Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը հավանաբար պատրաստվում է մի ծանր փաստաթուղթ ստորագրել եւ մեղավորներ կարգելու այս շոուն կազմակերպեց»․ Արթուր Խաչատրյան

Հունիս 30,2023 18:14

«Առավոտ»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, ընդդիմությունը չմասնակցեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին, որտեղ Նիկոլ Փաշինյանը մի շարք հայտարարություններ արեց։ Ինչպե՞ս եք գնահատում նրա հայտարարությունները, ի՞նչ ուղերձներ էր հղում հանրությանը։

– Ես ունեմ համոզմունք, որ Փաշինյանի համար մեղավոր են բոլորը, բացի իրենից։ Արդեն 2,5 տարի է՝ ինքը բոլորին մեղավոր է կարգում։ Եթե իրավիճակն այսքան ողբերգական չլիներ, ես կմեջբերեի Գարիկ Մարտիրոսյանի հայտնի արտահայտությունը՝ “Рафик не в чем не виноват”.

Ասում է՝ ես ուզում էի նստել, իմ մեղադրական եզրակացությունը գրել, բայց նույնիսկ չգիտեմ՝ ինձ ինչում մեղադրել։ Իսկ ինքը մեղավոր է նրանում, որ վիժեցրեց բանակցային գործընթացը։ Հենց առաջին օրվանից ասում էր՝ «ես Ղարաբաղի անունից բանակցելու իրավունք չունեմ»։ Այսինքն՝ դա մարտահրավեր էր ոչ թե Ադրբեջանին, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին։ Այսինքն՝ ինքը սաբոտաժի էր ուզում ենթարկել այդ ամբողջ ձեւաչափը։ Ինքը խոսքից անցավ գործի, վիժեցրեց այդ գործընթացը։

2018 թվականի մայիսից մինչեւ 2020 թվականի սեպտեմբերն ինքը 6-7 անգամ հանդիպել է Ալիեւի հետ եւ ընդամենը մեկ անգամ է հանդիպել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով։ Այդ առանձին բանակցությունների փաստը փորձում էր կոծկել, թե դրանք բանակցություններ չեն, ընդամենը հանդիպում ու քննարկումներ էին։ Օրինակ՝ իր նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանն Աշխաբադի բանակցությունների մասին ասում էր՝ դրանք բանակցություններ չէին, ճաշի ժամանակ կողք կողքի նստած էին եւ 1,5-2 ժամ խոսել են։ Բայց 1,5ամ խոսելը բանակցային գործընթաց է։

Ինքը խոստովանեց, որ իր համար այդ բանակցությունները պատերազմական կոնվեյեր էր։ Մոտ 2 տարի առաջ Սերժ Սարգսյանը մի ձայնագրություն գաղտնազերծեց, որտեղ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «այս կոնվեյերից պետք է թռնել»։ Այսինքն՝ ինքը խոստովանում էր, որ խուսափել է բանակցություններից։ Իսկ երբ բանակցությունները վերջանում են, սկսվում է պատերազմը։

Պատերազմի կառավարման հարցում իր մեղքը կա, բարդակ էր։ Մեղադրում է բոլոր գեներալներին անխտիր, որոնց, ի դեպ, ինքն էր նշանակել։ Կադրային բոլոր նշանակումներն ինքն էր արել՝ Գլխավոր շտաբի պետ, Պաշտպանության բանակի հրամանատար, կորպուսների հրամանատարներ, Սահմանապահ զորքերի հրամանատար, պաշտպանության նախարար։ Եթե այդ մարդիկ մեղավոր են, գլխավոր մեղավորն ինքն է, որովհետեւ կադրային նշանակումներն ինքն է անում։ Որպես գերագույն գլխավոր հրամանատար՝ ինքն իր տեղում չի գտնվել, կոմպետենտ չի եղել։

