից, ապա դրա փիլիսոփայության հիմքում դրված է եղել մի քանի գաղափար՝ ոչ մեծ եւ միջին ծանրության հանցանքի կատարում, անկեղծորեն զղջալ կատարած արարքի համար եւ հատուցել վնասը, եթե այն առկա է։

Այս պայմաններում տրամաբանական չէ նախագիծը մշակող պետական մարմնի հիմնավորումն առ այն, որ գործուն զղջալու հիմքով կարող են քրեական պատասխանատվությունից ազատվել նաեւ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություն կատարած մեղադրյալները։ Չնայած առաջարկվող դրույթը հայեցողական է, բայց տեսականորեն հնարավոր է, որ վաղը գործուն զղջալու հիմքով կարող են քրեական պատասխանատվությունից ազատվել ենթադրաբար առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձինք։

Բացի այս, նախագծի հիմնավորման մեջ իրավահամեմատական վերլուծություն է արված գործուն զղջալու ինստիտուտի եւ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու ինստիտուտի հետ։ Թեպետ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելիս օրենսդիրը հանցագործության ծանրության աստիճանին չի անդրադարձել, սակայն նկատի է ունեցել այն հանգամանքը, որ մեղադրյալը ի վերջո կանգնելու է դատարանի առաջ, գիտակցելու է, որ կարող է իր նկատմամբ նշանակվել պատիժ, թեպետ դատարանը կարող է որոշել նշանակել, օրինակ՝ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ կամ մեկ այլ դրույթ կիրառելով՝ պայմանականորեն չկիրառել նշանակված պատիժը։ Մեղադրյալի նկատմամբ, ով կանգնել է դատարանի առաջ եւ դատարանը նրա նկատմամբ նշանակել է օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ կամ պայմանականորեն չի կիրառել նշանակված պատիժը, հավանականությունը մեծ է, որ տվյալ մեղադրյալն այլեւս հանցանք չի կատարի, նկատի ունենալով՝ դատարանի առաջ կրկին կանգնելու եւ չներվելու հեռանկարը։

– Ձեր խոսքում նշեցիք, որ այս ինստիտուտի ներդրումը, մեղմ ասած, խնդրահարույց է եւ հիմնավորումները թույլ են։ Ըստ ձեզ, ի՞նչ այլընտրանքային կարգավորումներ է անհրաժեշտ իրականացնել։

– Ես կարծում եմ, որ այս նախաձեռնությունը կյանքի կոչելով կարող է մեծ հարվածի տակ դրվեն քրեական իրավունքի անկյունաքարերը։ Նախագծի հիմնավորումներին ծանոթանալով ենթադրելի է, որ նախաձեռնության հեղինակները, այսինքն՝ պետական մարմինը ցանկանում է գործուն զղջալու ինստիտուտը կիրառել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով։ Տվյալ պարագայում արդյունավետ կլիներ քննարկման դնել, օրինակ, «Համաներման մասին» օրենքի ընդունումը։ Ես այն կարծիքին չեմ, որ այս նախաձեռնությունն արվում է մեկ-երկու քրեական վարույթներով: Եթե այն դարձավ օրենք, կարող է կիրառվել յուրաքանչյուրի նկատմամբ, իսկ համաներման մասին օրենքի պարագայում կարող են դրվել հստակ չափանիշներ, Քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածներ։ Ասվածի վառ օրինակ է Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքը, որը բավական հաջող կիրառվեց։

Հարցազրույցը վարեց

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
30.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31