Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալեն Սիմոնյանի պատիվն ու արժանապատվությունը ես չեմ գողացել, այն վերադարձնելու հնարավորություն օբյեկտիվորեն չունեմ»․ Աննա Մկրտչյան

Հունիս 30,2023 15:41

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրում այսօր շարունակվեց «Ալեն Սիմոնյանն ընդդեմ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի» գործով հերթական դատական նիստը։ Ալեն Սիմոնյանի ներկայացուցիչների միջնորդության հիման վրա լրատվամիջոցներին թույլ չտվեցին տեսանկարահանել դատական նիստը։ Այսօրվա նիստում Աննա Մկրտչյանը նշել է, որ պատրաստվում է բացարկի միջնորդություն ներկայացնել դատավորին։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դատարան հայց է ներկայացրել  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի դեմ՝ պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջով։ Հայցի առիթը նախորդ տարվա նոյեմբերի 3-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Աննա Մկրտչյանի կողմից արված արտահայտություններն են: Աննա Մկրտչյանի այդ ուղիղ եթերը վերնագրված էր՝ «Ալենի շնորհակալությունը, Նիկոլի Սոչին և այլն»: Ալեն Սիմոնյանը՝ որպես իր պատվին ու արժանապատվությանը հասցված վնաս, Աննա Մկրտչյանից պահանջում է 500 000 դրամ գումար, ներողություն և հերքում:

Աննա Մկրտչյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատական իշխանությունը Հայաստանում մյուս բոլոր ոլորտների հետ միասին զավթված է։ «Եվ զավթած կողմը չի կարող պաշտպանել օրենքը, օրինականությունը, հանրային գերակա շահը։ Ակնհայտ է, որ այն քաղաքական թիմը, որը հայտարարում է՝ «Էդ ո՞ր վնգստացող դատավորն է, որ իմ ասածը պետք է չանի, էդ ո՞ր դատավորն է, որը մտածում է, որ օրինական որոշում պետք է կայացնի ու օրինական պատասխանատվության չենթարկվի», պետք չէ մտածել, որ իրենք պետք է ապահովեն դատաքննության լրիվությունը, օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունը»,- ասաց նա։

Աննա Մկրտչյանը հավելեց․ «Որոշ ժամանակ առաջ Ալեն Սիմոնյանի պատիվն ու արժանապատվությունը դուրս են եկել անհայտ ու ուղղությամբ ու չեն վերադարձել իր մոտ, կարծում է, որ դա ես եմ գողացել։ Հայտարարում եմ, որ ես չեմ գողացել, այն վերադարձնելու հնարավորություն օբյեկտիվորեն չունեմ»։

Աննա Մկրտչյանը նշեց, որ Ալեն Սիմոնյանին պաշտպանում են AM փաստաբանական ընկերության փաստաբանները, իսկ այս ընկերությունը շատ սերտ կապ ունի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի եւ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հետ։ «Կարծեմ եմ՝ այս հանգամանքը կաշկանդում է ինչպես դատարանին, այնպես էլ ցանկացած այլ անձի, ով կցանկանա ներգրավվել այս գործին եւ բացահայտել օբյեկտիվ իրողությունները»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով այլ եւ իր դատական գործերով Ալեն Սիմոնյանի պահանջած փոխհատուցումներին՝ Աննա Մկրտչյանն ասաց․ «Երեւի էլի Բալի է ուզում, գնալ, քանի որ պետբյուջեի հաշվին այցի շուխուռն անցած անգամ շատ էր, այս անգամ երեւի մեր հաշվին պիտի գնա։ Բայց եկեք ես չֆինանսավորեմ այս անգամ իրեն»։

«Ես կարող եմ ասել, թե որտեղ է մնացել իրենց պատիվն ու արժանապատվությունը։ Օրինակ՝ 2018 թվականին մնացել է այն դագաղների տակ, որոնք իրենք փողոց էին հանում՝ Հայաստանում իշխանափոխությունը կազմակերպելու համար։ Դրանից հետո Հայաստանի քաղաքացիների ազատությունները, այդ թվում՝ պատիվն ու արժանապատվությունը մնացին Նիկոլի կեղծ ժողովրդավարության խոսքերի փլատակների տակ։ Եվ հիմա Հայաստանում այն «բեզպրիդելն» է, որում մենք բոլորս ապրում ենք եւ այս նիստերի դահլիճում էլ տեսանք»,- ասաց պատգամավորը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930