ՀՀ ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացման կազմակերպչական և ստեղծագործական խմբի անդամներ Սաթէ Խաչատրյանին (ֆրանսիական «Սաթէ–Աթղը» թատերական միության ղեկավար, նախագծի և դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ), Մուրադ Մերզուկին (ներկայացման խորեոգրաֆ), Բենժաման Լըբրըտոնին (ներկայացման բեմանկարիչ), Էդգար Մանուկյանին (ներկայացման հագուստների հեղինակ), Ռաֆաել Ռիմսկի Կորսակովին («Տոբոգան» թատրոնի տնօրեն) և Անտուան Գարիելին («Գասկոն» և «Վիլֆրանշ» թատրոնների տնօրեն):
Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Հանդիպման առանցքում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացման և հայ-ֆրանսիական մշակութային, մասնավորապես՝ թատերական ոլորտում կապերի ամրապնդմանն առնչվող հարցերն էին:
ՀՀ ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ 2024 թվականը կարևոր հոբելյանական տարի է. նշվում է անվանի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին ծննդյան 100-ամյակը. «Այդ նպատակով օրերս կձևավորվի կառավարական հանձնաժողով, որը կպլանավորի ամբողջ տարվա ընթացքում տարբեր միջոցառումների իրականացումը: Մենք նպատակ ունենք հնարավորինս լայն օգտագործել այս հնարավորությունը և Փարաջանովի ժառանգությունը տարածելով՝ այն դարձնել առավել հասանելի ու տեսանելի: Շատ ուրախ եմ, որ այս քաղաքականության շրջանակում մենք հնարավորություն ունենք աջակցելու «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացման իրականացմանը: Անչափ կարևորում եմ, որ հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակում մենք նաև հնարավորություն կունենանք «Նռան գույնը» պարային ներկայացումը տեսնել Երևանում: Շնորհակալ ենք համագործակցության համար և պատրաստակամ ենք աջակցելու թատերախմբի մյուս նախաձեռնություններին»:
Կարդացեք նաև
Ֆրանսիական «Սաթէ–Աթղը» թատերական միության ղեկավար Սաթէ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, այնուհետև հանգամանորեն ներկայացրել «Սաթէ–Աթղը» թատերական միության գործունեությունը՝ ընդգծելով, որ միության հիմնական գործառույթն ուղղված է Ֆրանսիայում հայկական մշակույթի տարածմանն ու հանրահռչակմանը: Նրա տեղեկացմամբ՝ ֆրանսիական միջավայրում արհեստավարժ արվեստագետների հետ բեմադրվել են հայկական էպոսը, Թումանյանի հեքիաթները, Կոմիտասին նվիրված ներկայացում: Այս համատեքստում շարունակվում է քաղաքականության իրականացումը, և հայ-ֆրանսիական համագործակցության արդյունքում հանդիսատեսի դատին կհանձնվի Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» պարային ներկայացումը:
Սաթէ Խաչատրյանի ներկայացմամբ՝ թատերական միությունը Ֆրանսիայում գործում է 2013 թվականից, իսկ 2016 թվականից գործունեություն ծավալում նաև Հայաստանում: Աշխատել են Գյումրու, Վանաձորի, Գավառի, Գորիսի դրամատիկական թատրոնների հետ:
«Սաթէ–Աթղը» թատերական միության ղեկավարը ներկայացրել է «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացման կազմակերպչական և ստեղծագործական խմբի անդամներին և նշել, որ նախագիծն իրականացվում է «Տոբոգան» և «Գասկոն» թատրոնների հետ: Նրա խոսքով՝ ներկայացման թիմի բոլոր անդամները ոլորտի արհեստավարժ մասնագետներ են:
«Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացման կազմակերպչական և ստեղծագործական խմբի անդամները շնորհակալություն են հայտնել նախարարին նախագծին աջակցելու համար: Նրանց դիտարկմամբ՝ «Նռան գույնը» պարային ներկայացումը խթան կհանդիսանա ոչ միայն հայ-ֆրանսիական մշակութային հարաբերությունների զարգացմանը, այլև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը:
Ժաննա Անդրեասյանը գոհունակություն է հայտնել հայ-ֆրանսիական գործակցության կապակցությամբ և ընդգծել, որ անչափ խրախուսելի է ակտիվ համագործակցությունը հայկական ու ֆրանսիական թատրոնների միջև՝ հետամուտ լինելով, որ այն դառնա կայուն, զարգացող, շարունակական փոխգործակցություն: Այս համատեքստում նախարարը պատրաստակամություն է հայտնել քննարկել համատեղ ծրագրերն ու հնարավորինս աջակցել այդ ծրագրերի իրականացմանը:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