Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացուն ոստիկանությունում ծեծել են, ականջի թաղանթը վնասել, դեմքն այրել ծխախոտով, դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է. Կարեն Ալավերդյան

Հունիս 30,2023 16:38

«Փաստաբանի գործունեությունը Հայաստանում վտանգված է»,- այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի կազմակերպած քննարկմանը հայտարարեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը:

 


Հիշեցնենք, որ օրերս փաստաբան Կարեն Ալավերդյանը ահազանգել էր, որ 2023-ի հունիսի 7-ին իր պաշտպանյալի հետ հանգիստ քայլել են դատարանի դիմացի մայթով, երբ իրենց են մոտեցել 20-30 եւ ավելի ոստիկանության ծառայողներ՝ Կենտրոնի և Էրեբունու բաժնից, պարեկային ծառայությունից ու հրավիրել են ոստիկանական բաժին:

Կամավոր նստել է պարեկային ծառայողների ծառայողական մեքենա, փաստաբանն էլ մինչեւ հասել է ոստիկանության բաժնի աշխատասենյակ, ներսից լսել է պաշտպանյալի բղավոցները եւ իրեն չհարվածելու պահանջները. «Բացեցի աշխատասենյակի դուռը եւ հայտնաբերեցի պաշտպանյալիս բերանի վրա գետնին ընկած, ձեռնաշղթաները հետևից ամրացված։ Ոստիկանության 5-6 ծառայողների միաժամանակ հարվածներ էին հասցնում նրա մարմնի, գլխի տարբեր հատվածներին՝ որեւէ խտրականություն չդնելով իրենց գործողությունների մեջ։ Արձագանքել եմ, մոտեցել եմ, պաշտպանյալիս բարձրացրել եմ գետնից, կանգնել եմ նրա դիմաց, արգելել եմ ոստիկանության ծառայողներին մոտենալ»,- պատմել էր փաստաբանը, որին նույնպես ձերբակալել էին ու 6 ժամ պահել:


Այսօր ԱԺ-ում քննարկմանը Կարեն Ալավերդյանը ներկայացրեց դեպքի հանգամանքները եւ գործի ընթացքի վերաբերյալ որոշ մանրամասներ. «Նախ, քաղաքացին հրավիրվել է ոստիկանության բաժին՝ առանց ձերբակալվելու մասին ծանուցման, որտեղ ենթարկվել է բռնության, ծեծուջարդի: Գործի ընթացքի հետ կապված՝ ամեն ինչ այնքան լավ չէ, ինչքան կցանկանայինք, սակայն դրական տեղաշարժ նկատվում է: Գլխավոր դատախազի որոշմամբ նախաքննությունը ԱԱԾ գլխավոր վարչությանն է հանձնվել, կանչել են հարցաքննության, ցուցմունքի: Կարեւոր առաջընթաց է այն, որ ստացել ենք քաղաքացու վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, բոլոր այն տվյալները, որոնք մամուլի ասուլիսում ասել էինք, ներկայացրել էինք, նրա նկատմամբ կատարված բոլոր գործողությունները դատաբժշկական գիտելիքների տեսանկյունից հաստատվել են, նրա մարմնի վրա առկա վնասվածքները համապատասխանում են նրա վկայակոչած գործողություններին»:

Հարցին՝ ականջի թաղանթի վնասումը, դեմքի այրվածքը ծխախոտով,դա նույնպե՞ս հաստատվել է՝ նա վստահեցրեց, որ այո, բոլորը հաստատվել են, չի առաջացել անգամ փոքր հակասություն:

Ուշագրավ է, որ այսօրվա ԱԺ քննարկմանը հրավիրված են եղել ներկայացուցիչներ նաեւ դատախազությունից, ՆԳՆ-ից, բայց չէին եկել:

Ոչ միայն բացակայում էին իրավասու պետական մարմինների պաշտոնյաները, այլ նաեւ պատգամավորները: Ինչպես նշեց հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, երեք խմբակցությունների ներկայացուցիչներն էլ հրավիրված են եղել, բայց մասնակցում էր միայն «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930