Նորանկախ Հայաստանում՝ մինչեւ 2018թ. շատ հեշտ կարելի էր պատասխանել այս հարցին, սակայն այսօր դժվար է՝ համարյա անհնարին է պատասխանել այս ամենաորոշիչ հարցին, քանզի դրանից է կախված լինելու՝ մենք երկիր, հայրենիք կունենա՞նք, թե՞ ոչ: Թող հռետորական չհնչի այս պատասխանը, քանզի համարյա 30-ամյա ճանապարհից հետո, մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ իսկապես պետք է րոպե շուտ պատասխանել այս հարցին, որից կախված է լինելու, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում երկու հայկական պետություններին՝ ի՞նչ է լինելու Արցախի եւ Հայաստանի վերջը …
30 եւ ավելի տարիներ անցանք բավականին փշոտ ճանապարհ ու այդ ճանապարհի սկզբնամասերում մեզ թվում էր, որ ճիշտ ենք ընտրել այն եւ գնալով օր օրի կամրացնենք հայկական երկու պետություններն ու աստիճանաբար կզարգացնենք դրանք, ակնկալելով, որ երբեւէ կունենանք ուժեղ եւ միացյալ Հայաստան, որը տեղ կգրավեր աշխարհի արժանավոր, ուժեղ ու կայուն երկրների շարքում:
Զավեշտ է, որ այսօր Արցախն ու Հայաստանը փաստացի հայտնվել են այնպիսի ողբերգական իրավիճակում, որ ոչ միայն նրանց զարգացման հեռանկարի մասին խոսք լինել չի կարող, այլ կշեռքի նժարին դրված է հայկական այդ երկու պետությունների լինել-չլինելու հարցը: Բազմաթիվ ու բազմապիսի պատճառների եւ հանգամանքների հետեւանքով է առաջացել այս ողբերգական իրավիճակը, երբ հայկական կողմի ռեալ փրկության համար այնքան էլ բարենպաստ պայմաններ չի նշմարվում: Այդ պատճառները շատ-շատ են, որոշները նաեւ զարմանալի, դրանց մասին համարյա ամեն ինչ հայտնի է հանրությանը, սակայն դրանից ոչինչ չի փոխվում, քանի որ հանրությունը չի ուզում կամ չի կարողանում իր միջամտությամբ փոփոխություն մտցնել ստեղծված իրավիճակի մեջ: Եթե փորձենք Արցախի եւ Հայաստանի վերաբերյալ գոնե մեկ դրական հանգամանքի մասին բարձրաձայնել՝ 44-օրյա պատերազմից մինչ այսօր, ապա դա համարյա անհնարին է: Հենց սա էլ հիմք է հանդիսացել մեր այսօրվա սարսափելի իրավիճակի առաջացման համար…
Մի քանի բառով հակիրճ ներկայացնենք Արցախում եւ Հայաստանում ստեղծված այսօրվա իրավիճակը: 2020-2023թթ. մենք անցանք սարսափելի իրադարձություններով լի մի ժամանակաշրջան, որի հետեւանքով այսօր հայտնվել ենք բառիս բուն իմաստով սարսափելի իրավիճակում: Նշենք դրանցից մի քանիսը, որոնք իսկապես մշուշոտ են դարձնում մեր մոտակա, էլ չասենք՝ նաեւ հեռավոր ապագան:
Կարդացեք նաև
44-օրյա արցախյան պատերազմ. Արցախի տարածքի 75 տոկոսից ավելիի, 5 հազարին մոտ մատղաշ զինվորների կորուստ, տասը հազարին մոտ անհետ կորածների, վիրավորների, գերիների առկայություն, 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչ այսօր՝ 180 օրից ավելի, Արցախի 120 000 հայ բնակչության շրջափակում՝ Լաչինի միջանցքի փակ պահելու հետեւանքով, այսքանից հետո, իշխանությունների կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ Արցախը նրա կազմում, սուվերեն Հայաստանի մի շարք տարածքների հանձնում, անկլավների անվան տակ՝ Տիգրանաշենի եւ Տավուշի մարզի մի քանի գյուղերի հանձնման պատրաստակամություն ու այսպես շարունակ … Այսքանից հետո հասկանալի է, թե այս իրավիճակում հայտնված հայ ժողովրդին՝ Արցախի ու Հայաստանի բնակչությանը, այսպիսի որակի ժողովրդով, ի՞նչ ճակատագիր կարող է սպասվել: Այս ընթացքում իշխանություններն այնքան սխալներ են թույլ տվել, որ հնարավոր չէ միարժեք պատասխանել, թե ինչպիսին կլինի Արցախի եւ Հայաստանի վերջը, չնայած շատ հավանական է, որ այսուհետ էլ ամեն ինչ ի վնաս մեզ կգնա: Այսքանով հանդերձ, սա այն գլխավոր հարցն է, որին րոպե շուտ պետք է կոնկրետ պատասխան տրվի, քանզի մոտավոր գնահատականը չի կարող լուրջ բան տալ: Ցավոք, իշխանությունները մշտապես՝ շարունակաբար գործում են ի վնաս Արցախի ու Հայաստանի եւ եթե մի բան կարող էր հօգուտ մեզ արվել, ապա իշխանությունների հերթական քայլերից հետո, ամեն ինչ փչանում է եւ հայտնվում ենք էլ ավելի վատ վիճակում…
Փաստացի, ակնհայտ է դառնում, որ վերը նշված հիմնական հարցի պատասխանն այս պահին չենք կարողանում տալ…
Մնում է ապավինենք միայն Տիրոջը եւ ողջ հայությանը, որպեսզի մի հրաշք լինի ու ժողովուրդը փորձի խելքի գալ …
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.06.2023