Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ժամանակը հետ պտտեի, կանեի նույնը։ Զղջման մասին որևէ խոսք լինել չի կարող»․ Նարեկ Մալյանի «վերջին խոսքը»՝ դատարանում

Հունիս 30,2023 17:37

«Անկեղծ ասած՝ վերջին խոսք տխուր է հնչում։ Տպավորություն է, որ վերջին խոսքից հետո մարդը հանձնվում է։ Ես ուրախ մարդ եմ, ես լռելու և հանձնվելու որևէ միտք չունեմ։ Ինչ արել եմ՝ լավ եմ արել։ Մեկ վայրկյան չեմ փոշմանել։ Եթե ժամանակը հետ պտտեի, կանեի նույնը։ Զղջման մասին որևէ խոսք լինել չի կարող»,- դատարանի դահլիճում «Չաուշեսկուի» գործ անվանումը ստացած գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց «Վետօ» նախաձեռնության հիմնադիր, ոստիկանության պետի նախկին խորհրդական, մեղադրյալ Նարեկ Մալյանը։

Ըստ նրա՝ «իր տարբեր հայտարարություններ այնքան են նեղել «լիբերալ-ֆաշիստական գործակալներին», որ, ընդհանուր առմամբ, դրանց վերաբերյալ հարուցվել է 7 քրեական գործ, որից չորսը կարճվել, երեք միացվելով՝ ուղարկվել են այս դատարան․ «Իմ նկատմամբ քրեական հետապնդումների թագն ու պսակը Ռումինիայի սոցիալիստական հանրապետության ղեկավար, լուսահոգի Նիկոլաե Չաուշեսկուի, որին մտերմիկ ասում եմ՝ Նիկոլ Չաուշեսկու, և նրա կնոջ մահապատժի մասին ֆուտուրիստական՝ ապագային միտված ներկայացման բեմադրությունն էր։ Ներկայացումը կոչվում էր «Չաուշեսկուների մահապատիժը, կամ մահ դավաճաններին»։ Այն նախատեսված էր ցուցադրել 2021-ի փետրվարի 21-ին Ազատության հրապարակում, սակայն ինձ այդ օրն իմ տան մոտակայքից առևանգեցին քաղաքացիական հագուստով ոստիկաններ։ Ինձ թափանցիկ ակնարկեցին, որ իշխանական ընտանիքը խիստ անհանգստացած է իմ ներկայացումով»։

Նարեկ Մալյանը նշեց, որ ազատություն ստանալով՝ 2021-ի փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում ներկայացումը ցուցադրվել է, որից հետո իր դեմ հարուցվել է քրեական գործ․ «Տարակուսելի է, թե ինչու է «մահ դավաճաններին» վերնագրից անհանգստացած իշխանական ընտանիքը։ Ինչո՞ւ դատավորը, դատախազը կամ այս դահլիճում որևէ մեկը չի նեղվել այդ արտահայտությունից։ ՀՀ-ում մահ դավաճաններին արտահայտությունից նեղվել է մեկ մարդ, և նա Նիկոլ Փաշինյանն է։ Անհասկանալի է, թե ինչ էին ակնկալում ինձնից լսել՝ կյա՞նք դավաճաններին, փա՞ռք դավաճաններին, ապրե՞ն դավաճանները։ Ինձ դատում են իշխանության նկատմամբ խմբակային ատելության քարոզի համար։ Միայն ինձ դատում են խմբակային արարքի համար։ Քրեական գործով որևէ այլ մեղադրյալ չկա։ Ստացվում է՝ ես խումբ եմ։ Իրականում այդ հոդվածը դրվել է Նիկոլ Փաշինյանի պատվերով՝ նպատակ ունենալով արհեստականորեն ծանրացնել իմ պատիժը»։

Նարեկ Մալյանը, եզրափակելով՝ նշեց, որ իր վերջին խոսքում այդ իրավունքն ունի և շնորհավորեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա կապակցությամբ։

Դատաքննությունն ավարտվեց։ Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930