Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը խոստումներ է տվել, որ շատ արագ պետք է հանձնի Արցախը, բայց արցախցիները խառնել են նրա ու Ալիեւի խաղաքարտերը»․ Սոֆյա Հովսեփյան

Հունիս 30,2023 18:06

«Առավոտ»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը

Տիկին Հովսեփյան, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններն ինչպե՞ս եք գնահատում։ Կան մեկնաբանություններ, որ նա պատերազմի հարցում մեղադրում է բոլորին, բացի իրենից։

-Իրականում արդեն շուրջ 3 տարի է՝ իրենք այդպես են գործում։ Եթե հիշում եք, ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներն ամբողջությամբ փակ են եղել, եւ դա է օրենքի թելադրանքը։ Իսկ այս պարագայում իբր թե բաց անցկացվեց, բայց կոնկրետ ուղերձներ հղվեցին, եւ հերթական շոուն արեցին՝ երկիրը ցնցումների մեջ գցելու, մարդկանց բուն նպատակից շեղելու եւ քննիչ հանձնաժողովի գործունեությունն առ ոչինչ ճանաչելու նպատակով։ Իրենք հերթական անգամ հասան իրենց ուզածին՝ ժողովուրդը նստեց լսեց նրան, քննարկեց հայտարարությունները, ի պատասխան խոսեցին ԳՇ նախկին պետը, պետի նախկին տեղակալը։ Այսինքն՝ ինքը դաշտ շպրտեց իր անմարդկային թեզերը, այն բոլոր հորինվածքները, որոնք այս երեք տարիների ընթացքում հորինում ու արտանետում է միջավայր։ Եվ այդ արտաթորանքը դարձավ քննարկման թեմա, եւ առ ոչինչ ճանաչվեց այդ քննիչ հանձնաժողովի գոյությունը։ Իր նպատակը սա էր։

Դեռեւս 2020 թվականից է ինքը փորձում ապացուցել, որ պատերազմի հարցում մեղավոր չէ։ Եթե հիշում եք, 2020 թվականի նոյեմբերի 14-ին Օնիկ Գասպարյանը հանդես եկավ հայտարարությամբ, ասաց, որ մեղքերի մի մասն իրենն է, որ իրենք ասել են, որ պետք է կանգնեցվի պատերազմը, որ Նիկոլ Փաշինյանը փորձել է այս անել, այն անել։ Այսինքն՝ այդ շոուն, բոլորին մեղավոր դարձնելու եւ սեփական կաշին ու մորթին փրկելու հակումն ինքն ունեցել է մշտապես։ Եվ 2020 թվականից ինքն այդպես է գործում՝ բոլորը մեղավոր են, բացի իրենից։ Բոլորը դավաճան են, բացի իրենից ու իր կնոջից։ Բոլորը դասալիք են, բացի իրենց ընտանիքից, բոլորը փախնում էին, Աշոտիկը կռվում էր։ Մենք չպետք է զարմանանք իր խոսքի որակի վրա։ Ինքն այնքան է արժեզրկել ամեն ինչ, որ մենք պետք է դա գիտակցենք ու չքննարկենք։ Բայց ցավալին այն է, որ եթե անգամ գիտակցում ենք ու չենք քննարկում, բայց ինքը համարվելով երկրի առաջին դեմքը՝ այդ ուղերձները նաեւ շպրտում է թշնամի պետությանը՝ նրանց խաղարկելու հնարավորություն տալով։ Այսինքն՝ ինքն այստեղից այդ ուղերձը տալիս է, այնտեղից այդ ուղերձը վերցնում, զարգացնում ու ի վնաս մեզ օգտագործում են։ Եվ ինքը չի զլանում դա ամեն անգամ անել, ինքը չի զլանում սեփական ժողովրդին թուլացնել, արժեզրկել, որակազրկել։

Այս պահին Սոթքի հատվածում, Նախիջեւանում, այլ հատվածներում հսկայական ծավալի թշնամական զորքերի կուտակումներ են, նրանք զորավարժություններ են անում։ Երկրի ղեկավարի թիվ մեկ խնդիրը պետք է լինի բանակը տեսքի բերելը, ինքնապաշտպանություն ապահովելը, ոչ թե բանակը վերջնական ամլացնելը։ Նոր սերունդ է մտնում բանակ, ինքը դրանց էլ է ամլացնում ու ոչնչացնում, իր ամբողջ գործունեությունը սա է, եւ մենք այդ խաղի մեջ ենք մտել, դարձել ենք խաղացողներից մեկը։

-Արցախի շրջափակումը խորանում է, արցախցիները վերահաստատում են, որ իրենք համար կարմիր գիծ է Ադրբեջանի կազմում չլինելը։ Դուք տեւական ժամանակ Արցախում էիք, ի՞նչ տրամադրություններ են։

-Այո, ակնհայտ է, որ թե Ադրբեջանը, թե Փաշինյանն այս օղակը սեղմում են հանուն նրա, որ արցախցին ինչ-որ մի պահի կանգնի ու ասի՝ համաձայն եմ դուրս գալ, վերցրեք Արցախը ձեզ։ Բայց իրենք տեսնում են, որ դա ուղղակի հնարավոր չէ՝ ինչքան իրենք օղակը սեղմում են, այնքան արցախցին պինդ կանգնում ասում է՝ ինձ չես կարող իմ տանից հանել, սա իմ հայրենիքն է։ Եվ սա նրանց ամբողջ հաշվարկները խառնել է։ Իրենք ակնկալում էին, որ դա պետք է լիներ մինչեւ դեկտեմբերի վերջ, այսինքն՝ նոր տարվա սկզբին արդեն Ադրբեջանը պետք է մտներ Ստեփանակերտ, իր դրոշը դներ։ Բայց, ի հակառակ իրենց, արդեն 200 օրից ավելի է տեւում շրջափակումը, եւ արցախցին որեւէ կերպ չի նահանջում։ Փորձեցին տոտալ շրջափակում իրականացնել՝ ապրիլի 23-ից ամբողջական շրջափակման մեջ են Շուշիի շրջանի 4 գյուղերը, արդեն քանի օր է՝ Ստեփանակերտ հումանիտար բեռներ չեն մտնում, ներքին խուժանի միջոցով արհեստական խնդիրներ են առաջացնում, խուճապային տրամադրություններ են ստեղծում, որ հաց չի լինելու, բայց արցախցին շատ հնարամիտ է։ Անգամ դեկտեմբեր ամսին, երբ չկար բանջարեղեն, այլ սննդամթերք, լուծում էին գտնում, ինչն ինձ համար զարմանալի էր։ Ես, լինելով գյուղում ծնված ու մեծացած մարդ, ավելի արագ չէի կողմնորոշվում, թե ինչպես գտնել լուծումներ, քան յուրաքանչյուր արցախցի։ Եվ այնտեղ ես սովորեցի մի բան, որ ցանկացած պարագայում հնարավոր է լուծումներ ունենալ։ Եթե կա նպատակ ու գաղափար, այդ գաղափարին դու կարող ես հասնել քո հնարամտության արդյունքում։ Արցախցին այդ հնարամիտն է, եւ Նիկոլ Փաշինյանի հոգեխախտման պատճառներից մեկը հենց դա է։ Ինքը խոստումներ է տվել, որ շատ արագ պետք է հանձնի Արցախը, բայց հակառակն է ստացվում։ Արդյունքում՝ իրենց խաղաքարտերը խառնվել են։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ   

Լուսանկարը՝ Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930