Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան․ «Ներկայիս զարգացումների պարագայում պարտադիր չէ, որ կորուստներ լինեն, եթե քո երկրի ղեկավարությունում քաղաքականապես եւ բարոյապես նորմալ մարդիկ են եւ դավաճան ու մորթապաշտ չեն»

Հունիս 30,2023 19:03

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը «Հենարան» մամուլի ակումբում խոսեց Արցախին եւ Հայաստանին սպառնացող արտաքին եւ ներքին քաղաքական զարգացումների մասին:

«Մենք հիմա ապրում ենք բոլոր առումներով շատ բարդ ժանակահատվածներում: Այդ բարդությունները առաջին հերթին պայմանավորված են արտաքին գլոբալ զարգացումներով եւ աշխարհակարգային փոփոխություններով, որտեղ բացի արժեքային  եւ շահերի բախումներից, տեղի է ունենում աշխարհում ռազմաքաղաքական ուժերի նոր հավասարակշռության փնտրտուք: Այս առումով Հարավային Կովկասում, առաջիկայում էլ ավելի ծանր ու բարդ զարգացումներ կարող են տեղի ունենալ՝ պայմանավորված նաեւ տարածաշրջանային երկրների բախումներով, աշխարհաքաղաքական այնպիսի զարգացումներով, որոնք մեր երկրում կամ դրա շուրջ կբերեն բավականին կենսական, ծանրակշիռ շահերի բախումներ: Ավելի պարզ լեզվով ասենք: Այս իշխանությունը սեփական օրակարգը չունենալով, հակահայկական թշնամական օրակարգ սպասարկելով, առեւտրի եւ շահարկումների զոհասեղանին դնելով Արցախի, Հայաստանի սահմանամերձ շրջանների, Հայաստանի սուբյեկտայնության ճակատագիրը, կոմունիկացիաների եւ տարբեր տիպի տրանսպորտային հանգույցների անվան տակ դնելով Հայաստանի երկարատեւ անվտանգության ճակատագիրը, սեփական իշխանության գործած բոլոր հանցանքները քողարկելու, փարատելու անվան տակ նախկին-ներկա անիմաստ  ու հիմար օրակարգը պահելու գնով, ներքաղաքական համախմբման բոլոր հնարավորություններն ու ռեսուրսները կործանելու միջոցով նաեւ հայ ժողովրդի գոյաբանական եւ իրավիճակից շահեկան դուրս գալու ճակատագիրը եւս դրել են զոհասեղանին:

Թվարկածներս զուգահեռ գործընթացներ են, որոնց աղբյուրը մի պարագայում Թուրքիան է, մյուսներում՝ Իրանը, Ռուսաստանը կամ  Արեւմուտքը: Եվ այս զարգացումներում Հայաստանը շարունակում է կորուստներ ունենալ: Այնինչ, զարգացումներում միշտ չէ եւ պարտադիր չէ, որ կորուստներ լինեն, եթե քո երկրի ղեկավարությունում քաղաքականապես եւ բարոյապես նորմալ մարդիկ են, այսինքն, դավաճան չեն, մորթապաշտ չեն, օտարի օրակարգը սպասարկող չեն, հայրենիքի, պետության ընկալման նկատմամբ օտար չեն:

Ինչ է մեզ սպասվելո՞ւ: Ինչպես բազմիցս ասել ենք, սրանք նոր պատերազմի համար բացել են դուռ ու լուսամուտ: Ցավոք: Եվ դա իրենց բոլորովին չի հետաքրքրում: Որովհետեւ մի պատերազմ ձախողելով արդեն մարսում են ըստ իրենց, չնայած ես խորապես համոզված եմ, որ չեն մարսել եւ չեն մարսելու: Նրանք անպայման դատվելու են ոչ թե շինծու ԱԺ ինչ-որ հանձնաժողովի թատերականացված ներկայացման միջոցով, այլ ՀՀ իրավասու դատարանների եւ ինստիտուցիոնալ իրավական համակարգերի առջեւ: Լիարժեք բացահայտվելու են դավադրական եւ պարտվողական այն բոլոր սցենարները, որոնք դրված են եղել սրանց առջեւ: Ես չեմ ասում՝ սցենարներն իրենք են գրել: Սցենարներն իրենք են կատարել եւ 2018 թվականից սկսած՝ համաձայնվել կատարելու հետ: Իրենք միայն պատերազմը չեն դավաճանել: Նրանք դավաճանել են Հայաստանի Հանրապետության ողջ քաղաքականությունը, հայ ժողովրդի ազգային օրակարգերը:

Ի՞նչ անել: Այսօր մենք ունենք շատ կարեւոր կենսական խնդիր: Արցախը շրջափակման մեջ է եւ Արցախը պետք է ապաշրջափակել: Այլապես, սրանց լուռ համաձայնությամբ Արցախի ապաշրջափակումը տեղի կունենա ոչ թե արեւմտյան կողմից, այսինքն, դեպի Հայաստան, այլ արեւելյան կողմից՝ դեպի Ադրբեջան, որը շատ տխուր հետեւանքների է բերելու: Ու թուրքական աշխարհը առիթը բաց չի թողնելու այս հարցը մեկընդմիշտ լուծելու համար։ Իսկ ի՞նչ է անում հայկական աշխարհը։ 120 հազար մարդ պայքարում է իր ֆիզիկական եւ հոգեբանական որակների շնորհիվ, երեք միլիոն մարդ չգիտես ինչով է զբաղված Հայաստանում։ 200-300 հազար մարդ աղմկում է, գրում, խոսում, պայքարում է Հայաստանում, մնացածներին, կարծես, հետաքրքիր էլ չի, թե ինչ է տեղի ունենում։ Յոթ միլիոնանոց հայկական սփյուռքն էլ չգիտի՝ ինչպես, երբ, որտեղ, ում հավատալով՝ ինչ անի։

Այս քաոտիկ վիճակում սիստեմատիկ, համակարգված ներքին եւ արտաքին սպառնալիքները դառնում են ամբողջությամբ ծանր իրականություն։ Եվ դրան պատրաստվելու,  դիմագրավելու, չեզոքացնելու որեւէ իրական ռեսուրս, գործողություն այս կապիտուլյանտ իշխանություն կոչված խունտան չի իրականացնում, որովհետեւ դա իր օրակարգի մեջ չի մտնում, որովհետեւ նա այսօր բանակցում է մի բան, որը ենթադրում է, որ Հայաստանը ապագայում պետք է դիմադրողականության ռեսուրս չունենա։ Երկրորդ կապիտուլյացիան են պատրաստում ու անունը դնում խաղաղության պայմանագիր։ Բայց երբ ամեն ինչ պարզ լինի, թղթի վրա ձեւակերպված նախադասությունները կարդացվեն եւ վերծանվեն, թե իրական կյանքում ինչ են մեզանից ուզում ստանալ մեր երկու հարեւան պետությունները, այդ ժամանակ կերեւա, թե ինչ են սրանք բանակցում։ Անողնաշար, անհեռանկար, անուժ երթեւեկության մի տարածք, որը շատ արագ տնտեսական, մշակութային, քաղաքական, ֆինանսական էքսպանսիաների միջոցով վերածվելու է մի անորոշ, ամորֆ միավորի, որը ոչ մեկի համար որեւէ էական կարեւորություն չի ներկայացնելու»,-ասաց Արտակ Զաքարյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930