Վաղը մեր երկիրը դարձյալ կարող է պատերազմի առաջ կանգնել, այս մարդը մեկ անգամ ձախողել է, երկրորդ անգամ այս երկիրը նման ճոխություն իրեն թույլ տալ չի կարող, որ այս մարդը նորից դառնա գերագույն գլխավոր հրամանատար։

Ստեր, մանիպուլյացիաներ, հայտնի փաստերի աղավաղում, հայտնի փաստերի ներկայացում զուտ ադրբեջանական դիրքերից։ Օրինակ՝ ինքը հղում է կատարում Ալմաթիի հռչակագրի վրա ու ասում, որ այդ հռչակագրով ԽՍՀՄ նախկին հանրապետությունների վարչական սահմանները դարձան պետական սահմաններ։ Դա զուտ ադրբեջանական թեզ է, որը 2008 թվականի դեկտեմբերի 29-ին ներկայացվել է ՄԱԿ-ին ուղարկված նամակում։

Կա ավելի մտահոգիչ փաստ՝ ինչո՞ւ հանկարծ ինքը որոշեց այս օրերին նման շոու կազմակերպել։ Ես կարծում եմ՝ մեղավորներ կարգելու նպատակն այն է, որ ինքը հավանաբար պատրաստվում է մի ծանր փաստաթուղթ ստորագրել։ Եվ որպեսզի ցույց տա, որ ինքը ճար չուներ, ստիպված էր, դարձյալ բոլոր մեղքերը բարդում է գեներալների վրա, միջազգային հանրության, միջնորդների վրա, բնական եւ գերբնական ուժերի վրա։

-Բայց ընդդիմությունը չի մասնակցում նման քննարկումներին, չի հակադարձում այս թեզերին, ինչո՞ւ։

-Նախ այս հանձնաժողովը ստեղծվեց ոչ թե որպեսզի ճշմարտությունը բացահայտվի, այլ որպեսզի Փաշինյանը կարողանա մաքրվել բոլոր մեղադրանքներից։ Սա մեղադրանքներից օտարման գործընթաց է, հանձնաժողովի բուն աշխատանքը ճշմարտությունը բացահայտելու նպատակ չունի։

Երկրորդ, դրանից մի քանի օր առաջ բյուջեի կատարողականի ներկայացումն էր։ Եթե Փաշինյանն իրոք ցանկանար հարցերի պատասխանել, ինքը ոչ թե ելույթով հանդես կգար, այլ զեկույցով, որովհետեւ զեկույց ներկայացնողին հարցեր տալու իրավունք կա։ Ինքը դա չարեց, գիտակցաբար հրաժարվեց հարցերին պատասխանելու ձեւաչափից։ Օրինակ՝ ես իրեն հարց տվեցի, ասացի՝ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ ձեր կաբինետի նախարարն ասում է՝ այսինչ մարդն իրավունք չուներ պարգեւատրում ստանալու, բայց արժանի էր, դրա համար ես պարգեւատրեցի։ Դարձյալ որեւէ պատասխան չկար։

Բազմաթիվ առիթներով ուղիղ հարցեր ենք տալիս, եւ ինքը խուսանավում է, ԱԺ նախագահողների թեթեւ ձեռքով չարաշահում է ընթացակարգը՝ իրեն հատկացրած պատասխանի ժամանակը գերազանցում է եւ ասում է այն, ինչ ինքն ուզում է։

Ինքն ընդհանրապես անգերազանցելի մի ձիրք ունի՝ չպատասխանել հարցերին, որոնք իրեն տալիս են եւ պատասխանել այն հարցրերին, որոնք իրեն չեն տալիս։ Այս ֆորմատով, այս նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելն արդյունավետ չէր լինի։ Ավելին, հետո կասեին՝ դե ընդդիմությունն էլ է մասնակցել, ուրեմն լեգիտիմ են մեր բոլոր եզրահանգումները։ Իսկ եզրահանգումները գրվել են ավելի շուտ, քան հանձնաժողովը ձեւավորվել էր։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930