Լրահոս
Օրվա լրահոսը

«Անպատժելիության մթնոլորտ կարող է ստեղծել». Փաստաբանների պալատը դեմ է քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին

Հունիս 30,2023 15:49

Շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածն առաջարկվում է լրացնել 1.1 մասով, հետևյալ բովանդակությամբ․

«1.1 Եթե անձի առաջին անգամ կատարած հանցանքը դասվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների շարքին, ապա հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, նա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը: Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը»:

Նախագծի հիմնավորումները հատկապես կառուցված են նախաքննական մարմինների ծանրաբեռնվածության և օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու ինստիտուտի վրա։

Նշված հիմնավորումներով ոչ միայն չի արդարացվում օրենսդրական նման փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը, այլ նաև դրանք խնդրահարույց են հետևյալ պատճառաբանությամբ․

Ակնհայտ է, որ քննարկվող հիմքով մինչդատական վարույթում պատասխանատվությունից կարող է ազատել դատախազը, ինչը նշանակում է, որ նշված գործընթացը դուրս է մնալու դատական որևէ երաշխիքից և դառնալու է անվերահսկելի։ Ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով քրեական վարույթի հանրային մասնակցին քրեական հետապնդումը դադարեցնելու նման հայեցողական լիազորությամբ օժտելը ոչ միայն կարող է ստեղծել անպատժելիության մթնոլորտ, այլ նաև կարող է ունենալ կոռուպցիոն ռիսկեր։

Նախաքննական մարմինների ծանրաբեռնվածությունը որևէ պարագայում չի կարող արդարացված հիմք լինել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններով գործուն զղջալու ինստիտուտը կիրառելու համար, հատկապես հաշվի առնելով այն, որ անձը կարող է նման միջնորդություն հարուցել դատարանում, ինչը որևէ կերպ չի թոթափի վկայակոչված ծանրաբեռնվածությունը։

Հարկ է նաև նշել, որ գործուն զղջալու հիմքով ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց պատասխանատվությունից ազատելու առաջարկվող կարգավորումը հետադարձ ուժով կիրառման է ենթակա նաև մինչ նշված փոփոխությունը ուժի մեջ մտնելը հանցանք կատարած անձանց վրա։ Այսինքն, նշված հիմքով պատասխանատվությունից ազատվելու շրջանակն ընդգրկելու է նաև զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցանք կատարած անձանց։

Ինչ վերաբերում է օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու ինստիտուտի հետ զուգահեռներ անցկացնելուն, ապա հարկ է նշել, որ այն նախատեսված է պատիժ նշանակելու գլխում և ենթադրում է պատժի նշանակում, որը անձը պետք է կրի, մինչդեռ գործուն զղջալու ինստիտուտը ենթադրում է պատասխանատվությունից ազատում, ինչի արդյունքում անձը չի ենթարկվելու քրեաիրավական որևէ ներգործության։ Հետևապես, զուգահեռը տեղին չէ այն իմաստով, որ այդ ինստիտուտները նախատեսված են տարբեր գլուխներում և դրանց քրեաիրավական հետևանքները տարբեր են։

ԳՏՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՆՇՎԱԾ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՌԿԱ ՔՐԵԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԼՐՋԱԳՈՒՅՆ ՎՆԱՍ ՀԱՍՑՆԵԼ, ՀԱՏԿԱՊԵՍ ԱՅՆ ՀԱՇՎԱՌՄԱՄԲ, ՈՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՏՎՅԱԼ ՏԵՍԱԿԸ՝ ԲԱՑԱՐՁԱԿ ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ Է։

Այն հնարավորություն է ընձեռելու անվերահսկելի և ստվերային քաղաքականություն վարել ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած անձանց պատասխանատվությունից ազատելու հարցում (Օրինակ՝ սպանություն, պետական դավաճանություն, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձանց նկատմամբ)։

Հարկ է նաև նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի ներկայիս կարգավորումներում սահմանված են պատժից ազատելու տեսակներ, որոնք արտահայտվում են դատապարտյալի վրա որոշակի պարտականությունների սահմանմամբ, ինչն էլ անշուշտ զուգորդվում է վերջինիս իրավունքների սահմանափակմամբ (ՀՀ քրեական օրենսգրքի գլուխ 13)։ Հետևապես, դատարանը անհրաժեշտ հիմքերի առկայության պայմաններում կարող է կիրառել դրանցից ցանկացածը։

Վերոգրյալն ամփոփելով ՀՀ փաստաբանների պալատը դեմ է վերոհիշյալ նախագծին:

Փաստաբանների պալատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930