Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Համաձայն չեմ ԿԲ գնահատականի հետ․ անշարժ գույքի շուկայում գնաճն արհեստական չէ»․ Արմեն Սաքապետոյան

Հունիս 30,2023 23:50

«Անշարժ գույքի շուկայում գնաճն արհեստական չէ»,-պնդում է «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանն՝ անդրադառնալով Կենտրոնական բանկի վերլուծությանը։

Մայիսին ԿԲ-ն վերլուծություն էր ներկայացրել, ըստ որի ՝ անցած տարի դեկտեմբերի դրությամբ Երեւանում անշարժ գույքի գների հնարավոր գերարժեւորման չափը գնահատվում է 16-22%, իսկ 2023 թվականի առաջին երեք ամիսներին անշարժ գույքի գների գերարժեւորումը կազմել է մոտ 25%-ով։ Այսինքն, շուկայում գներն արհեստական են բարձրացել։ ԿԲ նախագահն ասել էր՝ վերջին 5 տարիների ընթացքում հիփոթեքային վարկերի ծավալի աճն ուղեկցվել է անշարժ գույքի գների աճով՝ սրանց միջեւ դիտարկվում է միմյանց փոխսնուցող աճեր, որն անշարժ գույքի շուկայում գերտաքացման ռիսկի առկայության մասին է վկայում։

Սաքապետոյանն այս առնչությամբ ասում է՝ անշարժ գույքի շուկայում գների աճը պայմանավորված է մի շարք գործոններով, ԿԲ-ն ներկայացրել է միայն իրեն տեսանելի հատվածը։ Սաքապետոյանը համաձայն չէ ԿԲ-ի գնահատականի հետ, ասում է՝ նախ՝ գնաճի հիմնական պատճառը ՌԴ-ից մեր երկիր տեղափոխված ռելոկանտներն են, նաեւ հիփոթեքային վարկի տոկոսների վերադարձի աստիճանաբար դադարեցման որոշումն ու ընդհանուր գնաճն ազդել են շուկայում գների բարձրացման վրա։

«Ցանկացած անշարժ գույքի գին որոշվում է նաեւ գույքի հետգնման ժամկետի եւ հետգնման գնի չափից։ Եթե 1,5-2 տարի առաջ Կոմիտաս փողոցում երկու ննջարանով բնակարանի վարձակալության գինը  600 հարյուր դոլար էր, եւ քանի որ անշարժ գույքի հետգնման արժեքը որոշվում է իր հետգնման ժամկետով, որը սովորաբար 6-10 տարի է, ապա 600 հարյուր դոլարը պետք է բազմապատկենք 80 ամսով, ու կստանանք մոտ 50 հազար դոլար, այսինքն, այդ գույքի գինը 50 հազար դոլար արժե։ Երբ փոխվեց  վարձակալության գինը եւ դարձավ  հազար եւ ավելի դոլար, արդեն տան հետգնման ժամկետն էլ փոխվեց, ուստի ավտոմատ գները բարձրացավ։ Իրականում, վարձակալության պահանջարկով պայմանավորված էական հանգամանքներ փոխվեցին»,-ասում է Սաքապետոյանը։

Նա ուշադրություն է հրավիրում մեկ այլ խնդրի վրա էլ, հարցնում է՝ ԿԲ-ն իր վերլուծությունում հաշվարկն արել է դրամո՞վ, թե՞  դոլարով․«Մեզ մոտ գները  բարձրացել են դոլարով։ Դրամով գների բարձրացումը համարժեք է ընդհանուր  գնաճին։ Եթե մոտ երկու տարի առաջ օրինակ 500  հարյուր հազար դրամով էր վաճառվում բնակարանը, դա մոտ 1000 դոլար էր, այդ 500 հազար դրամանոց բնակարանը հիմա թանկացել է մոտ 15% տոկոսով, դարձել 580 հազար դրամ, ինչն ընդհանուր գնաճային ֆոնի վրա նորմալ է։ Այլ բան է, որ օրինակ 580 հազար դրամն  այլեւս 1200 դոլար չէ, մոտ 1600 դոլար է։ Անշարժ գույքի գնանշումը սովորաբար դոլարով է արվում, դա հոգեբանորեն մարդկանց մոտ առաջացնում է տպավորություն, թե  60-70%-ով թանկացել են տների գները»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930